Թե ում են այնտեղ թողնում՝ առայժմ պարզ չէ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը դեռեւս Ամանորից առաջ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նրանց խիստ զգուշացրել էր, որ 2011-ին եթե ինչ-որ քայլեր չձեռնարկեն նպաստառուների ցուցակում խախտումները վերացնելու համար՝ իրենից չնեղանան: Նախարարի խոսքերով՝ «Նպաստառուների ցուցակներում մարդիկ կան, որ ծիծաղելի է ուղղակի նրանց ընդգրկել այս համակարգում, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նպաստ ստանա մի մարդ, որն ունի բիզնեսներ ու մեծ գործունեություն է ծավալում մեր երկրում, բա ձեր խիղճը ո՞ւր մնաց»: Դեռ նոր է տարին սկսվել, բայց, ինչպես երեւում է, սոցիալական ծառայության աշխատողները նախարարի խոսքերը «լավ չեն ընկալել»: Նրանք այս տարի էլ նպաստառուների ցուցակները ճշգրտում են իրենց հին ու փորձած մեթոդներով՝ անհիմն պատճառաբանություններով զրկելով մարդկանց իրենց համար կենսական նշանակության այդ նպաստից:
Մի անհեթեթ պատճառաբանությամբ նպաստից զրկել են Պռոշյան գյուղի Անդրանիկի 3-րդ շենքի 13 բնակարանի բնակիչ Սայադ Գեւորգյանին («Փարոսի» գրքույկի համարը՝ 161361): Նրան 1 տարի անապահովության նպաստ տալուց հետո սոցաշխատողները համակարգչով հանկարծ գտել են, որ նպաստառուի տան վրա գրանցված է նաեւ նրա քույրը՝ Աննման Գեւորգյանը, եւ դա պատճառ է դարձել՝ ընտանիքին «սոցիալապես ապահով» համարելու համար: Սակայն խնդիրն այն է, որ այդ քույրը միշտ էլ գրանցված է եղել այդ տան վրա, բայց նա վաղուց ամուսնացել-գնացել է, այսինքն՝ փաստացիորեն այլ տեղ է ապրում: Ընդ որում, դա սոցիալական աշխատողները ներկայացրել են իբր ինչ-որ հանցանքի բացահայտում՝ ասելով, թե համակարգչով ստուգումներ ենք արել ու հայտնաբերել: Հավանաբար Պռոշյանում նախարարի խոսքերը այլ կերպ են հասկացել ու նպաստառուների ցուցակները մաքրելու համար ընտրել իրենց ուզած մեթոդները: Նշենք, որ 22 հազար դրամ նպաստն այդ ընտանիքի համար իսկապես մեծ նշանակություն ունի, հատկապես, որ տանը մանկուց հաշմանդամ երեխա կա:
10 տարի շարունակ նպաստառուների ցուցակում ընդգրկված Աղյուսագործների 2-րդ փողոցի 88 տան բնակիչ Աստղիկ Ավոյանը այս տարի հունվարին նույնպես զրկվել է նպաստից: Կենտրոնի սոցիալական ծառայության աշխատակից Անահիտ Ներսիսյանը նպաստառուի հարազատներին ասել է, որ վերջին շրջանում շատ են էլեկտրաէներգիա ծախսել, ուստի 6 ամսով 86-ամյա միայնակ ու անժառանգ կնոջը զրկել է իր 13500 դրամ նպաստից: Սա այն դեպքում, երբ արդեն 5 տարի է՝ այդ կնոջ տան էլեկտրամատակարարումը դադարեցված է, որի մասին կա էլցանցերից համապատասխան տեղեկանք: Ավելին, անկողնային հիվանդ կինը նույնիսկ այդ տանը չի բնակվում, ուստի չէր կարող ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջուր, ոչ էլ գազ ծախսել, այն էլ՝ չափից շատ: Երբ նպաստառուի հարազատները շտապել են այս մասին տեղյակ պահել սոցաշխատողին, վերջինս պատճառաբանել է, որ էլեկտրաէներգիա շատ է ծախսում Հովսեփ Ավոյանը, այսինքն՝ նպաստառուի եղբորորդին, որն առանձին տուն ունի եւ իր ընտանիքի համար կարող էր շատ կամ քիչ էլեկտրաէներգիա ծախսել: Հարազատների խոսքերով. «Ցավալին այն է, որ հիմա Աստղիկը 86 տարեկան միայնակ կին է, ծանր հիվանդ, նրան ամենօրյա խնամք ու ծախսեր են պետք՝ փամփերսից սկսած: Նա կարող է 6 օր էլ չապրել, բայց 6 ամսով դադարեցրել են նպաստը: Մեր թաղամասում շատ նպաստառուներ կան, որոնք շատ ավելի լավ պայմաններում են ապրում, բայց չեն զրկվել նպաստից: Այդտեղ գաղտնիք չկա, մարդիկ պարզ ասում են, որ պետք է սոցիալական ծառայության աշխատողին լավ նայես, նրա հետ կիսվես, փայ տաս, որ նպաստից չզրկվես: Եթե բանը մեր երկրում արդեն դրան է հասել, մենք պատրաստ ենք մի քանի ամսվա նպաստ էլ ծախսել, բայց վերականգնել արդարությունը եւ այդ կնոջն ազատել աշխատանքից»: Մինչդեռ քաղաքապետարանից եւ Կենտրոնի սոցիալական ծառայությունից «Առավոտին» տված պարզաբանումներից պարզ դարձավ, որ 2008-ին վերահաշվարկ է կատարվել ու նպաստառուի հարազատները փաստաթղթերում հենց Հովսեփ Ավոյանի հաշվիչի համարն են նշել, ինչի պատճառով էլ 2011-ի հունվարից նպաստ չեն ստանում, քանի որ սխալ տեղեկատվություն են ներկայացրել: Մեր հարցին, թե 2008-ին նշել է՝ նո՞ր եք հայտնաբերել, Կենտրոնի սոցծառայությունից բացատրեցին, որ այդ հաշվիչը 296 կվտ գերածախս նոր է արձանագրել. «Ընդ որում, դա եղել է ամռան ամիսներին, ինչը բացահայտ շռայլություն է՝ աղքատի համար, որը պետք է առավելագույնը 156 կվտ ծախսեր»: Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» տված պարզաբանման համաձայն. «Ըստ էության, քաղաքացին սխալ տեղեկատվություն է ներկայացրել ՍԾՏԲ։ Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու դեպքում քաղաքացին 6 ամսով զրկվում է նպաստից: Բայց հաշվի առնելով Աստղիկ Ավոյանի սոցիալական ծանր վիճակը եւ այն, որ հաշվիչի սխալ թիվ ներկայացնելը բնակչի կողմից հնարավոր է ոչ միտումնավոր է եղել, փետրվարից արդեն նրա անապահովության միավորը կվերականգնվի»: Սակայն սոցիալական ծառայությունից տեղեկացրին, որ այդ նպաստառուն ոչ միայն փետրվարին էլ նպաստ չի ստանա, քանի որ նախարարությունը մերժել է, այլ հնարավոր է, որ բնակչից կատարվի 1 տարվա հետգանձում. «Բանն այն է, որ Աստղիկ Ավոյանին մենք դիտարկել ենք որպես միայնակ թոշակառու, թեեւ նրան պահում են իր բարեկամները, էլեկտրաէներգիայի հաշվիչը չի աշխատում, առանձին ջրաչափ չունի, այսինքն՝ առանձին չի ապրում»: Նպաստառուի հարազատները պնդում էին, որ սոցիալական աշխատող Անահիտ Ներսիսյանն իր տեղը նստած ճշտումներ է անում ու զլանում է գոնե մեկ անգամ այցելել նպաստառուի տուն ու իր աչքով տեսնել՝ ինչպես է ապրում նա: Քաղաքապետարանից վստահեցնում են, որ տունայց կատարվել է, քանի որ կա նպաստառուի ստորագրությունը: