Լրահոս
Օրվա լրահոսը

41-րդ «Լոռվա ձմեռը»

Փետրվար 15,2011 00:00

\"\"Վանաձորի քաղաքապետարանը մտածում է փոփոխությունների մասին եւ մոռանո՞ւմ հրավիրել տոնի հիմնադրին

Խորհրդային տարիներին ՌԴ Մուրմանսկ քաղաքում «Հյուսիսային տոն» էր կազմակերպվում, որին մասնակցում էին մարզասերները, ակտիվ հանգստի սիրահարները: Ձմեռային մարզաձեւերի խաղերին զուգահեռ, նաեւ ազգային երգուպար ու ուրախ տոնախմբություն էր լինում: Հայկական Վանաձորի բնակիչ Լյուդվիգ Պետրոսյանը «Հյուսիսային տոնի» կազմկոմիտեի անդամ ու դատավոր է եղել եւ ՀԽՍՀ ֆիզկուլտկոմիտեի նախագահ: 1970 թ. վերադառնալով Վանաձոր, այն ժամանակ՝ Կիրովական, նա քաղաքային խորհրդին է ներկայացրել իր ծրագիրը՝ քաղաքում ունենալ մարզական տոն: Ծրագիրն ընդունվեց եւ 1970-ից այսկողմ Վանաձորի Թեժ լեռան հովտում ամեն ձմռանը կազմակերպվում է «Կիրովականի (Վանաձորի, Լոռվա) ձմեռ» տոնակատարությունը:
Առաջին տարին տոնն ու դրա մասնակիցները հազիվ 3 կմ շառավղով մի շրջանում էին տեղավորվում, հիմա՝ 10 կմ: Տոնի հիմնադիրը հիշում է, որ 1970-ին՝ հատուկ տոնի համար Ապարանից լարախաղաց հրավիրվեց, Հայաստանում եղնիկներ չկային, ուստի ձիեր բերեցին եւ ձիավազք եղավ. «Այդ տարի բնակչության խանդավառությունն այնքան մեծ էր, որ մեր քաղաքի սպորտային խանութներում դահուկ ու սահնակ չէր մնացել, արդեն պատվիրում էին այլ քաղաքներից: 10 հազարից ավելի դահուկ, սահնակ ու սպորտային հագուստ է վաճառվել»: Տոնը հետագայում տարածվել է այլ մարզերում:
41 տարի տոնին մշտապես մասնակցած Ռուբիկ Բաղդասարյանը նույն խանդավառությամբ է պատրաստվում յուրաքանչյուր տարի: «Լոռվա ձմեռ» տոնակատարության վետերանը նկատում է, որ վերջին տարիներին տոնը միապաղաղ է դարձել, նորություն ու հետաքրքրություն չկա, ափսոսում է, որ երիտասարդները նույն խանդավառությամբ չեն մասնակցում. «Ոչ մի երիտասարդ ձգտում չունի իր ունակությունները ցուցադրել, հիմա ավելի շատ գալիս են զբոսնելու, իրենց ընկերների հետ բնության գրկում հետաքրքիր ժամանց անցկացնելու, մի կտոր հաց ուտելու»:
41-րդ «Լոռվա ձմեռ» մարզատոնահանդեսը ոչնչով չտարբերվեց նախկին տարիների տոնից: Վանաձորի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Գուրգեն Գեւորգյանն էլ է կարծում, որ փոփոխություններ են պետք:
Այս տարի «Լոռվա ձմեռ» տոնակատարությանը 18 մարզաձեւերի հաղթողներն էլ մրցանակներ ստացան: Յոթ վետերաններ՝ Վանդոս Ղարագյոզյանը, Ռուբիկ եւ Նորիկ Բաղդասարյանները, Թաթուլ Շահինյանը, Լավրենտ Մատինյանը, Սարգիս Չիլինգարյանը, Վանիկ Կարդալյանը դահուկային սպորտի առաջատարներն են: Տոնի 90-ամյա հիմնադիր Լյուդվիգ Պետրոսյանը առողջական խնդիրների պատճառով այս տարի տոնին չի մասնակցել: Լյուդվիգ Պետրոսյանը նաեւ վիրավորված է, արդեն 2-րդ տարին Վանաձորի քաղաքապետարանը նրան չի հրավիրում «Լոռվա ձմեռ» տոնահանդեսին:

Հ. Գ. Լոռվա մեկ այլ քաղաքում՝ Ստեփանավանում նույնպես նախատեսված էր ձմեռային տոն անցկացնել, քամին, սակայն, այնքան ուժեղ է եղել, որ որոշվել է տոնը տեղափոխել եկող շաբաթ: Իսկ Օձուն գյուղում, 20 տարվա ընդմիջումից հետո, նորից «Լոռվա ձմեռ» տոնախմբություն է կազմակերպվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել