Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի մեկնաբանությունները
«Առավոտի» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ԵԽ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը օրերս հրապարակած զեկույցում նշել է, թե Հայաստանում հատկապես «Եհովայի վկաները» դիտվում են թիրախ՝ զինծառայության հանդեպ իրենց վերաբերմունքի պատճառով, ինչը մեր երկրում գնահատվում է իբրեւ երկրի մարտական պատրաստվածության խարխլում: Նույն զեկույցում նշվում էր նաեւ, թե «Եհովայի վկաները», բողոքականներն ու կրիշնայականները բացասաբար են լուսաբանվում ու մեղադրվում երկրի հոգեւոր անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու մեջ: Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ:
«Հայ առաքելական եկեղեցու սպասավորները երբեւէ չեն կարող անհանդուրժող լինել իրենց զավակների, իսկ մեր պետությունը՝ իր քաղաքացիների նկատմամբ, դա անտրամաբանական է: Մենք աշխարհագրական այնպիսի դիրքում ենք, որ պարտավոր ենք ունենալ մարտունակ բանակ, պետք է մշտապես զգոն լինենք, կարողանանք մեր սահմանները պաշտպանել, քանի դեռ չի լուծվել Արցախի հարցը: Ցավոք, մեր երկրում կան այնպիսի կազմակերպություններ, անձինք, անհատներ, որոնց գաղափարախոսությունները եւ մտքերը հակասում են մեր պետության շահերին, հայ ազգի դարավոր ավանդույթներին: «Եվոհայի վկաները» եւ մնացած այլ կազմակերպությունները նույնպես ունեն այնպիսի գաղափարախոսություն, որով դեմ են գնում ոչ միայն պետական շահերին, այլեւ մարդկային առողջությանը: Ֆրանսիան, որը Եվրոպայի առանցքային երկրներից է ու դեմոկրատիայի օրրաններից մեկը, արգելել է «Եհովայի վկաների» գործունեությունը իր տարածքում: Ինչո՞ւ՝ որովհետեւ նրանք տոտալիտար աղանդ են: Իսկ մենք ոչ միայն չենք արգելել «Եհովայի վկաների» գործունեությունը, այլեւ, հանդուրժող գտնվելով, ընդունել օրենքներ, օրինակ՝ այլընտրանքային ծառայության համար, որպեսզի թե նրանք, թե սեռական փոքրամասնությունները կարողանան ծառայությունը կատարել: Փաստեմ, որ այսօր այլընտրանքային ծառայության մեջ շատ քիչ «Եհովայի վկաների» անդամներ կան, քանի որ մեծմասամբ հրաժարվում են այլընտրանքային ծառայությունից: Շատ ընտանիքներ, որոնցում գերակայում է այդ աղանդի գաղափարախոսությունը, հրաժարվում են բժշկական միջամտություններից, արյան փոխներարկումից, ինչի պատճառով մարդիկ գրեթե մահվան եզրին են հասնում: Հիշենք վերջերս աղմուկ բարձրացրած դեպքը՝ սեւանցի երիտասարդի հետ կապված, որը սպանել էր ծնողներին… Նա «Եհովայի վկա» էր, չնայած այդ կազմակերպությունը մինչ օրս հերքում է, թե երիտասարդը պատկանում է իրենց եկեղեցուն»,- ասում է տեր Շմավոնը: Նա հիշում է, որ մեկ շաբաթ առաջ էլ «Եհովայի վկաների» մեկ այլ անդամ երեկոյան այրել էր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու դուռը, աղբը լցրել եկեղեցու ներսը, ապա բարձրացել սուրբ խորան եւ Ավետարան ընթերցել. «Ճիշտ է, ինքը համարվեց հոգեկան հիվանդ, սակայն ծնողները պնդում են, թե այդպիսին է դարձել՝ հաճախելով «Եհովայի վկաների» հավաքներին: Մեր պետության թիվ մեկ խնդիրն այն է, որ չունենք հոգեւոր վերահսկողություն, ոչ ոք չգիտի, թե 50-ից ավելի աղանդներն ինչով են զբաղվում իրենց հատկացված տարածքներում»: Տեր Շմավոնը կարծում է, որ ԵԽ համապատասխան հանձնաժողովի զեկույցը հիմնված է «Եհովայի վկաների» եւ նման այլ կազմակերպությունների բողոքների հիման վրա: Հոգեւորականը ցավում է, որ որոշ հ/կ-ներ, իր ձեւակերպմամբ՝ խաղալով այդ բողոքների վրա, գրանտներ են շահում ու հարցեր լուծում. «Դա սազական չէ հայ ժողովրդին»: Զանազան այլ օրինակներ բերելով՝ հոգեւորականը փաստում է, որ «Եհովայի վկաները» իրենց գաղափարախոսության մեջ ասում են, թե պետությունը եւ այն ամենը ինչ կապված է նրա հետ, սատանայական է, նաեւ հավելում, որ 100-200 տարվա ոչ մի աղանդավորական կազմակերպություն չի կարող հավասարը հավասարի պես լինել 2000-ամյա Քրիստոսի եկեղեցու հետ: Նա նաեւ հավելում է, թե «Անհնար է ընդունել մի հիստերիկի կամ հիվանդի գաղափարախոսություն, որով այսօր տառապում է աշխարհի մեծ մասը, խորանանք՝ ով էր հիմնադիրը, օրինակ, «Եհովայի վկաներ» կազմակերպության, մարդ, որը հետախուզվում էր, որը խաբեությամբ էր ամեն ինչին հասնում եւ որից «Եհովայի վկաները» արդեն սկսել են հրաժարվել՝ իրենց անցյալը մաքրելու համար: Բոլոր աղանդավորների էությունը բացահայտեմ «Կյանքի խոսքի» «Նոր սերունդ» կազմակերպության հիմնադիրներից մեկի արտահայտությամբ: Նա հրապարակավ ասել է, թե կրոնն ու եկեղեցին իր բիզնեսն են: Ուրեմն էլ ինչ սպասես նմաններից»: Տեր Շմավոնը ցավում է, որ զանազան կրոնական ուղղություններ տանում են հայ ժողովրդի հոգեւոր միասնականության խաթարման ու ջլատման, մի բան, որ չի հաջողվել ԽՍՀՄ-ի տարիներին, իրականանում է մեր օրերում. «Մենք անհանդուրժող պիտի լինենք բոլորի նկատմամբ, ովքեր ջլատում են մեր պետությունը: Զարմանում եմ, լավ՝ Կրիշնա՞ն ինչ կապ ունի հայի հետ…. Երեւի հետեւում են նորաձեւությանը, ինչպես Մադոննան, որ մի օր բուդդայական է, մի օր՝ կրիշնայական… Ախր հավատքը ձեռնոց չէ, որ մաշվի, փոխես մյուսով, դա կյանքի կերպ է: «Եհովայի վկաների» ավետարանում Աստված բառը աստվածայինով է փոխված, այն ամենը, որով Քրիստոս ճանաչվում է մեզ համար որպես Աստված, իրենք փոխակերպում են, աղճատում: Կոչ են անում արյան փոխներարկում չլինի, բայց իրենց իսկ առաջնորդները մեծ գումարներ են վճարում, որպեսզի իրենց համար կատարված փոխներարկումը գաղտնի մնա, ոչ ոք չիմանա, հենց Հայաստանում էլ նման դեպքեր կան: Արտասահմանից հարյուրավոր քարոզիչներ են Հայաստան մտնում, որոնց ով լինելը չգիտենք, մինչդեռ երբ ես ուխտավորների խումբ եմ տանում Հրեաստան, 1,5 ամիս առաջ հրեական կառավարությունը պահանջում է նրանց անուն-ազգանունները, անձնագրերի սերիաները, պապերի անունները, ծննդյան վայրերը, աշխատանքը, հասցեն, որպեսզի հասկանա՝ ո՞վ է իր երկիր մտնողը: Նրանք մտածում են իրենց երկրի անվտանգության մասին: Տեսեք, թե Տավուշի մարզում ինչքա՜ն մորմոններ կան, չգիտես ինչ են անում, կամավորներ կան, չգիտես՝ ինչով են զբաղված, իսկ մեր պետությունը մորմոնների առաջնորդին պարգեւատրում է ամենաբարձր շքանշանով: Ես գիտեմ մարդու, որը նման փաստաթղթով մեկ շաբաթվա ընթացքում երկրից գնացել է»: Այս ամենով հանդերձ, մի շարք հ/կ-ներ առաջարկում են աչք փակել օրենքով արգելված հոգեորսության հանդեպ եւ բառն էլ փոխարինել ոչ պատշաճ դավանափոխություն եզրույթով: Նրանք վիրավորական են համարում նաեւ աղանդ բառի գործածությունը: