Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ թեմը դժգոհ չէ

Փետրվար 15,2011 00:00

Մեկնաբանում են հոգեւորականները

Վերջերս լրատվամիջոցներում տեղ գտած այն լուրերը, թե Ֆրանսիայի հայկական եկեղեցական թեմը դժգոհ է Մայր աթոռի՝ 2009թ. ընդունած թեմերին վերաբերող կանոնադրությունից, երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում հերքեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ, «Եկեղեցի եւ պետություն» գրասենյակի պատասխանատու Մեսրոպ աբեղա Պարսամյանը եւ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Տեր Վահրամը նշեց, որ այդ կանոնադրությունը նախապես մի քանի անգամ ուղարկվել է բոլոր թեմերին, որպեսզի դրանց անդամները քննարկեն եւ իրենց առաջարկները ներկայացնեն Էջմիածնին: 2009թ. նոյեմբերին այն ընդունվել է Էջմիածնում կայացած եկեղեցական թեմական ժողովում, որին ներկա են եղել թեմերից ժամանած առաջնորդներ, նրանց թվում՝ նաեւ Ֆրանսիայի պատվիրակությունը: Մամուլի այն հրապարակումը, ըստ որի Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից, հերքվում է Ֆրանսիայի թեմի տարածած հայտարարության մեջ: Իսկ լրատվամիջոցների՝ Մայր աթոռին ուղղված քննադատական հրապարակումները տեր Վահրամը բացատրեց մեր տարածաշրջանում «ինչ-ինչ» այցերի ակտիվացմամբ՝ չմանրամասնելով:
Բանախոսները նշեցին նաեւ, որ թյուր կարծիք կա, թե Մայր աթոռը փորձում է միջամտել հայկական համայնքների ներքին կյանքին եւ տիրանալ թեմերի եւ համայնքների ունեցվածքին: Նրանք ընդգծեցին, որ յուրաքանչյուր համայնքի սեփականությունը պատկանում է այդ համայնքին, թեմի սեփականությունը՝ թեմին, միայն, երբ թեմը լուծարվում է, այդ դեպքում է ունեցվածքն անցնում Էջմիածնին: Իսկ Մայր աթոռը, ընդհակառակը, ամեն կերպ փորձում է սատարել հայկական բոլոր թեմերին՝ հոգեւոր հովիվներով ապահովելով: Ըստ բանախոսների, երբ տեւական դադար է լինում հոգեւոր հովիվներ հասցնելիս, համայնքներում որոշ անհատներ մտածելով, որ իրենք հոգում են եկեղեցու որոշակի ծախսեր, կարծում են, թե իրավունք ունեն զբաղվել եկեղեցու ղեկավարմամբ, մինչդեռ հոգեւոր հովիվը պետք է զբաղվի զուտ ծիսակատարություններով: Սրան ի պատասխան, հոգեւորականներն ասացին, թե Հայ առաքելական եկեղեցին առանց այդ էլ հնարավորություն է տալիս 15-17 աշխարհականների ներգրավված լինել եկեղեցու կառավարման գործընթացում, ինչպես նաեւ կարող է նշանակվել աշխարհական ատենապետ, ով ղեկավարում է թեմը՝ հոգեւոր հովվի հետ համատեղ: Ինչ վերաբերում է 2009թ. ընունված կանոնադրությանը, դրանով Մայր աթոռը ձգտում է կանոնակարգել բոլոր թեմերի գործունեությունը, որպեսզի որոշ անհատներ, սեփական շահերից դրդված, որոշումներ չկայացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել