Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԳԵՏ, ԼՊԻՐՇ, ՍՐԻԿԱ ՈՒ ԴԱՎԱՃԱՆ

Փետրվար 15,2011 00:00

Պետությունը՝ ըստ նժդեհական Վարդան Տարախչյանի

Հայաստանում գոյություն ունեցող 70-ից ավելի կուսակցությունների շարքը կհամալրվի եւս մեկով: Օրերս «Գարեգին Նժդեհ երիտասարդական համախմբում» հ/կ-ն իր հերթական համագումարում, որն անցկացվում էր Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, որոշում կայացրեց ստեղծել «Միացյալ Հայաստան» կուսակցություն: Նորաստեղծ կուսակցությունը կղեկավարի կազմակերպության նախագահ Վարդան Տարախչյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գրանցման համար 200 անդամ ունենալը իրենց համար խնդիր չէ: Կազմակերպության շուրջ 300 անդամների մեծ մասը կանդամագրվեն կուսակցությանը: Գրանցման միակ խնդիրը, նրա խոսքով, 3 մարզերում կուսակցության մասնաճյուղեր ստեղծելն է: Համագումարին, որը սկսեց նախատեսված ժամից կես ժամ ուշացումով, ներկա էր 10-15 տղամարդ: Կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Վ. Տարախչյանն անձամբ էր գնացել հյուրերին դիմավորելու: Ուշացումով ժամանեց, անձամբ կազմակերպչական վերջին շտկումները արեց, սփռոց փռեց, հետո էլ, հավանաբար մտածելով, թե իր ապագա կուսակցության հետեւորդներից եմ, առաջարկեց ստանձնել համագումարի անցկացման քարտուղարությունը: Ըստ կուսակցության ղեկավարի, համագումարը դեռ 10 տարի առաջ պետք է լիներ, բայց կադրերին ընդհատակից հանելու հնարավորություն չեն ունեցել, կազմակերպությունն էլ 20 տարի գործել է քաղաքական ընդհատակում: «Մենք այլախոհ կուսակցություն ենք, ձեռնոց ենք նետում բոլորին»,- հայտարարեց «Միացյալ Հայաստանի» նախագահը: Վ. Տարախչյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում 20-ամյա գործունեությամբ հ/կ-ն դարձնել կուսակցություն, մի քանի պատճառ ներկայացրեց: Նա հայտարարեց, որ նախագահական ընտրություններին իրենք պարտադիր թեկնածու են առաջադրելու, իսկ կազմակերպությունը 3 տարուց ավելի է, ինչ քաղաքական որոշում է կայացրել հանրապետությունում իրականացնել իշխանափոխություն, որից հետո փոխել ներքին եւ արտաքին քաղաքականությունը, երկիրը ազատագրել ներքին եւ արտաքին թշնամիներից, հանրապետությունում փոխել իրադրությունը եւ այլն: Կուսակցության ստեղծումը, ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդին կոչով դիմելու, թռուցիկներ տարածելու, երթեր, ցույցեր անցկացնելու արտոնագիր ունենան եւ այլն: «Հայ ժողովրդին օդի, ջրի նման հրատապ անհրաժեշտ է հեղափոխություն: Հեղափոխության ամենամեծ ջատագովը «Դաշնակցություն» կուսակցությունն է եղել, որը պետք է համարվեր ոչ թե «Հայ հեղափոխական դաշնակցություն», այլ՝ «Հայ հեղափոխականների դաշնակցություն»: Էսօրվա կուսակցության տեսաբանները եթե մի քիչ խելք ու ուղեղ ունենան, կվերցնեին կուսակցության ե՛ւ պատմական քաղաքական մտածողությունը, ե՛ւ տեր կկանգնեին Նժդեհին»,- ասաց Վ. Տարախչյանը: Նրա կարծիքով, Հայաստանում հնարավոր է հեղափոխություն իրականացնել մի քանի եղանակով, օրինակ՝ ընտրությունները վերահսկելու միջոցով: Նա վստահ է՝ կարելի է 100-500 հազար մարդ մոբիլիզացնել, պահանջել քաղաքական ղեկավարության հրաժարական եւ սահմանադրական ճանապարհով կազմակերպել ընտրություն. «Հայաստանում 20 տարվա մեջ տեղի չի ունեցել իրադրության փոփոխություն, ձեւավորված քաղաքական ռեժիմը մինչ օրս ղեկավարվել է համաշխարհային քաղաքականության կողմից: Փոխվել է 3 նախագահ, չեն փոխվել ո՛չ քաղաքական, ո՛չ պետական մտածողությունը, ո՛չ ներքին ու արտաքին քաղաքականությունը, ո՛չ իրավական ռեժիմը»: Վ. Տարախչյանի մեկնաբանմամբ, Հայաստանում այսօր 3 ուժ կա՝ արտասահմանյան, ներքին եւ գաղտնի: «Գաղտնի ուժերի» ղեկավարներին ինքն անձամբ է ճանաչում, նրանց հետ շփվում է: Գիտի նաեւ, որ վերջիններս նպատակ ունեն իրականացնել պետական իշխանափոխություն: Ներկաներից մեկը հարցրեց՝ իսկ ո՞ւր են այդ գաղտնի ուժերը, ինչո՞ւ չեն մասնակցում համագումարին: «Եթե գաղտնի ուժերը չցանկանային, այստեղ մեկ հոգի չէր լինի: Երեք ուժերն էլ դահլիճում ներկա են, մեկդ մյուսին մի՛ նայեք, թե ով ում ուժն է ներկայացնում: Շատ շատերդ ներկայացնում եք, ինքներդ էլ չգիտեք»,- այսպես պատասխանեց Վ. Տարախչյանը: Անդրադառնալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակին, նա կարծիք հայտնեց, որ այն խիստ պայթյունավտանգ է, բայց վերահսկելի է: Տարախչյանի կարծիքով, Աստված ինքն անձամբ է վերահսկում իրավիճակը: Ըստ նրա, միայն նախորդ 1 տարվա ընթացքում Հայաստանում եղել է 20-30 պետական հեղաշրջման դեպք, դրանք նախաձեռնել են գաղտնի ուժերը՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համատեղ. «Չի հաջողվել, որովհետեւ բնությունն է միջամտել, գիշերը հորդառատ անձրեւ, ձյուն կամ քամի է եղել եւ որեւէ կերպ չեն կարողացել ռազմական ուժերը զորամասից շարժել»: Տարախչյանը Հայաստան պետությանը տգետ, սահմանափակ, լպիրշ, ստոր, սրիկա ու դավաճան անվանեց այն բանի համար, որ իրենք 20 տարի նժդեհյան գաղափարախոսությամբ են առաջնորդվել, բայց պետությունը իրենց չի ճանաչել քաղաքական ուժ եւ արգելել է մասնակցել ընտրություններին: Ներկաներից մեկն էլ նյարդայնացավ՝ «Ո՞նց եք հայրենասիրությունից խոսում, եթե պետությանը ստոր ու սրիկա եք անվանում»: Տարախչյանն ասաց, թե ինքը հազվադեպ մարդկանցից է, որ բարոյական իրավունք ունի հայրենասիրությունից խոսել. «Այսօր գոյություն չունի պետական, ազգային մտածողություն, եթե ունենային՝ 1.5 մլն մարդ չէր արտագաղթի: Հայաստանն այսօր ո՛չ քաղաքներում, ո՛չ գյուղերում հող չունի: 5 կամ 10 տարի հետո չես կարող որեւէ արտադրամաս կառուցել: Իրականացվել եւ իրականացվում է ցեղասպանություն եւ հայրենիքի բնաջնջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել