Ինչպես հայտնի է՝ Գյումրիի վրացական պետհամարանիշ ունեցող մեքենայի վարորդները մեկ շաբաթից ավելի է՝ ամեն օր տարբեր բողոքի ակցիաներ են անցկացնում Շիրակի մարզում՝ իրենց բողոք-նամակները հանձնելով գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին: Հիշեցնենք, որ նրանց բողոքն ուղղված է մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, համաձայն որի՝ նրանք հարկադրված են մաքսազերծել հարեւան երկրից գնված մեքենան, որն ավելի թանկ է նստում, քան մեքենայի արժեքն է: Երեկ գյումրեցի վարորդներին միացան «Պինգվին» ՍՊԸ տոնավաճառի առեւտրականները: Վերջիններս էլ զայրացել էին այն փաստից, որ հարկայինը սկսել է անխտիր 150 000 դրամ տուգանել բոլորին՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պատճառաբանությամբ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ հարկայինը նույն չափի գումարով տուգանել է նաեւ խանութատերերին: «Հերիք է գրպանահատությամբ զբաղվեն ու դատարկ բյուջեն մեր հաշվին լցնեն» կարգախոսով երեկ տոնավաճառի բոլոր առեւտրականները միացան վարորդների բողոքին՝ խոստանալով մինչեւ վերջ պայքարել երկրում տիրող անարխիայի դեմ: