Միխայիլ Խոդորկովսկու ընտանիքը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգին կոչ է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ բարձրացնել «գործարարի՝ քաղաքական շարժառիթներով պայմանավորված դատական հետապնդման» թեման: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Daily Telegraph-ը:
ՌԴ ԱԳ նախարարը Լոնդոն է ժամանել երկուշաբթի՝ օրվա կեսին, նրա հանդիպումը բրիտանացի գործընկերոջ հետ նշանակված է երեքշաբթի օրը: Լոնդոնում ՌԴ ԱԳ նախարարին ընդունելու է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Նախատեսվում է, որ այդ հանդիպումից հետո Լավրովը Հեյգի հետ եւս մի հանդիպում եւ համատեղ մամուլի ասուլիս կունենա:
«Նրանք (Խոդորկովսկու հարազատները) հույս ունեն, որ Հեյգը գործարարի ճակատագրի մասին կխոսի Լավրովի հետ՝ նրանց դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, եւ որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւս հնարավորություն կունենա բարձրացնել գործարարին հետապնդումների ենթարկելու հարցը»,- այդ մասին հայտարարել է Խոդորկովսկու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Վերջինս ասել է, թե «Սերգեյ Լավրովը միջազգային հանրությանը մեղադրել է Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, բայց, այդուհանդերձ, Միացյալ Թագավորություն է ժամանել՝ խնդրելու համար հետագայում եւս Ռուսաստանում ներդրումներ կատարել»:
«Լավրովը պետք է գիտակցի, որ նա չի կարող ընտրել՝ ո՞ր դեպքերում է Ռուսաստանը միջազգային հանրության մաս կազմում, եւ որ դեպքերում՝ ոչ: Միջազգային հանրության մասնիկ լինելը պահանջում է հարգել օրենքի գերակայությունը, անվերապահորեն հավատարիմ լինել մարդու իրավունքների պաշտպանությանը, սեփականության իրավունքի նկատմամբ հարգանք դրսեւորել եւ դադարեցնել Ռուսաստանում վտանգավոր տեմպերով աճող կոռուպցիան»,- հայտարարել է Խոդորկովսկու ընտանիքի մտերիմներից մեկը: Առայժմ հայտնի չէ, թե բրիտանական կողմն ինչպես է արձագանքել իրեն ուղղված այդ կոչերին: