Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) նախագահ Բեկոր Փափազյանի ամսական 6,2 մլն դրամ աշխատավարձը, շատ բնականորեն, ապշեցրել է միջինը 100 հազար դրամ աշխատավարձով (իսկ նվազագույնը՝ 30 հազար դրամ) ապրող հայաստանցիներին: Եթե ՀԱՄՀ-ի եւ, մասնավորապես՝ պարոն Փափազյանի արած աշխատանքը գոնե որոշ չափով համատեղելի լիներ նրա ստացած աշխատավարձին, ապա, թերեւս, այսքան աղմուկ չբարձրանար: Թե որքանով է մեր երկրի ազգային մրցունակությունը բարձրացել այս հիմնադրամի գործունեությունից հետո՝ այլ վերլուծության թեմա է, բայց այն, որ հիմնադրամը զբաղվում է նաեւ ամենեւի՛ն իր առաքելության հետ կապ չունեցող գործով՝ ապացուցում է այն հայտարարությունը, որը այս կազմակերպությունը տարածել է վերջերս: Հայտարարության մեջ գրված է. «Հարգելի գործընկերներ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղեկացնում է, որ սեւծովյան տարածաշրջանում «Anaklia-Zugdidi» ազատ զբոսաշրջային գոտու ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են: Վրաստանի կառավարությունը ներդրողներին տալիս է ծովափնյա տարածքներում հյուրանոցների կառուցման աննախադեպ պայմաններով հնարավորություն: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.economy.gove.ge կայքը: «Anaklia-Zugdidi» ազատ զբոսաշրջային գոտում ներդրումներ անելու հետաքրքրության դեպքում խնդրում ենք կապ հաստատել Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության հետ», եւ տրված էր համապատասխան հասցեներ եւ հեռախոսահամարներ:
Թե որքանո՞վ է Հայաստանի ազգային մրցունակությունը բարձրանում մեր գործարարներին հարեւան երկրի զբոսաշրջության մեջ ներդրումներ անելուն դրդելու քաղաքականությամբ, թող մտածի, մասնավորապես, այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, որը շաբաթ օրը կայացած իր ասուլիսում, անդրադառնալով հայկական կապիտալի՝ դեպի Վրաստան տեղափոխման մասին լուրերին, դրանք համարել է «չափազանց չափազանցված»: Եվ հավանաբար, որպեսզի այդքա՛ն չափազանցված չլինեն այդ թվերը, նրա հոգաբարձության տակ գտնվող հիմնադրամը որոշել է նպաստել հայ գործարարների՝ Վրաստանը զարգացնելու փառապանծ գործին: Թող այդ մասին մտածի ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի ղեկավարած կառավարության սահմանած՝ մեքենաների մաքսազերծման համար նախատեսված չարդարացված աստղաբաշխական գումարները դրդում են ՀՀ քաղաքացիներին հայտարարել, որ ավելի շուտ պատրաստ են դառնալ Վրաստանի քաղաքացի, քան իրենց մեքենաների արժեքը գերազանցող մաքսատուրք մուծել:
Եվ վերջապես, գուցե այդ մասին մտածելու բան ունեն այդ հիմնադրամի այն հոգաբարձուները, ովքեր ապրելով դրսում՝ Հայաստանի տնտեսության մեջ են ինչ-որ ներդրումներ անում (ասենք՝ Ռուբեն Վարդանյանը), եւ հիմա իրենց ստեղծած հիմնադրամը, փոխանակ ամեն ինչ անի, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա, մրցունակությունը բարձրանա, գովազդում է Վրաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելը:
Ի դեպ, մեզ այս հայտարարությունը փոխանցած անձը իր որակումն ուներ ՀԱՄՀ-ի այդ քայլին՝ «դավաճանություն»: Կարճ, կոնկրետ եւ ուղիղ նշանակետին: