Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական աշխարհում շարունակվում են բողոքի ակցիաները

Փետրվար 15,2011 00:00

Ալժիրում բողոքի ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են այս շաբաթավերջին նոր ցույցեր անցկացնել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Հանուն Ալժիրում ժողովրդավարական փոփոխությունների» շարժումը, որը միավորում է իրավապաշտպանների, փաստաբանների եւ արհմիությունների անդամների, կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել փետրվարի 19-ին: Նախօրեին ԱՄՆ-ը Ալժիրի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրահավաքների ժամանակ եւ հայտարարել է Ալժիրի ժողովրդի իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին:
Անհանգիստ է նաեւ Եմենում, որտեղ երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը հետաձգել է իր այցը Միացյալ Նահանգներ՝ իր երկրում սկիզբ առած բողոքի ալիքի պատճառով:
Նույն աղբյուրի մատուցմամբ, Բահրեյնի՝ շիաներով բնակեցված Քարզաքան գյուղում երեկ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 21-ամյա մի երիտասարդ հրազենային վնասվածք է ստացել: Բախումը նախորդել է երկուշաբթի օրը Բահրեյնում սպասվող «ցասման օրվա» ակցիային, որի կազմակերպիչները կառավարությունից պահանջում են բարեփոխումներ իրականացնել երկրում:
Թունիսում փետրվարի 13-ին հրաժարական է տվել այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Ունաիսը, որն այդ պաշտոնում մեկ ամսից էլ քիչ մնաց: Թունիսի քաղաքացիներին զայրացրել է նախարարի հայտարարությունն այն մասին, թե ինքը միշտ երազել է հանդիպել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ, որի վարքից դժգոհ են հենց իրենք՝ ֆրանսիացիները: Նրանք մեղադրում են Ալյո Մարիին թունիսյան վարչակազմի հետ չափազանց սերտ կապերի մեջ: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թունիսում տեղի ունեցած «Հասմիկների հեղափոխության» արդյունքում նախագահ Զինալ Աբիդին բեն Ալին ընտանիքի հետ փախել է երկրից եւ հանգրվանել է Սաուդյան Արաբիայում: Իշխանությունն անցել է վարչապետին, հետո՝ խորհրդարանի խոսնակին: Երկրում ձեւավորվել է ազգային միասնության ժամանակավոր կառավարություն:
Իսկ ահա Եգիպտոսում, երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո, փետրվարի 13-ին լուծարվել է խորհրդարանը, Սահմանադրությունն էլ կասեցվել է: Խորհրդարանն արձակելու մասին որոշումն ընդունել են երկրի նոր իշխանությունները՝ ի դեմս բանակի հրամանատարության:
Հայտարարվել է, որ նոր Սահմանադրության մշակման համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: Բանակի բարձրագույն խորհուրդը կշարունակի կառավարել երկիրը մինչ խորհրդարանական, գուցե նաեւ՝ նախագահական ընտրությունները: Ենթադրվում է, որ բանակի բարձրագույն խորհուրդը իշխանության գլուխ կմնա առնվազն վեց ամիս: Նախարարների կաբինետը՝ Ահմեդ Շաֆիկի գլխավորությամբ, դեռ շարունակում է աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել