Ինչո՞ւ են միջազգային պատվիրակությունները խուսափում քաղաքականապես ակտիվ կազմակերպությունների հետ շփումներից:
«Հայաստանում բոլոր բնագավառներն են գտնվում օլիգարխների ձեռքում: Նման օլիգարխիա է ձեւավորվել նաեւ Հայաստանի հասարակական դաշտում,- մեր զրույցի ընթացքում նշեց Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ, Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը:- Արդեն 20 տարի է, ինչ գոյություն ունի անբեկանելի ցուցակ հասարակական կազմակերպությունների, որոնք պարտադիր գրանտներ են ստանում, եւ որոնց հետ հանդիպում են ժամանող բոլոր պատվիրակությունները: Տեղական գրասենյակների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են փոխվում, բայց այդ ցուցակը մնում է անփոփոխ: Ցուցակում նոր կազմակերպություններ էլ եթե ընդգրկվում են, ապա անպայման ցուցակի հնաբնակների կամոք»:
Ընդհանրապես՝ ի՞նչ չափանիշներով է կատարվում այն անձանց ընտրությունը, որոնց հետ հանդիպում են, ասենք, Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի պատվիրակությունները: Այս հարցի պատասխանը, որ հատկապես հրատապ է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների այցից առաջ՝ փորձեցինք պարզել Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակից: Եվ ստացանք հետեւյալ բացատրությունը. «Եվրոպայի խորհրդի պաշտոնյաների հանդիպումները վերաբերում են կոնկրետ թեմատիկ խնդիրների շուրջ անհրաժեշտ քննարկումներին: Զրուցակիցների ընտրությունը կատարվում է այցելող պատվիրակությունների կողմից՝ հաշվի առնելով իրազեկությունն ու փորձառությունը, որոնք զրուցակիցները կարող են ունենալ այդ թեմատիկ խնդիրների վերաբերյալ»:
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ կամ նման հանդիպումների մասնակիցների շարքում չկար պրն Հարությունյանի ղեկավարած կազմակերպությունը, թեեւ այն թերեւս ամենաակտիվն է զբաղվում քաղբանտարկյալների խնդիրներով: «Ես հպարտորեն եմ ընդգծում, որ իրավապաշտպանությամբ զբաղվում եմ դեռ սովետական տարիներից եւ երբե՛ք չեմ եղել օլիգարխիկ այդ ցուցակում: Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից սկսած մինչ այսօր, որպես կանոն՝ նույն մարդիկ են հրավիրվում այդ հանդիպումներին: Այդպես է լինելու նաեւ վաղը: Կան մարդիկ, ովքեր իրավապաշտպանությամբ են զբաղվում, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխեն ինչ-որ բան դեպի լավը, իսկ կան մարդիկ, որ այդ ոլորտը դարձնում են ապրուստի միջոց,- ասաց Վարդան Հարությունյանը:- Ուզում եմ շեշտել՝ ես չեմ դժգոհում: Արել եմ, անում եմ եւ անելու եմ իմ գործը՝ անկախ նրանից՝ մեր կազմակերպությունը կընդգրկվի՞ եվրոպական կամ այլ պատվիրակությունների հետ հանդիպման ենթակա կազմակերպությունների ցանկում, թե՞ ոչ: Առավել եւս՝ երբ խնդիր է լինում, անպայման հրավիրվածների շրջանակում գտնում ենք մարդկանց, որոնք տեղ են հասցնում մեր մտահոգությունները: Եվ կարեւոր չէ՝ դա տեղ հասցրեցի ե՞ս, թե՞ մեկ ուրիշը՝ իմ խնդրանքով կամ առաջարկով: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե տեղեկատվությունը մատուցվեր առաջին ձեռքից: Բայց եթե նրանք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում այդ բնագավառին անմիջականորեն առնչվող մարդկանց հետ հանդիպել, ապա միջնորդված կերպով ենք փոխանցում մեր տեղեկատվությունը»: Մեր ենթադրությանը, թե գուցե վճռորոշ գործոն է նաեւ այն, որ նրանք չեն ցանկանում կարծիք ստանալ գործընթացներում անմիջականորեն ներգրավված մարդկանցից՝ նախընտրելով իրադարձությունները կողքից դիտարկող փորձագետների գնահատականը՝ Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավարն այսպես արձագանքեց. «Միջազգային կազմակերպությունների տեղական գրասենյակները պետք է կարողանան իրենց կազմակերպություններին տրամադրել տեղեկատվություն, թե ո՛ր բնագավառում ո՛ր կազմակերպություններն են ակտիվ աշխատում: Վստահ եմ, ճիշտ տեղեկատվության առկայության, օլիգարխիկ շահերին տուրք չտալու ու տեղական իշխանություններից քիչ կախվածության պարագայում միշտ էլ, առանց որեւէ դժվարության, հնարավոր կլինի կազմակերպել պատվիրակությունների հետ հանդիպման ենթակա կազմակերպությունների այնպիսի ցուցակ, որոնք կկարողանան տրամադրել ամենաանաչառ տեղեկատվություն»:
Վարդան Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ հանդիպումների մասնակիցների ընտրությունն իրականում կատարում են միջազգային կազմակերպությունների տեղական գրասենյակները՝ համաձայնեցնելով այն հայաստանյան իշխանությունների հետ. «Հակառակ դեպքում՝ այդ օլիգարխիկ ցուցակը ժամանակ առ ժամանակ կկրեր փոփոխություններ»: