Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՎԱԾ ՊԱՐՏԻԱ»

Փետրվար 15,2011 00:00

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ՝ այդպիսին էր ԲՀԿ-ի համագումարը ՀՀԿ նախագահի համար:

\"\" \"\"

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ հայաստանյան իշխանական կոալիցիայի անդամ ուժերից մեկի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Ինտրիգն այդ համագումարի շուրջ բավականին մեծ էր, ու դա պայմանավորված էր բացառապես այն հանգամանքով, թե՝ ի վերջո, ԲՀԿ-ն կհայտարարի՞ 2013թ.-ին նախագահական ընտրություններում ՀՀԿ առաջնորդ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Հիշեցնենք, որ հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներն ու նաեւ հենց իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն էին հայտարարել, թե կոալիցիոն ուժերը նոր հուշագիր են ստորագրելու, որը որոշակիացնելու է 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ այդ կուսակցությունների դիրքորոշումը:
ԲՀԿ համագումարում, սակայն, «արձանագրվեց ՀՀԿ «ճկուն» առաջնորդի լիակատար պարտությունը եւ նրա հերթական «նախաձեռնողականության» ձախողումը: Իսկ ձախողվեց Սարգսյանը, քանի որ չկարողացավ Գագիկ Ծառուկյանից ստանալ գալիք նախագահական ընտրություններում իրեն սատարելու խոստումը»: Մեջբերումը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի՝ «Առավոտի» հետ զրույցից է: Վերլուծաբանի համոզմամբ, Սերժ Սարգսյանին չհաջողվեց ԲՀԿ-ին կոալիցիոն նոր հուշագիր պարտադրել, ըստ որի, Ա. Թեւանյանի մատուցմամբ՝ «իշխող ուժերը պետք է համաձայնեին առաջիկա ԱԺ ընտրություններում պահպանել ներկա համամասնությունը», նա նաեւ «չկարողացավ Գագիկ Ծառուկյանից ստանալ գալիք նախագահական ընտրություններում իրեն սատարելու խոստումը»: «Սերժ Սարգսյանի թիմի (չշփոթեք ՀՀԿ-ի հետ) եւ ԲՀԿ-ի միջեւ առկա «լուռ» հակամարտությունը, որը խրախուսվում էր նախագահական նստավայրից, հանգուցալուծվեց ԲՀԿ համագումարի ընթացքում եւ դարձավ պարտված պարտիա՝ Ս. Սարգսյանի համար, քանի որ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գալիս, բայց Սերժ Սարգսյանին էլ 2013-ին սատարելու մասին չի հայտարարում: Ասել է թե՝ նախագահականի պլանները ոչ մի կետով չիրագործվեցին: Ս. Սարգսյանը մնաց ՕԵԿ-ի հույսին, ինչն արդեն ժամանակակից քաղաքական անեծք է»,- հայտարարեց Ա. Թեւանյանը: Վերջինս, որ երեկ մի ծավալուն հրապարակմամբ ԲՀԿ-ի համագումարին անդրադարձել է նաեւ 7or.am կայքի իր խմբագրականում, միաժամանակ նկատեց, թե ԲՀԿ-ին ներկայացրած Սարգսյանի առաջարկ-պահանջը ոչ միայն չէր տեղավորվում առողջ տրամաբանության մեջ, այլեւ հակասահմանադրական էր, քանի որ ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժի ձայների քանակը պետք է որոշվի ժողովրդից ստացած քվեով, այլ ոչ թե կոալիցիոն հուշագրով:
Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ ԲՀԿ համագումարից հետո իշխող կոալիցիան այլեւս բրգաձեւ կառուցվածք չունի, որտեղ կա գագաթ եւ այդ գագաթին ենթակա մասեր. «Այժմ Ս. Սարգսյանն ընդամենը կոալիցիոն կողմերից մեկն է, այնպես, ինչպես, ասենք՝ Արթուր Բաղդասարյանը, եւ ոչ ավելին: Այսպիսով, Հայաստանի քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծվել: Իշխող բուրգը ոչ թե ճաքեր է տվել, այլ արդեն գործնականում չկա, եւ իր արտաքին տեսքը պահպանում է զուտ իներցիայի շնորհիվ, որը երկար շարունակվել չի կարող: Այժմ քաղաքացիական հասարակության համար եզակի հնարավորություն կա՝ աջակցելու հասարակական լայն համախմբմանն ու գնալ ազգային-ժողովրդավարական փոփոխությունների»:
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Սերժ Սարգսյանի՝ որպես 2013թ. նախագահի թեկնածուի սատարման մասին հայտարարություն ԲՀԿ-ից կամ Գագիկ Ծառուկյանից սպասում էին միայն «հանրապետականները», որովհետեւ, ի տարբերություն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, խիստ կանխատեսելի էր, որ Գ. Ծառուկյանը նման բան չի անի: «Դա շատ պարզ պատճառ ունի. մինչեւ պարզ չլինեն խորհրդարանական ընտրությունների խաղի կանոնները, Գ. Ծառուկյանը Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարություն չի անի, մանավանդ, որ օբյեկտիվորեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի քաղաքական շահերն այս փուլում տարբեր են: Անշուշտ, նրանք երկուսն էլ իշխանության մաս են կազմում, իհարկե, նրանք երկուսն էլ շահագրգիռ են գործող իշխանության պահպանմամբ: Բայց իշխանության ներսում ուժերի դասավորության, որոշումների ընդունման մեխանիզմների վերաբերյալ նրանք հակասություններ ունեն: Եթե ՀՀԿ-ն ձգտում է մոնոլիտ իշխանության, ապա ԲՀԿ-ն աշխատում է առնվազն պահպանել այն վիճակը, որում ինքը կարողանում է որոշակիորեն ազդել քաղաքական որոշումների վրա: Եվ բնական է, որ այդ հակասությունները կլինեն: Մյուս կողմից՝ գոնե այս պահին չեմ կարծում, թե դա կբերի կոալիցիայի քանդմանը կամ իշխանության միասնականության խարխլմանը: Իհարկե, մինչեւ խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները կխորանան, երբեմն-երբեմն հրապարակային դրսեւորումներ կունենան, բայց այս փուլում կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ի սպասումները չարդարացան: Մյուս կողմից, չարդարացան բոլոր այն մարդկանց սպասումները, ովքեր ենթադրում էին, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածքն է որդեգրելու, որովհետեւ համագումարում թեեւ չասվեց, որ ԲՀԿ-ն սատարելու է Ս. Սարգսյանին, բայցեւ չեղան ընդդիմադիր շեշտադրումներ, եւ ընդդիմություն լինելու հայտ եւս չներկայացվեց»,- արձանագրեց Ս. Սուրենյանցը:
Որքանո՞վ է ԲՀԿ-ի կեցվածքը պայմանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացմամբ կամ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հնարավոր հավակնություններով: Ի պատասխան մեր այս հարցին՝ վերլուծաբանն ասաց, թե Քոչարյանի գործոնն այդ համատեքստում, անշուշտ, բացառել չի կարելի, եւ ընդհանրապես՝ իշխանության ներսում՝ ոչ միայն այս հարցում, այլեւ գլոբալ իմաստով առկա անորոշության հիմնական պատճառը հենց Քոչարյանի գործոնն է: «Այսինքն՝ որեւէ մեկը չի հավատում, որ Քոչարյանը համակերպվել է «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակին, եւ բոլորն էլ ենթադրում են, որ նա փորձելու է այս կամ այն կերպ իրեն դրսեւորել: Այդ հանգամանքը իշխանության ներսում լարվածություն, իսկապես, ստեղծում է՝ մանավանդ, որ համակարգի ներսում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ հատկապես միջին եւ ստորին օղակներում, Ս. Սարգսյանի անձի մեջ չեն տեսնում համակարգը լիարժեքորեն վերահսկող անձի»,- կարծիք հայտնեց Ս. Սուրենյանցը՝ հավելելով, թե իշխանությունը նախագահական ընտրություններում, այնուամենայնիվ, մեկ թեկնածու է ունենալու, եւ դա, ըստ ամենայնի, լինելու է հենց Ս. Սարգսյանը: Քաղաքագետի համոզմամբ, իհարկե, այդ ընտրություններում Ս. Սարգսյանի համար դժվար է լինելու, որովհետեւ «նա բավականին թույլ իշխանության ղեկավար է, եւ խիստ կասկածում եմ, որ կկարողանա նախագահական ընտրություններում արդյունավետ օգտագործել այդ իշխանության կադրային եւ վարչական ռեսուրսները»:
Ընդհանրապես՝ ինչո՞ւ էր Ս. Սարգսյանին պետք նախագահական ընտրություններից երկու տարի առաջ հստակեցնել ԲՀԿ դիրքորոշումը: «Մի պարզ պատճառով. Ս. Սարգսյանն իր իշխանության երեք տարիներին այդպես էլ չի ձեւավորել իր սեփական համակարգը, այլ ընդամենը փորձում է դառնալ Քոչարյանի ստեղծած համակարգի «պապան», եւ քանի որ նոր համակարգ չի ձեւավորել ու, ըստ էության, գործ ունի նախկին համակարգի հետ, այդ համակարգի տարբեր սուբյեկտների հանդեպ անվստահություն ունի»,- մեր հարցադրմանն այսպես արձագանքեց Ս. Սուրենյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել