Լրահոս
Օրվա լրահոսը

5 ՀԱՅ՝ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Փետրվար 15,2011 00:00

Երեկ ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է 2010–ի ՌԴ ամենահարուստ 500 մարդկանց վարկանիշային աղյուսակը, որը արդեն երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը, որը ՌԴ ամենաքիչ երեւացող գործարարներից է։ Նրա կարողությունը գնահատվում է $28,3 մլրդ՝ 2009–ի համեմատ աճելով 2 անգամ։ Երկրորդ հորիզոնականը կրկին մնացել է նախորդ տարվա «տիրոջը»՝ «Օնեքսիմ գրուպ» ընկերության նախագահ Միխայիլ Պրոխորովին՝ իր $22,7 մլրդ կարողությամբ։ Իսկ արդեն երրորդ հորիզոնականը փոխվել է՝ հայտնի Ռոման Աբրամովիչի փոխարեն այնտեղ հայտնվել է «Մետալոինվեստ» ընկերության հիմնադիր Ալիշեր Ուսմանովը՝ $19,9 մլրդ կարողությամբ, որը նախորդ տարի զբաղեցնում էր 7-րդ տեղը: Աբրամովիչը երկու աստիճան նահանջելով՝ հայտնվել է 5–րդ հորիզոնականում՝ $17,1 մլրդ կարողությամբ: 4-րդը «Ռուսալի» սեփականատեր Օլեգ Դերիպասկան է՝ $19 մլրդ:
Այս ցուցակում ընդհանուր առմամբ ՌԴ 114 միլիարդատեր քաղաքացի կա: Այդ թվում՝ «Տաշիր գրուպի» նախագահ եւ սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 98-րդ հորիզոնական ($1,1 մլրդ), «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը՝ 102-րդ տեղ ($1,1 մլրդ), նրա գործընկեր եւ եղբայր Սերգեյ Խաչատուրովը՝ 103 (1,1 մլրդ), «Ռեսո գարանտիի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սարկիսովը՝ 111 ($1 մլրդ), «Ռեսո» եւ «Ռեսո գարանտիի» տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը՝ 112 ($1 մլրդ): «Տրոյկա դիալոգի» հիմնական սեփականատեր Ռուբեն Վարդանյանի կարողությունը չի հասնում միլիարդի, եւ նա իր $0,61 մլրդ կարողությամբ դուրս է մնացել 114 միլիարդատերերի ցանկից, բայց 500 ամենահարուստների մեջ 174-րդն է: 275-րդը Իգոր Ավանեսյանն է՝ $0,36 մլրդ: 299-րդը ՌԴ Պետդումայի պատգամավոր, հետախուզվող Աշոտ Եղիազարյանն է ($0,32 մլրդ), 430-րդը «Ցենտրալ պարտներշիփի» նախագահ Ռուբեն Դիշդիշանն է՝ $0,19 մլրդ կարողությամբ, 439-րդը (0,19մլրդ) «Բորոդինո» ընկերոթյան համասեփականատեր Տիգրան Ներսիսյանն է, 443-րդը «Տաշիր գրուպի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանն է (0,18 մլրդ), 452-րդը «Տաշիր» գրուպի անվտանգության ծառայության պետ Վասպուրակ Պողոսյանն է (0,18 մլրդ), 454-րդ տեղում Արտյոմ Խաչատրյանն է՝ Sun Investments Partners ընկերության գործընկերներից (0,18մլրդ): Այսպիսով, այդ ցուցակում ունենք 5 միլիարդատեր եւ եւս 8 մեծահարուստ, որոնց կարողությունն անցնում է $180 միլիոնից, եւ նրանք բոլորն էլ իրենց բիզնեսը, ըստ «Ֆինանսի», սկսել են 0-ից: Հետաքրքիր է, որ այս ցուցակում չկա Արա Աբրահամյանի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել