Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԼԵՆՏԻՆԸ «ՓՉԱՑՆՈ՞ՒՄ» Է

Փետրվար 15,2011 00:00

Մոտավորապես 16 դար գոյություն ունի Սբ. Վալենտինի տոնը եւ 4 դար այն պաշտոնապես նշվում է աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես՝ արեւմուտքում: Իսկ արաբական աշխարհ այս տոնը ներթափանցել է վերջերս՝ երիտասարդների շնորհիվ:
Նշեմ, որ Սուրբ Վալենտինի տոնի արմատները ծագում են դեռեւս հեթանոսական ժամանակներից: Հեթանոս հռոմեացիների մոտ գոյություն ուներ Սիրո տոն, որը նրանք նշում էին փետրվարի 14-ին: Ներկայիս Սուրբ Վալենտինի տոնը ծագել է հռոմեացի կայսր Կլավդիոսի ժամանակներից: Կայսրը սահմանափակումներ էր մտցրել ամուսնության ոլորտում, որովհետեւ շատ երիտասարդներ ամուսնանում էին զինվորական ծառայությունից ազատվելու համար: Քրիստոնյա հոգեւորական Վալենտինը անտեսեց այդ օրենքը եւ գաղտնի ամուսնություններ անցկացրեց, ինչի արդյունքում նրան ձերբակալեցին, մահապատժի ենթարկեցին: Հետագայում՝ 469 թվին, Գելասիուս կայսրը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր, ինչը եւ հնարավորություն տվեց հեթանոսական տոնը փոխարինել քրիստոնեականով:
Վալենտինի տոնը ոչ մի կերպ չի հանդուրժվում իսլամական աշխարհի կողմից, ավելին՝ այն համարվում է «այլասերվածների տոն»: Այդ պատճառով մի շարք արաբական երկրներում այս տոնին բացասաբար են վերաբերվում, բացի դրանից՝ անթույլատրելի համարում, որպեսզի արեւմուտքի սովորույթները ներթափանցեն արաբական աշխարհ:
Սաուդյան Արաբիայում պաշտոնապես է արգելված Սուրբ Վալենտինի տոնի նշումը: Այստեղ ոչ միայն արգելվել է տոնը, նաեւ մեծ տուգանքներ սահմանվել օրենքը խախտողների համար: Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայում արգելվում է վաճառել սրտիկներ, սիրային բացիկներ, այսինքն՝ այն, ինչ խորհրդանշում է այս տոնը: Այդ պատճառով էլ Սաուդյան Արաբիայի շատ բնակիչներ տոնը գաղտնի նշում են մի քանի օր առաջ, իսկ մի մասն էլ այդ օրվա համար անգամ երկրից է դուրս գալիս՝ ուրիշ տեղ նշելու: Սաուդյան Արաբիայի «Առաքինության ներդրման եւ մեղքի կանխարգելման կոմիտեի» ներկայացուցիչները կարծում են, որ Վալենտինի օրը նշելու այս քայքայիչ արեւմտյան սովորույթները «փչացնում» են նոր սերնդին: Ի դեպ, բացի Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ի մի քանի էմիրություններ եւս արգելել են նշել այդ տոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել