Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

Փետրվար 15,2011 00:00

Միանգամից 200 ապագա լրագրող մեկ հարկի տակ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ երեկ համալսարանի Պալեանների անվան դահլիճում կայացավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հանդիպումը ապագա լրագրողների հետ: Վերջիններս Երեւանի ավագ դպրոցների աշակերտներ են, որոնք այսուհետեւ պարբերաբար ունենալու են նմանատիպ հանդիպումներ լրագրության ոլորտի ներկայացուցիչների եւ իրենց ապագա դասախոսների հետ:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի խոսքով, միջոցառման նպատակն է դիմորդներին ծանոթացնել Մայր բուհի հետ, ներկայացնել իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկություններն ու դասավանդման մեթոդները: «2006 թ. սկսած, երբ համալսարանում ստեղծվեց մինչհամալսարանական կրթության վարչությունը, Երեւանի, մարզերի դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ սկսեցինք անցկացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ: Այսինքն՝ շարունակական կրթության գաղափարն ենք պրոպագանդում: Այդ շրջանակներում ամեն տարի դասախոսություններ ենք իրականացնում դպրոցներում: Չնայած ԵՊՀ-ն դիմորդների պակաս երբեւէ չի ունենում, սակայն նման հանդիպումների նպատակն է՝ երեխաներին կողմնորոշված բուհ ընդունել, որպեսզի ճիշտ ընտրեն իրենց մասնագիտությունը: Այսօրվա հանդիպմանը լրագրությանն ենք անդրադարձել: Դիմել ենք բոլոր ավագ դպրոցներին, սակայն արձագանքել են 16-ը եւ շուրջ 200 աշակերտ հայտարարագրվել է՝ ԵՊՀ-ի կողմից ապագա լրագրողների համար իրականացվող անվճար դասընթացներին: Այս դասընթացները, որոնք կայանալու են շաբաթը մեկ, կարեւոր են այնքանով, որ դասախոսները կծանոթանան երեխաների հետ, նրանց կներկայացվեն ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ քննությունների ցանկում կատարված փոփոխությունները»,- ասաց նա:
Թիվ 184 ավագ դպրոցի աշակերտ Անժելա Պողոսյանը լրագրող դառնալու ցանկությունը մեկնաբանում է լավ գրելու իր ունակությամբ:
Թիվ 89 ավագ դպրոցի սան Անի Մինասյանն էլ արդեն որոշել է՝ քաղաքականությամբ չի «զբաղվելու»: Նա խոստովանեց, որ քրոջ օրինակին է հետեւելու մասնագիտություն ընտրելիս. «Սիրում եմ գրել, հենց այդ պատճառով որոշեցի լրագրող դառնալ: Բայց նախընտրում եմ հեռուստալրագրությունը: Այս դասընթացներին էլ մեծ սիրով կմասնակցեմ, հույս ունեմ, որ կդառնամ այս դասախոսների ուսանողը»:
«Քվանտ» վարժարանի սան Արփի Կիրակոսյանը անկեղծանում է, որ մոդային տուրք տալով չէ, որ ընտրել է ժուռնալիստիկան. «Արդեն երեք տարի մտածում եմ լրագրության ոլորտում ստեղծագործելու մասին: Չնայած ծնողներս դեմ են եղել մասնագիտությունս ընտրելու հարցում, բայց երբ նրանց բացատրեցի, որ սա իմ բնավորությանը համահունչ է, չընդվզեցին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել