«Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում WBA վարկածով աշխարհի չեմպիոն՝ ամերիկացի Անդրե Ուորդի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվող Արթուր Աբրահամի միջանկյալ մենամարտը Ստեպան Բոժիչի հետ չծառայեց նպատակին: Աբրահամը նպատակ ուներ դրանով վերականգնել ինքնավստահությունը ռինգում եւ մարզիչ Ուլի Վեգների հետ մշակած մարտավարման նոր տակտիկան փորձարկել: Սակայն փետրվարի 12-ին Աբրահամ-Բոժիչ մենամարտն ավարտվեց, կարելի է ասել, դեռ չսկսված: Երկրորդ ռաունդում, երբ բռնցքամարտիկները ռինգում անցկացրել էին ընդամենը չորս րոպե, Բոժիչի հարվածը հանդիպեց Աբրահամի պաշտպանական պատնեշին, որի հետեւանքով խորվաթ բռնցքամարտիկի ձեռքը վնասվեց: Եվ քանի որ նա այլեւս ի վիճակի չէր պայքարը շարունակել, ռեֆերի Դանիել Վան դե Վեյլը Բոժիչին տեխնիկական պարտություն գրանցեց: Ինչ խոսք, այդպես ավելացավ Արթուր Աբրահամի՝ ժամանակից շուտ տարած հաղթանակների քանակը: Բայց դա միայն վիճակագրության համար է, իսկ Աբրահամի եւ նրա մարզչի ծրագրերն այդպես էլ չիրականացան, եւ հայ բռնցքամարտիկը հարկադրված է մայիսին կայանալիք իր մարզական կարիերայի համար ճակատագրական նշանակություն ունեցող մենամարտին նախապատրաստվել միայն մարզումներով:
Նույն օրը հաղթանակ գրանցվեց նույնպես Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր մեկ այլ հայրենակցի՝ գերծանր քաշային Կարո Մուրադի հաշվին: Նա 10 ռաունդանոց մարտում մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթեց Քրիստիան Կրուզին: Հիշեցնենք, որ նախորդ մարտում Մուրադը Նաթան Քլեվերլիից կրել էր պրոֆեսիոնալ ռինգում իր միակ պարտությունը: