«Առավոտի» երկու տարվա 5-6 ահազանգերից հետո, վերջապես Իջեւանը ուշադրության արժանացավ
Փետրվարի 10-ին «Նիստը ձախողվեց, հաջորդը՝ երկու ամիս հետո» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ավագանու նիստեր չեն կայանում, քանզի ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունը դադարեցվել է անհարգելի բացակայությունների համար, երեքն էլ հրաժարական են տվել: Իջեւանում անառողջ կրքեր ու մթնոլորտ է դեռ 2008-ի վերջերից ու սա նկատի ունենալով, «Նիստը ձախողվեց, հաջորդը՝ երկու ամիս հետո» հրապարակման վերջում նկատել էինք, որ Իջեւանում առկա ճգնաժամը վաղուց կարիք ունի հանգուցալուծման:
Եվ ահա, ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, շաբաթ օրը Իջեւանում է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ քննարկել ոչ միայն «Տավուշի մարզի 2009-2011թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» կատարման ընթացքը, այլ նաեւ «Իջեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը»: «Համայնքի ղեկավարին առաջարկվեց սահմանված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին՝ գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար»,- ասված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության մեջ:
Մի կողմից ուրախալի է, որ վերջապես կհանգուցալուծվի ձգձգվող լարվածությունը, մյուս կողմից զարմանալի է ու տխուր, որ ավելի քան երկու տարում «Առավոտում» Իջեւանի վիճակի մասին 5-6 ահազանգերը տեղ չէին հասնում:
Իջեւանի քաղաքապետը անկուսակցական Վարուժան Ներսիսյանն է, ով 1999-ից այսկողմ չորս անգամ քաղաքապետ է ընտրվել:
2009 փետրվարի 11-ին «Իջեւանյան օրերի խրոնիկա» հոդվածում գրել ենք, որ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը իր լիազորությունների շրջանակներում քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ դիմել դատարան, ոստիկանություն, պատկան այլ կառույցների, ընդհանուր՝ 15 տարբեր քայլեր արել եւ փորձել կանխել Ալբերտ Դավթյանի՝ քաղաքի այգում սկսած ապօրինի շինարարությունը:
Քայլերից մեկն էլ Ալբերտ Դավթյանին 400 հազար դրամով տուգանելն է եղել: Չնայած սրան, քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-ի 2-րդ հոդվածով՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»: Հոկտեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է, որ քաղաքապետը ճիշտ է տուգանել Ալբերտ Դավթյանին: Ու չնայած սրան, քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: Կամ Իջեւանի ավագանու 8 անդամներ պնդում են, որ քաղաքապետին պաշտոնանկ անելու հիմքեր կան, սակայն Տավուշի մարզպետարանն ու ՀՀ կառավարությունը վստահ են, որ չկա «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով պահանջվող համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթաց նախաձեռնելու որեւէ հիմք:
Ամեն անգամ անդրադառնալով այս թեմային, ներկայացրել ենք ինչպես բողոքը, այնպես էլ քաղաքապետի արձագանքը: Այս ամենը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան, 2009-ի նոյեմբերին քաղաքապետը մեզ ասել էր. «Ավագանու որոշ անդամներ, գերազանցնելով իրենց լիազորությունները, իրենց ակնհայտ օրենքից վեր են դասում եւ որոշակի պատվեր կատարելով, միջոցների միջեւ խտրականություն չդնելով, ստահոդ լուրեր եւ բամբասանքներ են տարածում եւ փորձում հեղինակազրկել համայնքի ղեկավարին: Այս ամենի արդյունքում տուժում է Իջեւանը եւ իջեւանցին»:
Իջեւանում ավագանու նոր ընտրության օրը դեռ պարզ չէ, սակայն հայտնի է, որ որեւէ սահմանափակում չկա եւ ավագանու նիստերից անհարգելի բացակայած կամ հրաժարական տված անդամները կարող են ավագանու անդամի թեկնածու առաջադրվել: