Հայաստանում սենսացիաները տեղի են ունենում կուլիսների հետեւում, ոչ թե համագումարներում
ԲՀԿ 5-րդ հերթական համագումարը այդ կուսակցության երբեւէ հրավիրած ամենից անդեմ եւ ամենից «անհավես» համագումարն էր: Մթնոլորտը մի տեսակ «տոնուսից» ընկած էր, համագումարի պատվիրակները՝ հոգնած, անշուք, չկար այլ ժամանակների էնտուզիազմը, սուսուփուս բոլորը եկել ու նստել էին, չկար համագումարային աժիոտաժ, անգամ Մարզահամերգայինի բուֆետում «չոր» թեյ ու սուրճից այն կողմ գործը չանցավ: Միակ «տոնականը» տղամարդ-պատվիրակների կարմիր փողկապներն էին, սա էլ հավանաբար արվել էր գոնե ԲՀԿ-ին հատուկ «դրեսկոտը» պահպանելու համար: Իրականում համագումարյան տրամադրությունները ամենեւին այդ կարմիրին չէին համապատասխանում: Ընդ որում, անգամ բեմի ձեւավորումը զուսպ էր, առանց «Բարգավաճին» հատուկ ճոխությունների:
Քանի որ էլեկտրոնային լրատվամիջոցները տպագիր մամուլից ժամանակային առումով առաջ ընկնելու առավելություն ունեն, հավանաբար չլուսաբանեինք էլ ԲՀԿ համագումարը, մանավանդ՝ արդեն երեք օր խոսվում է այդ մասին: Սակայն նախ՝ հավատարիմ մեր սկզբունքին, հարգելով մեր ընթերցողի՝ «Առավոտից» տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ ապա՝ նկատի ունենալով այն բոլոր հեռախոսազանգերը, որ համագումարից հետո ստանում ենք, հասկացանք, որ մարդկանց համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ տեղի ունեցավ, ուստի որոշեցինք ներկայացնել նաեւ մեր դիտարկումները ԲՀԿ 5-րդ համագումարից:
Կներկայացնենք պարզ փաստերը՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: ԲՀԿ 5-րդ համագումարը կարելի է կոչել «սրընթաց» համագումար: Համագումարը սկսվեց ժ. 13.10-ի սահմաններում եւ ավարտվեց 14.25-ին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դահլիճ մտավ Գագիկ Ծառուկյանի հետ, առանց ժպիտի եւ առանց տոնական տրամադրության: Իհարկե, դահլիճը ոտքի կանգնեց, իհարկե՝ ծափահարեցին, բայց մի տեսակ ինչ-որ բան «էն չէր»: ՕԵԿ նախագահը ներկա չէր իր կոալիցիոն գործընկերոջ համագումարին, այն դեպքում, երբ ՀՀԿ-ից համագումարին ներկա էր երկրի եւ ՀՀ նախագահը: Անգամ ՕԵԿ խմբակցության ղեկավար տիկին Բիշարյանը չկար, ՕԵԿ-ը ներկայացված էր ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանով: Ներկա չէին նաեւ ԱԺ նախագահը, վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դաշնակցությունից համագումար էին եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Համագումարը հենց առաջին րոպեներից վերածվեց կինոդիտման: Նախագահող Վարդան Վարդանյանի կարճ խոսքից եւ որոշ «պրոտոկոլային» բաներից հետո՝ մանդատային հանձնաժողով եւ այլն, կինոն սկսվեց եւ տեւեց ուղիղ 25 րոպե: Իսկ ֆիլմը սովորական չէր, նախընտրական տեսաշար էր, մի տեսակ՝ հաշվետվություն, որում ներառված էին Գագիկ Ծառուկյանի բոլոր հանդիպումները, ձեռքսեղմումները, գրկախառնությունները, նվերներ եւ պատվոգրեր ստանալը եւ հանձնելը, ժպիտները, ծափերը եւ այս կարգի այլ բաներ: Եվրոպական կապեր, հանդիպումներ, ժպիտներ: Այս ամենը ինչ-որ պահից սկսեց ուղեկցվել Կրեմլի պատկերներով, ռուսական, մոսկովյան «ներկայությունը» ԲՀԿ-ի ինքնակենսագրական ֆիլմում ուղղակի չափազանց զգալի էր, Կրեմլին մատակարարվող կոնյակից մինչեւ Մեդվեդեւ, ապա՝ Լուկաշենկո, համատեղ ինչ-որ ծրագրեր: ՌԴ էքսնախագահ Վլադիմիր Պուտինին կադրերում չնկատեցինք:
Չենք ներկայացնի պարոն Ծառուկյանի խոսքը, քանի որ այն ամբողջությամբ կարող եք կարդալ մեր թերթի այսօրվա համարի 4-րդ էջում: Գագիկ Ծառուկյանի խոսքից հետո ՀՀ նախագահը Գալուստ Սահակյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ հեռացավ դահլիճից: Մինչ լրագրողները վազեցին նրանց ետեւից եւ մինչ ետ կգային, համագումարն ավարտվեց:
Հյուրերից միակը, որ մնաց մինչեւ վերջ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էր, որն էլ լրագրողներին պարտաճանաչորեն հարկ էր համարում ասել. «Ես կարծում եմ՝ մամուլում այնքան չստուգված տեղեկություն եւ այնքան սպասումներ էին ձեւավորվել ԲՀԿ համագումարի հետ կապված, այնպիսի առեղծվածներ եւ միֆեր էին ստեղծվել, որ, կարծեք թե, այս համագումարը պետք է արտառոց լիներ եւ տար մամուլում բարձրացված այդ սպասումների, հարցադրումների պատասխանները»: