Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց ամբարտակի՝ ջրերը նավը չեն բարձրացնի»

Փետրվար 15,2011 00:00

«Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի մեկնաբանությունները՝ տեղեկատվական հասարակության վերաբերյալ:

Այսօր էլեկտրոնային կամ տեղեկատվական հասարակություն արտահայտությունները, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, պահանջված են դարձել: Այդ մասին մեր երկրում էլ անընդհատ բարձրաձայնում են պատկան մարմինները, մեկը մյուսի  ետեւից հայեցակարգեր մշակում, վարկային միջոցներ ծախսում եւ այլն: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին էլ Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հաստատեց «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը, որով Հայաստանին հատկացվեց 24 մլն դրամ: Ծրագրին աջակցելու համար եւս 6 մլն էլ Հայաստանի կառավարությունը որոշեց տրամադրել: ՀԲ-ի հատկացրած միջոցների մի մասն ուղղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած եւ կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձեւավորման» (2010-2012թթ.) հայեցակարգի շրջանակում 100 Մբիթ/վ թողունակությամբ ազգային լայնաշերտ ցանցի կառուցմանը, «Թվային քաղաքացի», «Համակարգիչ բոլորի համար» ծրագրերին: Որքանո՞վ են այս քայլերը նպաստում Հայաստանում տեղեկատվական հասարակություն ունենալու տեսլականին, զարգացման ի՞նչ պայմաններ կան մեր երկրում: Այս եւ ոլորտին վերաբերող մի քանի հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց «Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի հետ, ով նախ պարզաբանեց, թե որտեղից է հայտնվել «տեղեկատվական հասարակություն» արտահայությունը: Նրա տեղեկացմամբ, 60-ական թվականներից՝ սկզբում Ճապոնիայում, հետո Արեւմուտքում հայտնված «տեղեկատվական հասարակություն» արտահայտությունը գիտնականներն էին օգտագործում, ավելի ուշ՝ 90-ականների կեսերից, նաեւ քաղաքական գործիչները: 2003-ին Ժնեւում տեղի ունեցավ ՄԱԿ-ի գագաթաժողովը, իսկ 2005-ին այն շարունակվեց Թունիսում, որտեղ էլ խոսվեց մինչեւ 2015 թվականը էլեկտրոնային հասարակություն ստեղծելու մասին:
Խորհրդանշական է, որ վերջին գագաթաժողովը Թունիսում ընդունեց Facebook- ի եւ Twitter-ի հարվածների տակ երկրից փախած այն նույն նախագահը, որը դեպքերի բերումով հրաժարական տվեց եւ տեղափոխվեց Սաուդյան Արաբիա: Ի դեպ, այս նույն նախագահն էր, որ ամեն ինչ արեց, որպեսզի Թունիսի գագաթաժողովում հրապարակայնորեն չհնչի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ, գագաթաժողովի ընդունած փաստաթղթերի տակ, ի թիվս այլ երկրների, նաեւ Հայաստանն է ստորագրել: Նա գտնում է՝ Հայաստանում ընդունված բոլոր՝ այդ թվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման», «Էլեկտրոնային հասարակության ձեւավորման» հայեցակարգերը զուրկ են ամբողջականությունից, ոչ մի կերպ չեն կապվում ազգի ռազմավարական ապագայի հետ, հայեցակարգերում իսպառ բացակայում է էլեկտրոնային բովանդակությունը. «Առայժմ բոլոր բառակապակցություններն օգտագործվում են առանց կոնտեքստի, առանց անցյալի եւ սեփական մշակույթի գիտակցության: Ի՞նչ ենք մենք ուզում, ո՞վ ենք եւ ո՞ւր ենք գնում: Մեզ մոտ ինչ-որ թուղթ է ընդունվել, որ Հայաստանում պետք է ավելանա ինտերնետի օգտագործումը, ստեղծվեն հազարավոր ընկերություններ եւ այլն: Եթե անգամ այդ գրածը իրականանա, դա մեզ ի՞նչ է տալու: Եթե հիմա ինտերնետը Հայաստանում 1000 անգամ արագացավ, մենք արտադրո՞ղ ազգ ենք լինելու, թե՞ սպառող: Քանի դեռ մեր երկրի՝ սպառող տնտեսության այս վիճակը կա, դառնալու ենք էլ ավելի սպառող հասարակություն, որն ուղղակի տարրալուծվելու է, որովհետեւ դրսից տեղեկատվության հեղեղը գալու է, բայց չես հասկանալու՝ ի՞նչ անես, որովհետեւ ոչ մի ամբարտակ չես կառուցում, չես ուզում, որ ջրերը քո նավը բարձրացնեն»: Ըստ Գ. Չուգասզյանի, այս իմաստով մեր «Էլեկտրոնային հասարակության ձեւավորման» հայեցակարգում էլեկտրոնային բովանդակությանն այնքան չնչին տեղ է հատկացված, որ այն կոչել հայեցակարգ եւ դրա վրա 30 մլն դոլար ծախսել՝ անիմաստ է. «Դա կիսատ-պռատ, բազմաթիվ թերություններով հայեցակարգ է, չունի ռազմավարական ոչ մի արժեք, չի համապատասխանում թեկուզ Հայաստանի անվտանգության՝ բազմաթիվ թերություններ ունեցող հայեցակարգին, որից պետք է բխեր»:
Հետաքրքրվեցինք, արդյո՞ք մասնագետներ չեն աշխատել հայեցակարգի մշակման վրա: «Այն քննադատությունը, որ մասնագետներն արել են եւ անում են, չի ընդունվում, չի ներառվում այն փաստաթղթերի եւ այն պրակտիկայի մեջ, որն իրականացվում է Հայաստանում»,- պատասխանեց նա: Գ. Չուգասզյանը գտնում է, որ ինտերնետն արագացնելու համար, ենթակառուցվածքներ ստեղծելուն զուգահեռ, պետք էր ուշադրություն դարձնել տեղական ծրագրերի — բովանդակության արտադրության խթանմանը, կրթական նոր միջավայրերի ստեղծմանը եւ դրանցում նոր ձեւով կրթության կազմակերպման հարցերին. «Համաշխարհային լավագույն փորձը մեր իրականության մեջ պատվաստելու փոխարեն՝ ենթակառուցվածքներ ենք ստեղծում, էլեկտրոնային կառավարում մտցնում, բայց ի՞նչն ենք կառավարում՝ հասկանալի չէ: Եթե կառավարումը՝ որպես այդպիսին, մեզ մոտ այդքան անորակ է, էլեկտրոնայինը ո՞նց պետք է դա լավացնի»: Նա, օրինակ բերելով Հայաստանի նման ոչ հարուստ Ուրուգվայը, որ մեկուկես տարվա ընթացքում բոլոր երեխաներին համակարգիչներով ապահովեց, նշում է, որ մեզ նույնի համար ընդամենը 2 տարի էր անհրաժեշտ: Մեր զրուցակիցը, սակայն, հույս չունի, որ հայկական «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի արագություններով գոնե մինչեւ 2020 թվականը հայ երեխաները համակարգիչ կունենան. «Ստացվում է, որ այժմ համակարգիչ կարող են գնել միայն նման հնարավորություն ունեցողները, իսկ նրանք, որ չեն կարող, պիտի սպասեն, թե երբ է իրենց հերթը հասնելու: Ժամանակին այդ ծրագիրն առաջարկել էր Էռնեկյանը, որպեսզի բոլոր երեխաներն ունենային համակարգիչներ, որով կկարողանայինք ծայրահեղ անհավասարությունը գոնե երիտասարդ սերնդի մեջ մեղմացնել: Փոխարենը նոր գործիքների վրա հենվելով՝  հայկական կրթական ռեֆորմ իրականացնենք, ասում ենք՝ եկեք օտար դպրոց բերենք Հայաստան, կապկենք «էլիտար» երեխաների համար նախատեսված այդ դպրոցները…»:
Ինչ վերաբերում է Գյումրին տեխնոքաղաք դարձնելու կառավարության հավակնություններին, մեր զրուցակիցը հենց սկզբից դա ուտոպիական է համարել. «Խնդիրն այն չէ, որ չենք ուզում Գյումրիում տեխնոպարկ ունենալ, այդտեղ կան սաղմեր, որոնց վրա կարելի է զարգացում ապահովել, բայց խոսել այն մասին, որ այն ուժեղ տեխնոքաղաք կդառնա առանց ուժեղ համալսարանական հիմքերի, լավագույն դեպքում արկածախնդրություն է, վատագույն դեպքում՝ միջոցների հանցագործ փոշիացում»: Ըստ նրա, Երեւանում կային հաջողված մասնավոր օրինակներ՝ ի դեմս «Վիասֆեր» տեխնոպարկի, «Սինոփսիսի» եւ այլ ընկերությունների. «Կենդանի, ռեալ փորձ էր եւ պետք էր դրա վրա հիմնվելով՝ տարածել: Դրա փոխարեն անապատում ստեղծում ենք մի բան, որ չգիտենք՝ ինչ պիտի լինի եւ նման էքսպերիմենտների շռայլության հնարավորություն չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել