Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Փետրվար 15,2011 00:00

Փետրվարի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Փետրվարի 14-ին Ալիկ Սարգսյանը եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերը ստորագրեցին «ՀՀ ոստիկանության եւ ԳԴՀ ներքին գործերի նախարարության միջեւ համատեղ գործողությունների հռչակագիրը»: Համագործակցությունն ընդգրկելու է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտները: Հռչակագիրը նախատեսում է նաեւ ոստիկանական կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, փորձի փոխանակում՝ հատկապես ոստիկանների նախնական պատրաստման եւ որակավորման բարձրացման, նաեւ համազորային մարտավարության բնագավառում: Հռչակագրի ստորագրմանը նախորդել էր ՀՀ ոստիկանության եւ ԳԴՀ ՆԳՆ պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին փաստաթղթի արդյունավետ իրականացման հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները, իսկ ստորագրման արարողությունից հետո ի պատիվ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տրվեց ճաշ՝ ԳԴՀ ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղար դոկտոր Օլե Շրյոդերի անունից: Օրվա երկրորդ կեսին ՀՀ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԳԴՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, ապա՝ Բեռլինի թիվ 34 ոստիկանական բաժանմունք: Պատվիրակության անդամները ծանոթացան այդ կառույցների աշխատանքին, քննարկվեցին հետագա համագործակցության եւ փորձի փոխանակման հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել