Սեփականատերերը չեն պատկերացնում՝ նույն տանն ինչպես են ապրելու մեկ այլ ընտանիքի հետ
Երեկ ՀՀ կառավարության շենքի մոտ ցուցարարների նոր խումբ էր հավաքվել: Նրանք պետական ատյաններից պահանջում էին միջամտել եւ պարզել իրենց նկատմամբ կատարված ապօրինության մեղավորներին: Բանն այն է, որ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում կառուցվող շենքերից մեկի ապագա տերերը պատահաբար պարզել են, որ իրենց բնակարանները այլ սեփականատերեր էլ ունեն: Այսինքն՝ այդ շենքի բնակարանները վաճառվել են միանգամից մի քանի հոգու: Նրանց պատմելով, իրենք շենքի կառուցապատողի հետ պայմանագրեր են կնքել եւ, ըստ նրանց, վճարել բնակարանի գումարի մի որոշ չափը, սակայն պարզվել է, որ իրենց բնակարանները վաճառվել են նաեւ այլ մարդկանց. «Մեր շենքը 16 հարկանի է եւ ունի 130 բնակարան, որից 100-ն արդեն կրկնակի վաճառվել է: Պատկերացնո՞ւմ եք, մենք էլ հույսով սպասում ենք, թե շուտով նոր տուն ենք տեղափոխվելու ու մեկ էլ պարզվում է, որ մեր բնակարանում 2 ընտանիք պետք է ապրի»:
Բնակիչների խոսքերով, իրենք պատկերացում էլ չունեն, թե ում պետք է դիմեն այդ խաբեության համար եւ հույս ունեն, որ գուցե պետության միջամտությունից հետո կկարողանան մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
«Առավոտի» հարցին ի պատասխան, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանն ասաց, որ համայնքն այդ շենքի հետ որեւէ կապ չունի, քանի որ 16-րդ թաղամասում կիսակառույց վիճակում գտնվող այդ շենքը կոոպերատիվ հիմունքներով է կառուցվում եւ համայնքի հաշվեկշռում չկա, ուստի իրենք դրա համար որեւէ պատասխանատվություն չեն կրում: Պարոն Ալոյանի խոսքերով. «Հավանաբար խոսքը 16-րդ թաղամասի 14/3 շենքի մասին է: Այդ շենքը կառուցվում է սեփական ներդրումների հաշվին: Ըստ երեւույթին, կառուցապատողը նույն բնակարանի համար ընդգրկել է նաեւ այլ բնակիչների, եւ նրանցից էլ գումար վերցրել եւ այսօր մարդկանց կանգնեցրել փաստի առաջ: Բայց քանի որ համայնքը կապ չունի այդ ամենի հետ, բնակիչները պետք է դիմեն դատարան»: ՀՀ կառավարությունից էլ հայտնեցին, որ բողոքի ակցիայի մասնակիցների դիմումն ընդունվել է, եւ դրան համապատասխան կարգով ընթացք կտրվի: