Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը (նկարում) պատրաստ է քննարկել թմրանյութերի օրինականացման հնարավորությունը, եթե այդ քայլը կօգնի երկրում հանցավորության դեմ պայքարին: Newsru.com-ի մատուցմամբ, այդպիսի խոստովանություն է արել ինքը՝ Կոլումբիայի նախագահը, կիրակի օրը կոլումբիական Semana ամսագրին տված հարցազրույցում: «Ես դեմ չեմ որեւէ գործուն սխեմայի: Եթե ամբողջ աշխարհը որոշի, որ թմրանյութերը կարող են օրինականացվել, որ այդ քայլը կօգնի նվազեցնել բռնությունն ու հանցագործությունը, ապա ես կարող եմ դրա հետ համաձայնել»,- հայտարարել է երկրի նախագահը:
Խուան Մանուել Սանտոսը Լատինական Ամերիկայի միակ քաղաքական գործիչը չէ, որ խոստովանում է, թե թմրանյութերի օրինականացումը կարող է դառնալ տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի միջոցներից մեկը: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էին եկել նաեւ հենց Կոլումբիայի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի նախկին նախագահները:
Ընդսմին, Կոլումբիայի նախագահը, ինչպես Լատինական Ամերիկայի այլ երկրների ղեկավարները, ավելի վաղ խստորեն դատապարտել էր Կալիֆոռնիա նահանգում մարիխուանայի օրինականացման շուրջ հանրաքվեի անցկացումը: Սանտոսը հայտարարել է, թե դա զգալիորեն կդժվարացնի ինչպես Կոլումբիայում, այնպես էլ տարածաշրջանում թմրանյութերի շրջանառության եւ դրա առեւտրով զբաղվողների դեմ պայքարը: