Սյունիքի մարզպետարանում հասկացել են, որ դեղերի գները իջեցնելը մեկ շաբաթվա հարց չէ
Փետրվարի 3-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետը դեղերի վաճառքով զբաղվող կապանցի գործարարներին առաջարկել է Կապանում վաճառվող դեղորայքի գինը իջեցնել 10 տոկոսով ու հանձնաժողով է ստեղծել, որը մարզկենտրոն Կապանում, հետո նաեւ մարզի այլ բնակավայրերում կհետեւի դեղամիջոցների գներին։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում դեղերի գները պետք է իջած լինեն եւ հայտարարել է՝ «եթե ընկերությունները չհամաձայնեն գները զեղչել, արդեն այլ լծակներ կօգտագործվեն»:
Արդեն մեկ շաբաթ է անցել, մի բան էլ ավելի, բայց դեղերի գները Սյունիքում նույնն են մնացել՝ չնչին փոփոխություններ են նկատվում որոշ դեղատներում, իսկ մեծամասամբ դեղորայքը վաճառվում է նույն արժեքով: Դեղատների պատասխանատուները հավաստիացնում են, որ դեղորայքի գները միանգամից 10 տոկոս իջեցնելը անիրական է, ի վերջո՝ դա բիզնես է, եւ ներմուծող ընկերություններին առաջին հերթին պետք է հարմար լինի փոփոխությունը: «Ալֆաֆարմ» ներմուծող ընկերությունը Կապանում 2 դեղատուն ունի, որոնց համակարգողը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց դեղատներում, ի տարբերություն մյուսների, առանց այն էլ վաճառվող դեղերը համեմատաբար էժան են եւ մատչելի: Դեղերն էժանացնելն էլ, ըստ նրա, րոպեական գործ չէ, իրենք չեն կարող, դա պայմանավորված չէ իրենց ցանկությամբ: «Մենք ինքնագլուխ ոչինչ չենք կարող անել, ներմուծող ընկերությանը պետք է հարմար լինի առաջին հերթին, դա բիզնես է, մարդիկ պլաններ ունեն իրենց գործի հետ կապված: Մենք Երեւանին տեղյակ ենք պահել, մարզպետի խնդրանքի մասին հայտնել ենք, եթե համաձայնեն իջեցնեն, ապա մենք դեմ չենք լինի»,- փոխանցում է «Ալֆաֆարմի» ներկայացուցիչը:
«Նատալիֆարմի» Կապանի համակարգողը մեկ ասում էր, թե դեղերի գներում փոփոխություն չի եղել, մեկ էլ պնդում, թե 8,10 եւ 15 տոկոսի չափով տարբեր անուն դեղորայքի գներն էժանացել են:
«Ղռեր» ՍՊԸ-ի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ իրենց դեղատնում դեղերի գների փոփոխություն չի եղել: Ըստ նրա, զեղչերի իրականացման մեխանիզմը բարդ է. «Ի՞նչ մեխանիզմով պետք է 10 տոկոս զեղչենք գները: Եթե ներկրող ընկերությունը իջեցնի, խնդիր չկա, մենք էլ կիջեցնենք: Եթե թանկ ներմուծված դեղերը էժան վաճառենք, յուրաքանչյուր դեղատուն 100- 200 հազար դրամի կորուստ կունենա: Կա լուծման տարբերակ: Պետք է նոր ապրանքաքանակը էժան գներով ձեռք բերելուց հետո 1 կամ 2 ամիս շարունակենք վաճառել հին գներով, որպեսզի մնացորդի հարցը լուծվի-փոխհատուցվի, այնուհետեւ արդեն վաճառվի էժան գներով: 1 կամ 2 տոկոսի խնդիր չի այստեղ, ես ներմուծող ընկերության հետ 10 տոկոս էժանացնելու համար չեմ կարող պայմանավորվել, քանի որ մանրածախ դեղատուն է, ապրանքաշրջանառությունը մեծ չէ»:
Իսկ Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կապանի դեղատների հետ պայմանավորվածությունն ուժի մեջ է, դեղորայքի գներում փոփոխություն չկան, քանի որ դեռեւս հին դեղորայքն է վաճառքի, երբ նոր ապրանքաքանակը ներկրվի էժան գներով, այդ ժամանակ դեղորայքի շուկայում էական տարբերություն կնկատվի: Խնդրին հետեւողական կլինենք եւ կանդրադառնանք որոշ ժամանակ անց: