ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 11-ին նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեին՝ ԼՂ հարցով հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ ԵԽԽՎ բյուրոյի կայացրած որոշման կապակցությամբ. «Բազմիցս, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ ընդունելի ձեւաչափը Մինսկի խումբն է, եւ խնդիրը ցանկացած այլ ձեւաչափ տեղափոխելը կարող է վնասել բանակցային գործընթացին: Հայաստանը եւս մշտապես պաշտպանել ու շարունակում է պաշտպանել բացառապես այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի մանդատը Մինսկի խումբն է, եւ ուղղակի մերժելի են տարբեր փորձերը ԼՂ հիմնահարցը տեղափոխել այլ ֆորմատ: Մինչդեռ ակնհայտ են Ադրբեջանի բացահայտ փորձերը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ, ԵԽԽՎ եւ այլ ձեւաչափեր, եւ Ադրբեջանի առաջին դեմքերը բազմիցս իրենց հրապարակային անվստահությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին»: Նաիրա Զոհրաբյանը նամակում նաեւ նշել է. «ԵԽԽՎ-ում վերստեղծված հանձնաժողովը, որը փորձելու է առանձնացնել կարգավորման ողջ փաթեթից որոշ դրույթներ եւ դրանք դարձնել քննարկման առարկա՝ չի բխելու խնդրի խաղաղ կարգավորման մեր եւ ձեր բազմիցս հռչակած մոտեցումներից:
Ուստի, այս համատեքստում ինձ համար, որպես ԵԽԽՎ պատգամավորի, տարակուսելի էր ԵԽԽՎ բյուրոյում Ֆրանսիայի ներկայացուցչի պահվածքը, որը որեւէ կերպ չփորձեց պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետը, որի անդամ է նաեւ Ֆրանսիան (հիշեցնենք, որ ԵԽԽՎ բյուրոյի անդամ է Ժան-Կլոդ Մինյոնը.- Ա. Ի.): Հարգելի համանախագահ, սրանք հարցեր են, որոնք հստակ պատասխան են պահանջում: Մեկ բան հստակ է՝ չպիտի ձեռնարկվեն գործընթացներ, որոնք կարող են որոշ հանգրվանի հասած բանակցային գործընթացը խաթարել: Իսկ որ այդ հանձնաժողովը չի կարող նպաստել բանակցային գործընթացին, վստահ եմ, դրանում թե՛ Դուք, թե՛ մյուս համանախագահները չեք կասկածում»: