Մոսկվայի «Իզմայլովո» տուրիստական համալիրի «Գամմա-Դելտա» հյուրանոցային մասնաշենքում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» միջազգային փառատոնը, որտեղ, պարզապես, հիացնում են «C» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստները: Խաղացված վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են մեր տղաները: Ընդամենը կես միավոր են կորցրել Արթուր Ղարագյոզյանն ու Տիգրան Սիմոնյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով էլ նույն հերթականությամբ բաժանում են 1-2-րդ տեղերը: Նրանց հետեւում է իր անվան դիմաց 5,0 միավոր գրանցած Դավիթ Շահինյանը:
Առայժմ իրենց լավագույն կողմերով են դրսեւորում նաեւ Արամ Պլուզյանը, Վարդան Խոջայանը, Սարգիս Մանուկյանը: Նրանք բոլորն էլ վաստակել են 4,5-ական միավոր եւ, համապատասխանաբար, ընթանում են 9-րդ, 10-րդ եւ 12-րդ հորիզոնականներում: Առջեւում մնացել է երեք տուր եւ մերոնց համար ստեղծվել է մի այնպիսի իրադրություն, որ վերը նշված բոլոր շախմատիստներն էլ մրցաշարի ավարտին ամփոփիչ աղյուսակում մրցանակակիրների եռյակը կազմելու պայքարին մասնակից դառնալու գերազանց շանսեր ունեն: Մնում է, որ տղաները ճիշտ օգտվեն ընձեռված հնարավորությունից:
«B» խմբում վեց տուրից հետո 5,0-ական միավոր վաստակել է չորս հոգի, որոնց թվում է մեր հանրապետության ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Հենց նա էլ լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում: Շնորհաշատ մեր շախմատիստից, հաղթող ճանաչվելու համար, պահանջվում է մնացած երեք տուրում պահպանել մարտական ոգին: Մասնավորապես, երեկ 7-րդ տուրում Տիգրանը սեւերով խաղում էր երկրորդ հորիզոնականում ընթացող ֆիլիպինցի գրոսմայստեր Դարվին Լայլոյի հետ եւ, հասկանալի է, գրանցվելիք արդյունքից շատ բան էր կախված լինելու, թե ինչպե՞ս կդասավորվեր մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում ընթացող շախմատիստների ճակատագիրը:
Ինչ վերաբերում է ուժեղագույնների «A» խմբին, Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները, հավանաբար, մրցանակային տեղերի չեն հավակնի: Վեցերորդ տուրում մեր գրոսմայստերներից միակ, իսկ մրցաշարում՝ երկրորդ հաղթանակը տարավ Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Ավետիք Գրիգորյանը հերթական անգամ բավարարվեցին կես միավոր վաստակելով: Յոթերորդ տուրից առաջ Տիգրանը 3,5 միավորով 21-րդ տեղում էր, Մովսիսյանը նույնքան միավորով՝ 24-րդը, իսկ Գրիգորյանը (3,0)՝ 36-րդը: