Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ վարչակազմը տապալեց Նիկոլի դատը

Փետրվար 15,2011 00:00

Երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սկսվեց ու երկարատեւ ընդմիջումներով վեց ժամ տեւեց քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը՝ կապված նրա պատժաչափի սխալ հաշվարկման հետ: Երեկվա դատական նիստին իշխանությունները յուրատեսակ էին պատրաստվել. դատարանի դահլիճը նախապես լցրել էին ԱԱԾ աշխատակիցներով, ովքեր մանրակրկիտ հետեւում ու նկարում էին մասնակիցներին, ձայնագրում էին լրագրողների խոսակցությունները: Նախքան դատական նիստի սկսվելը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը լրագրողներին հայտարարեց, որ շուրջ երկուսուկես ամիս է՝ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը ապօրինաբար հրաժարվում է ընդունել ու ուղարկել իր նամակները, հոդվածները, ավելին՝ իրեն զրկել են անգամ փաստաբանների հետ հանդիպելիս նրանց փաստաթուղթ փոխանցելու հնարավորությունից, նույնիսկ այնպիսիք, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջադրած հարցերի պատասխաններն են: «Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ: Այդ ամենի մասին ահազանգել են ԶԼՄ-ները, իմ փաստաբանները, իրավապաշտպանները, իմ հարազատները, ես ինքս, բայց այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները չեն դադարել, այլեւ ավելի են ահագնացել: Սա ապացույցն է այն բանի, որ ապօրինությունները հրահանգավորված են ՀՀ իշխանությունը բռնազավթած ապօրինի վերնախավի կողմից»,- ասաց քաղբանտարկյալը:
Դատական նիստը սկսվելուն պես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը դատավոր Եվա Դարբինյանից փորձեց ճշտել, թե դռնբա՞ց է արդյոք դատական նիստը, եւ եթե այո, ապա ինչո՞ւ դրսում կանգնած մարդիկ կան: «Ես ու իմ կոլեգա Վահե Գրիգորյանը մինչեւ ժամը 12-ը ներկայացել ենք ՔԿՀ, սակայն թույլ չեն տվել ներս մտնել, իսկ երբ ներս մտանք, տեսանք, որ դահլիճում 7-8 հոգի են նստած»,- նեղսրտեց փաստաբանը: Նրա միջնորդությունը բավարարվեց, դրսում սպասող ՀԱԿ ակտիվիստները ներս հրավիրվեցին գաղութ: Նիկոլ Փաշինյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի թույլ տան իրեն բանտախցից դուրս բերել իր փաստաթղթերը: «Այս դատին ձեռնունայն եմ ներկայացել, մինչդեռ կողմերը ունեն հավասար իրավունքներ, ես ոչ ձեր, ոչ էլ Սերժ Սարգսյանի գերին եմ, ես չեմ կարող ներկայանալ առանց այդ փաստաթղթերի, որոնք պատրաստել եմ  դատավարության համար, դա արգելված չէ ՔԿՀ ներքին կանոնադրությամբ»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը: Ու չնայած դատարանը բավարարեց նրա միջնորդությունը, սակայն «Արթիկ» ՔԿՀ վարչախումբը, հաշվի չառնելով դատարանի որոշումը, համառորեն արգելում էր Նիկոլ Փաշինյանին բանտախցից դուրս հանել փաստաթղթերը:
Կես ժամ հայտարարված ընդմիջումը տեւեց երկուսուկես ժամ: Այս անգամ էլ նա ձեռնունայն ներկայացավ, քանի որ, ըստ նրա, «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ թույլ կտա փաստաթղթերը խցից դուրս բերել միայն այն դեպքում, երբ ծանոթանա դրանց բովանդակությանը ու համոզվի, որ դրանք առնչվում են տվյալ դատական գործին: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չէր համաձայնել՝ պահանջելով իրեն ուղեկցել դատարանի դահլիճ՝ իրավիճակը պարզաբանելու: Դատավորը գաղութի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանին հարցրեց, թե ինչո՞ւ են նման իրավիճակ ստեղծել: Վերջինս պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը իր նամակները «ՀԺ» խմբագրություն պիտի ուղարկի ՔԿՀ վարչակազմի միջոցով: Ն. Փաշինյանը զայրանում էր՝ եթե ոչ ինքը, ապա ո՞վ կարող է որոշել, թե որ փաստարկն է իրեն անհրաժեշտ դատարան ներկայացնելու համար, որը՝ ոչ: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը նույն միջնորդությունը նորից ներկայացրեց, ու երկրորդ անգամ միայն նրան հնարավորություն տրվեց դատարան ներկայացնել փաստաթղթերը, ընդ որում՝ գաղութի ներկայացուցիչը նախապես տեսել ու համոզվել էր, որ դրանք բացառապես առնչվում են տվյալ դատավարությանը: Դատաքննությունը սկսվեց աշխատանքային օրվա ավարտին, եւ ընդմիջվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել