Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ

Փետրվար 15,2011 00:00

2011թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ: Կոլեգիայի նիստում քննարկվեց եւ ամփոփվեց ՀՀ դատախազության 2010թ. կատարած աշխատանքների արդյունքները:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազների տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ՝ ծեծի աճ
Քրեական գործերի նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ դատարաններում մեղադրանքի պաշտպանության որակը ապահովելու ուղղությամբ զեկուցեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, որն ասաց, որ 2010թ. ընթացքում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի աճ՝ 1138-ով կամ 8%-ով եւ կազմել է 15477 դեպք:
230-ով կամ 7,2 %-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (3432 դեպք)՝ կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 22 %-ը:
Ընդ որում՝ 2010թ. 349-ով կամ 34%-ով աճել են ծեծի /ՀՀ քր. օր. 118-րդ հոդ./ (1029-1378), 9-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (73-82):
26-ով նվազել են սպանության (68-42), 5-ով՝ սպանության փորձերի (29-24), 83-ով՝ առողջությանը վնաս հասցնելու (1436-1553), այդ թվում՝ 14-ով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը (181-167): Մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճը պայմանավորվել է ծեծի դեպքերի աճով:
Թեեւ առողջությանը թեթեւ վնաս հասցնելու դեպքերը նվազել են 35-ով, սակայն դրանք ծեծի դեպքերի հետ կազմել են մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների 64 %-ը:
Հանցավորության հանգամանալից վերլուծությունը ցույց է տվել, որ այս բնույթի հանցագործությունների առանձին տեսակների աճը պայմանավորված է սոցիալական, իրավական, անհատական եւ կազմակերպական բնույթի տարբեր գործոններով: Մասնավորապես՝ ծեծի եւ առողջությանը թեթեւ վնաս հասցնելու դեպքերի աճը պայմանավորված է ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հանցագործությունների հաշվառման, գրանցման գործընթացի բարելավմամբ:
Հուսադրող է այն, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճի պայմաններում էական նվազում է արձանագրվել հատկապես սպանությունների, սպանության փորձերի, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերով:
Դրական տեղաշարժ է արձանագրվել բացահայտման աշխատանքներում: Նշված բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 96%՝ նախորդ տարվա 95.6 %-ի դիմաց:
Աճել են սպանությունների (66%-71.4%), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու (81%-83%), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (94.5%- 97.5%) բացահայտման ցուցանիշները: Նվազել են սպանության փորձերի (90-87.5%) բացահայտման ցուցանիշները:
Շարունակվել է առավել մեծ ուշադրություն դարձվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու վերաբերյալ քրեական գործերին:
Շարունակում է անհանգստացնող մնալ հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման վերաբերյալ թերի նյութերը կարգագրին կցելու արատավոր պրակտիկան: Արդյունավետ քրեական քաղաքականություն իրականացնելու նպատակով պետք է խիստ կարեւորել տարածքի ոստիկանության բաժիններում հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ լուծման մասին օրենքի պահանջների կատարման վիճակի ամենամսյա ստուգումները, քանի որ հանցագործությունները թաքցնելու արատավոր գործելաոճը խաթարում է տվյալ տարածքում, ապա նաեւ երկրում հանցավորության իրական պատկերը՝ նվազեցնելով հանցավորության դեմ իրականացվող քրեաիրավական պայքարի արդյունավետությունը: Այս հարցի կարգավորման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից մշակված ՀՀ կառավարության որոշման նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեեւ փորձ է արվել որոշակի կարգավորելու կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների եւ այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ լուծման հարաբերությունները, սակայն այդ նախագծում առանձին մոտեցումներ անընդունելի են: Նախագիծը լրամշակելու նպատակով մեր կողմից առաջարկություններ են ներկայացվել, որոնք, հատկապես, միտված են նրան, որ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հաղորդման ստուգման ընթացքում քրեադատավարական գործողություններ կատարելիս ընթացքը պարտադիր լուծվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ Ազգային անվտանգության մարմնիններում քննվող գործերով
ՀՀ գլխավոր դատախազության համանուն վարչությունը հսկողություն է իրականացրել 234 քրեական գործերի, այդ թվում՝ տվյալ տարում հարուցված 158 քրեական գործի նկատմամբ: Ավարտվել է 101 քրեական գործի վարույթ, 91-ը՝ 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ: Նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 30 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 12 գործ՝ 39 անձի նկատմամբ (9-14), մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) վերաբերյալ քննվել է 12 գործ, որոնցից 4-ը՝ 4 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախապատրաստված նյութերով եւ քննված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 754.961.000 դրամ, որից 493.366.000-ը մաքսանենգության դեպքերով է, որը լիովին վերականգնվել է:
264.595.000 դրամի վնասն առաջացել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, հարկերից եւ տուրքերից խուսափելու վերաբերյալ քննված գործերով, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 38.381.000 դրամ, իսկ տարբերությունը կազմող 226214000 դրամի մասով մեղադրյալների համարժեք գույքի վրա դրվել է արգելանք:
Տեղազննության
անվան տակ

Դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն էլ ասաց, որ դատախազության մարմինները 2010 թվականի ընթացքում մեծածավալ աշխատանք են կատարել կոռուպցիոն հանցագործությունների գործերով օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիոն երեւույթների բացահայտման, դատախազական պատշաճ հսկողության ու դատավարական ղեկավարման ուղղությամբ: Այսպես՝ եթե 2009թ. ընթացքում հանրապետությունում իրավասու բոլոր մարմինների կողմից նախապատրաստվել եւ ավարտվել է 771 նյութ, որից 370-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2010թ. նույն ժամանակահատվածում նախապատրաստվել է շուրջ 895 նյութ կամ նախորդ տարվա համեմատությամբ 124-ով ավելի, որից 385-ով հարուցվել է քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 15-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել է կոռուպցիոն բնույթի 375 գործ (նախորդ տարվա՝ 341-ի համեմատ), 158 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի՝ 155-ը), 58-ը՝ արդարացման հիմքով (նախորդ տարի՝ 54-ը), 100-ը՝ ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի՝ 101-ը):
2010թ. դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 150 քրեական գործ՝ 193 անձի նկատմամբ (նախորդ տարի 183 քրեական գործ՝ 240 անձի նկատմամբ) կամ 33 քրեական գործով եւ 47 անձով պակաս, որոնցից դատապարտվել է 144 քրեական գործով 182 անձ (նախորդ տարի՝ 161 քրեական գործով 208 անձ), կամ 17 գործով եւ 26 անձով պակաս:
Հիմնավորված իրողություն է, որ օպերատիվ -հետախուզական եւ օպերատիվ ծառայություն իրականացնող ոչ քիչ անձինք ըստ ամենայնի չեն տիրապետում ձեռնարկվելիք գործողությունների դատավարական ընթացակարգերին եւ շատ հաճախ ուժային մեթոդների կիրառմամբ կատարված այս կամ այն գործողությունը դառնում է այլեւս ապօրինի, հետեւաբար՝ նաեւ քրեական գործի համար ոչ պիտանի:
Դիտարկումներից պարզորոշ երեւում է, որ երբ, ասենք, տեղազննության անվան տակ, իրականում առանց դատարանի որոշման կատարվում են խուզարկություններ, երբ հատկապես կաշառքի բացահայտման նպատակով նկարահանումներն ու ձայնագրառումները կատարվում են ոչ պրոֆեսիոնալ ձեւով ու երբեմն էլ ծայրահեղ մաշված այնպիսի տեխնիկական միջոցներով, որ դրանց պիտանիությունն ու ապացուցողականությունը ըստ էության դառնում է խիստ վիճարհարույց: Կամ էլ երբ այս կամ այն գործողությանը ընթերակա մասնակից դարձնելը դառնում է չափազանց ձեւական, երբեմն նույնիսկ դատավարական որեւէ գործողություն ավարտված ու արձանագրված լինելուց հետո, երբ իրեղեն ապացույցները սահմանված ու պատշաճ կարգով իրենց կարեւոր հատկանիշներով չեն նկարագրվում, չեն փաթեթավորվում ու պահպանվում եւ այլն: Սրանք քրեական գործերի հետագա ճակատագիրը կանխորոշող էական հանգամանքներ են, սակայն հաճախ վստահվում են դատավարական նորմերին խորությամբ չտիրապետող ոչ արհեստավարժ անձանց:
Վերականգնվել է
պետությանը
հասցված վնասը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով, պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով զեկուցեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Նա տեղեկացրեց, որ պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններով 2010թ. ընթացքում հայտնաբերվել է 553 իրավախախտում, հարուցվել է 123 քրեական գործ եւ 1 մլրդ 839 մլն դրամի բռնագանձման պահանջով՝ 260 հայց, քննվել եւ բավարարվել է 162 հայց՝ 1 մլրդ 381 մլն դրամ հայցապահանջով, մերժվել է 7 հայց, կարճվել՝ 14-ը, մյուսները դեռ չեն քննարկվել: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում կամովին պետբյուջե է վերականգնվել 972 մլն 458 հազար դրամ, բացի այդ, դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 103 մլն դրամ:
2010թ. ընթացքում պետական մարմիններից, այդ թվում՝ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություններից, ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից, ՀՀ վերահսկիչ պալատից եւ այլ մարմիններից ու անձանցից ստացված հաղորդումների հիման վրա պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է 48 քրեական գործ:
Կոռուպցիոն ռիսկեր՝ քրեակատարողական հիմնարկում
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում օրինականության պահպանման ընդհանուր վիճակին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռեւս զգալի բացթողումներ եւ թերություններ կան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման, ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, այն փոփոխելու աշխատանքներում:
Երբեմն ՔԿ հիմնարկները անտեսում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, դրանց ներկայացման կարգով նախատեսված պահանջները, առանց հաշվի առնելու հանցավորի անձը, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագիծը, պատժի չկրած մասի չափը, անհիմն միջնորդություններով դիմում են համապատասխան հանձնաժողով եւ դատարան: Այդպիսի անհիմն միջնորդությունների զգալի մասը մերժվել է հանձնաժողովի կողմից, մի մասն էլ մերժվել է դատարանների կողմից՝ դատախազի միջնորդության հիման վրա՝ չնայած պայմանական վաղաժամկետ ազատված 269 դատապարտյալներից 27-ը, այնուհանդերձ, կատարել են նոր հանցագործություններ: Մի շարք դեպքերում, երբ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատժի մի մասը կրելուց հետո նրանց համար սահմանել է բաց ուղղիչ հիմնարկ, դրանով իսկ հնարավորություն տվել ծանր եւ առանձնապես ծանր հանցանք կատարած մի շարք դատապարտյալների ցերեկային ժամերին հիմնարկի պետի թույլտվությամբ մեկնել հիմնարկի տարածքից: Կայացրած անհիմն որոշումները դատախազության միջամտության արդյունքում վերացվել են: Նախկինում քիչ չէին նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժման անվան տակ դատապարտյալներին կամ կալանավորներին տեւական ժամանակով անհիմն պահելու դեպքերը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ոչ հիվանդի «Դատապարտյալների հիվանդանոց» տեղավորելն իր մեջ պարունակում է իրական կոռուպցիոն ռիսկեր, պաշտոնեական հանցագործության հատկանիշներ: Այս առումով ողջունելի է ՔԿ վարչության ներկայիս ղեկավարության ձեռնարկած քայլերը՝ հիվանդանոցը անհարկի պահվող դատապարտյալներից եւ կալանավորներից ազատելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել