Լրահոս
Օրվա լրահոսը

Համարձակվում եմ առաջարկել

Փետրվար 15,2011 00:00

Կամ այն մասին, թե ինչու են դասագրքերը խորդանոց հիշեցնում

Չգիտեմ՝ որերորդ անգամ ես գրիչ եմ վերցնում գրելու դպրոցական դասագրքերի մասին: Բնական է, որ դասագրքերը, ենթարկվելով ժամանակի պահանջներին, անընդհատ փոխվում են, որովհետեւ չեն համապատասխանում 21-րդ դարի հայ երեխայի հոգեկան պահանջներին, հնարավորություններին, ազգային դպրոց ունենալու հրամայականին: Հայոց լեզվի եւ գրականության, մայրենիի՝ վերջերս գործածության մեջ մտած դասագրքերը նույնպես պետք է փոխվեն: Ինչո՞ւ: Չէ՞ որ դրանք ստեղծվել են բանիմաց մտավորականների կողմից, որոնք շատ լավ գիտեն, որ ազգային հզոր դպրոցը տվյալ ազգի հզորության, իրավական պետություն ստեղծելու, ապագա ունենալու անհրաժեշտ, միակ եւ անփոխարինելի գործոնն է: Եկեք խոստովանենք, որ դեռ հստակ չենք որոշել եւ չգիտենք, թե ինչ գիտելիքներ պետք է ունենա տարրական, միջին եւ ավագ դասարաններում սովորող աշակերտը: Այո՛, մենք չենք թերացել եւ ստեղծել ենք (հանրակրթական հիմնական եւ ավագ) դպրոցների առարկայական չափորոշիչներ եւ ծրագրեր: Ընդ որում՝ հայոց լեզու եւ գրականություն առարկաների համար 1-2 տարվա ընդմիջումներով՝ երկուսը, որոնք մեզ են հասել գրեթե միաժամանակ, եւ լրացուցիչ խորհրդակցության անհրաժեշտություն է զգացվել, որպեսզի ուսուցիչն իմանա, թե որով պետք է առաջնորդվի: Այժմ հիմնական դպրոցն առաջնորդվում է 2007-ին հաստատված չափորոշիչներով ու ծրագրերով: Համարձակվում եմ առաջարկել՝ բնավ չվախենալով տգետ կոչվելու «վտանգից»:
Եկեք նորից կարդանք, ուսումնասիրենք, «կլոր սեղանի» շուրջ քննարկման նյութ դարձնենք մեր չափորոշիչներն ու ծրագրերը: Հնարավո՞ր է իրականացնել այդ ծրագրերը դպրոցում… Հնարավոր չէ, ավելին՝ անհնարին է:
Գրականության մեր դասագրքերը քրեստոմատիայի արժեք ունեն, միայն թե հագեցած են տարատեսակ հարցերով ու առաջադրանքներով, իսկ հայոց լեզվի դասանյութերի յուրացման համար այնքան դասաժամեր են հատկացված, որ կարծես այդ ժամերը նախատեսված են ոչ թե երեխային լեզվական նոր նյութ մատուցելու համար, այլ արդեն հայոց լեզուն շատ լավ իմացող երեխայի գիտելիքներն ամրապնդելու, գործնականում կիրառելու համար: Եթե ավելացնենք նաեւ, որ դասագրքերը կազմված են հակագեղագիտական սկզբունքներով, ապա պարզ կլինի, թե ինչու են դպրոցի սովորողները խորշում իրենց դասագրքերից: Մեղմ ասած՝ մեր դասագրքերը խորդանոց են հիշեցնում, որտեղ ամեն ինչ լցրած է, եւ ուսուցիչն ու աշակերտները գլուխ պետք է ջարդեն՝ պարզելու, թե որն է կարեւորն ու էականը, եւ որն է ավելորդ ու երկրորդական: Դասագրքում չպետք է լինի եւ ոչ մի ավելորդ նախադասություն, դասագիրքը պետք է լինի ոչ թե պարզունակ (իհարկե, մեր դասագրքերից հեռու է այդ բառը, որովհետեւ դրանք խրթին են), այլ՝ պարզ: Ակամայից հիշում ես Պարոնյանին. «Առաջադիմություն կպոռանք եւ ետ-ետ կերթանք»: Խոսեցինք ծրագրերի բեռնաթափումից եւ այնպիսի~ բեռ դրինք աշակերտների փխրուն ուսերին…
Տարեցտարի նվազում է սովորող աշակերտների թիվը: Մենք մեզ հանգստացնելու համար ասում ենք, որ այսօրվա երեխան չի ուզում սովորել: Հավատացնում եմ ձեզ՝ ուզում է սովորել, բայց մենք նրան տանում ենք հոգնեցուցիչ, խոտոր ճանապարհով:
Առաջարկում ենք նախ հստակեցնել, թե ինչպիսի դասագրքեր են մեզ անհրաժեշտ, ստեղծել դասագրքեր կազմողների հանձնաժողովներ՝ ըստ առարկաների, եւ նոր միայն ստեղծել նոր դասագրքեր: Այլընտրանքային դասագրքերը կարող են գործածվել ընտրությամբ, բայց ազգային դպրոցին անհրաժեշտ են միասնական, ազգի այսօրվա պահանջներին համապատասխանող դասագրքեր: Դուք կարո՞ղ եք պատկերացնել մայրենիի մի դասընթաց՝ առանց Ս. Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն», Ե. Չարենցի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունների:
Այդպես էլ՝ դարերի, տարիների ընթացքում ստեղծվել են արժեքներ, որոնց մասին պետք է իմանա ամեն մի հայ: Եվ վերջապես կան համամարդկային արժեքներ, որոնք պարտադիր են քաղաքակիրթ մարդու համար. դրանք պետք է ներառվեն դասագրքերում, իսկ մնացածը՝ աշակերտը, ուսանողը, մարդը սովորում է ամբողջ կյանքում եւ ոչ դասագրքերից: Երբեմն ինձ թվում է, որ դպրոցին ու աշակերտին այսօր ներկայացվող պահանջները ոչ թե նպատակաուղղված են ազգային հզոր դպրոց ունենալուն, այլ եղածն էլ քանդելու ու ավերելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել