Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 12,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսաներորդ

ԱՆԹԱՌԱՄ ԾԱՂԻԿՆԵՐ

Եվ Գագոն ժպտալով մորս հարցրեց՝ «ասում ես՝ Հակոբի ռոճիկը քոնինից քիչ ա՞», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մոտավորապես մեկուկես անգամ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իրանն ավելի լավ ա հերիքում, քան՝ քոնը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գիտե՞ս խի ա ըտենց», եւ մայրս ժպտալով ասաց՝ «չգիտեմ», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ես գիտեմ», եւ մայրս ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գիտեմ, որ ինքը ձեռի հետ փափախ գործեր էլ ա անում», եւ մայրս հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «իրանց արհեստանոցում աչքովս եմ տեսել», եւ հայրս ծիծաղելով հարցրեց՝ «բա ո՞նց ես իմացել, որ փափախ գործ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքանը հասկանում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ նաղդ փող են տալի, ուրեմն՝ փափախ գործ ա», եւ մայրս ծիծաղելով Գագոյին ասաց՝ «ուրիշների մոտ որ ասես, Հակոբին կբռնեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «լակոտ չեմ, որ ուրիշների մոտ ըտենց բաներ խոսամ», եւ Ֆրեդը Գագոյին ասաց՝ «մեր մոտ էլ մի խոսա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենքումենք ենք՝ խոսում ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով մորս ասաց՝ «ուզում եմ ասեմ, որ Հակոբի էդ փափախ գործերը չըլնեին, դժվար թե ծերը ծերին հասցնեիք, Սեդ ջան», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով Գագոյին հարցրեց՝ «իմ փափախ գործերը հաշվի չես առնո՞ւմ», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փափախ գործ», եւ մայրս ժպտալով ասաց՝ «որ ամառվա արձակուրդներին մեկ-մեկ հետներդ ծաղիկ եմ ծախում, էդ էլ իմ փափախն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ փափախ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փափախն էն ա, որ կողքից համ էլ աշխատավարձ ես ստանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ համ պետությունից աշխատավարձ ա ստանում, համ էլ կողքից իրա փափախն ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օրինակ՝ Հակոբը», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով Գագոյին ասաց՝ «ես էլ եմ պետությունից աշխատավարձ ստանում ու ամառներն էլ հետներդ ծաղիկ եմ ծախում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ էլ իմ փափախն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «դու ոչ թե փափախ ես անում, այլ մեզ ես օգնում», եւ մայրս ժպտալով ասաց՝ «բայց ձրի չեմ օգնում», եւ մինչ Գագոն կմտածեր՝ ինչ ասեր, հայրս ժպտալով մորս ասաց՝ «էդ փափախ փողերդ մի օր չտեսանք», եւ մայրս ժպտալով հորս ասաց՝ «մենք էլ քո փափախներից առանձնապես խաբար չենք», եւ Գագոն միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «ոնց քցում-բռնում եմ, Սեդայինը փափախ չի», եւ մայրս ժպտալով հարցրեց՝ «ո՞նց փափախ չի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու չափազանց լուրջ տոնով մորս ասաց՝ «դու ամառները մեր հետ ծաղիկ ես ծախում, բայց մնացած ամիսներին լրիվ ուրիշ գործ ես անում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Գագոն չափազանց լուրջ տոնով շարունակեց ու ասաց՝ «փափախն էն ա համարվում, որ նույն գործի համար համ պետությունից ես փող ստանում, համ էլ՝ մարդկանցից» եւ մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «որ դու քո դպրոցից համ աշխատավարձ ստանայիր, համ էլ մարտի 8-ին նվերներ վեկալեիր, էդ կըլներ փափախ», եւ հայրս ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ նվերներ չի վեկալում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանց դպրոցի սաղ աշակերտներն ու ծնողներն էդ են բողոքում», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ են բողոքում», եւ Գագոն ասաց՝ «բողոքում են, որ մարտի ութին մինչեւ անգամ ծաղիկ չես վեկալում», եւ Լիլոն ծիծաղելով ասաց՝ «ծաղիկ վեկալի՝ ի՞նչ անի. մեր սաղ հայաթը ծաղիկ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Լիլոյին ասաց՝ «որ բոլորը քո պես մտածեին, ոչ մեկը մեզնից ծաղիկ չէր առնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ծաղիկ նվեր տալը հարգանքի նշան ա», եւ Ֆրեդը Գագոյին հարցրեց՝ «այսինքն՝ ծաղիկ վեկալելը փափախ չի՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ Սեդայի համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ Սեդայի աչքը ծաղիկներից լրիվ կուշտ ա», եւ մայրս ծիծաղելով ասաց՝ «դրա համար էլ ծաղիկ չեմ վերցնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «բայց ուրիշ նվերներ էլ չես ընդունում», եւ մայրս ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չեմ ընդունում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դասատուներից մեկնումեկը ծնողներից որ նվեր ա վեկալում, շուխուռը քաղաքով մեկ տարածվում ա», եւ մայրս ժպտալով հարցրեց՝ «հեչ ո՞ւմ մասին ա շուխուռ տարածվել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ինձնից լավ գիտես», եւ մայրս ժպտալով ասաց՝ «ոչ մի բան էլ չգիտեմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մինչեւ հիմի չգիտես, ուրեմն՝ պետք էլ չի, որ իմանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ ուզում ինձնից դուս գա», եւ մայրս ժպտալով ասաց՝ «ամենակարեւոր բանն արդեն գիտեմ», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ մայրս ժպտալով ասաց՝ «արդեն գիտեմ, որ Հակոբը փափախ ա անում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «խի մինչեւ հիմի չգիտեի՞ր», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած, որոշ կասկածներ ունեի, բայց ապացույցներ չունեի», եւ Ֆրեդը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «Հակոբից մաքուր մարդ սաղ Երեւանում չես գտնի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հակոբից մաքուր մարդ սաղ աշխարհում էլ դժվար թե գտնվի», եւ Ֆրեդը Գագոյին ասաց՝ «բա ի՞նչ ես ավելորդ բաներ խոսում», եւ Մեսրոպը հոգոց հանելով ասաց՝ «փոխանակ ձեր ախպոր մասին մտածեք, եսիմ ինչերից եք խոսում», եւ Վարդանը հորն ասաց՝ «ախպոր մասին դու մտածում ես՝ հերիք ա», եւ Մեսրոպը Վարդանին թարս նայեց ու ասաց՝ «դու էլ պիտի մտածես», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ մտածում», եւ Մեսրոպը հարցրեց՝ «ի՞նչ ես մտածում», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտածում եմ՝ էդ տվածդ էրկու հազարը ո՞նց ա ծախսելու», եւ Գագոն ժպտալով Վարդանին ասաց՝ «պապայի պես հին փողով ես խոսում», եւ Լիլոն ասաց՝ «էդ էրկու հարուրը Գիքորին մի շաբաթ հազիվ էլ հերիքի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի քանի օրում կծախսի՝ հետ կգա տուն», եւ Վարդանը քմծիծաղով Լիլոյին ասաց՝ «քեզ ա թվում», եւ Լիլոն հարցրեց՝ «ի՞նչն ա ինձ թվում», եւ Վարդանն ասաց՝ «էդ էրկու հազարը Գոքորին Օչեմչիրում մի տարի հերիք կանի», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում՝ հին փողով ա՞ էրկու հազար, թե՝ թազով», եւ Վարդանն ասաց՝ «թազով էրկու հարուր ա», եւ Լիլոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞նց մի տարի հերիք կանի», եւ Գագոն Վարդանի փոխարեն ասաց՝ «Օչեմչիրում Գոքորը փող չի ծախսում», եւ Լիլոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց կարա չծախսի», եւ Գագոն ասաց՝ «իրան չեն թողի, որ փող ծախսի», եւ Լիլոն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞վ չի թողի», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Միշան, Ժորան ու մյուսները» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Օչեմչիր Գոքորին շատ են սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գումարած՝ պապայի հարգանքը», եւ Լիլոն քմծիծաղով Գագոյին հարցրեց՝ «քանի՞ անգամ ես Օչեմչիր էղել, որ ըտենց վստահ ես խոսում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «սաղդ էլ Օչեմչիր էղել եք՝ ինձանից բացի», եւ Լիլոն ասաց՝ «ես ու Աիդն էլ չենք էղել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ադիկն ու դու կնիկարմատ եք», եւ Լիլոն ասաց՝ «Սեդան կնիկարմատ չի՞, որ ամեն ամառ կանչում են», եւ Մեսրոպը վրդովված ասաց՝ «Սեդային ամեն տարի կանչում են, որ իրանց մանրմունր էրեխեքին պահի», եւ Լիլոն ժպտալով ասաց՝ «կարող ա՞ Աիդան ու ես չենք կարա էրեխա պահենք», եւ մայրս վրդովված ասաց՝ «ոչ մեկի էրեխեքին էլ չեմ պահել», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «Միշան ինքն էր ասում, որ իրանց սաղ էրեխեքին դու ես հայերեն գրելկարդալ սովորացրել», եւ Վարդանը հորը հարցրեց՝ «դեմ ե՞ս, որ ախպորդ թոռները հայերեն տառերը սովորեն», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «որ Երեւանում ապրեին, սաղ տառերն էլ կիմանային», եւ Գագոն լացակումած ասաց՝ «որ Երեւանում ապրեին, մեր պես ծաղիկ էին ծախելու», եւ Լիլոն ծիծաղելով ասաց՝ «դու համ ծաղիկ ես ծախում, համ էլ հայերեն սաղ տառերը գիտես, Գագ ջան», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «Գագոն ռուսերեն տառերն էլ լրիվ գիտի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ինքն ա Գոքորի սաղ նամակները Գոքորի համար կարդում», եւ Լիլոն հարցրեց՝ «խի Գոքորը ռուսերեն տառերը չի իմանո՞ւմ», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմանալն իմանում ա, բայց ինքը սիրում ա, որ իրա էդ նամակներն ուրիշն իրա համար կարդա՝ ինքը լսի», եւ Գագոն ասաց՝ «էդ դիվանին փռվում ա, ոտները դնում ա սեղանին, իրա էն սեւ ակնոցը դնում ու հրամայում ա՝ դե սկսի», եւ Վարդանը քմծիծաղով ասաց՝ «որովհետեւ ինքը պապայի ամենասիրած տղեն ա», եւ Մեսրոպը գոռաց՝ «հերիք ա ձեր հարազատ ախպորից բամբասեք», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բա դու ո՞նց ես հարազատ ախպորիցդ բամբասում», եւ Մեսրոպը զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ իմ ախպորից բամբասել», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախպորդ մասին մի հատ քաղցր խոսք չես ասել», եւ Գագոն լացակումած ասաց՝ «մի քիչ առաջ ասեց», եւ Վարդանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ Գագոն արցունքների միջից ժպտալով ասաց՝ «քաղցր խոսք», եւ Վարդանն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ քաղցր խոսք ա ասել», եւ Գագոն արցունքները կուլ տալով ասաց՝ «մի քիչ առաջ ասեց, որ իրանք Սեդային ամեն ամառ Օչեմչիր են կանչում, որ իրանց մանրմունր էրեխեքին պահի», եւ Վարդանը ժպտալով ավելացրեց՝ «ու իրանց էրեխեքին հայերեն տառերը սովորացնի», եւ մայրս ասաց՝ «պապան մի սխալ բան ասեց, դուք էլ մի գլուխ կրկնում եք», եւ Մեսրոպը գոռաց՝ «ոչ մի սխալ բան էլ չեմ ասել» եւ ձայնը մի քիչ ցածրացնելով՝ մորս հարցրեց՝ «ի՞նչն եմ սխալ ասել», եւ մայրս ասաց՝ «էդ որ ասում ես՝ ինձ Օչեմչիր են կանչում, որ իրանց մանրմունր էրեխեքին պահեմ», եւ Լիլոն հորն ասաց՝ «այ պապ, ուրիշ տեղ ըտենց բան չասես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «աշխարհով մեկ խայտառակ կըլնենք», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեդան ա ինձ էդ բանն ասել», եւ մայրս ապշահար հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել ես, որ Միշայի ու Ժենյայի էրեխեքին հայերեն գրելկարդալ ես սովորացրել», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ կամքով եմ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ ոչ ոք չի ստիպել», եւ Լիլոն ժպտալով ասաց՝ «Սեդան սաղ աշխարհին ա հայերեն գրելկարդալ սովորացրել», եւ մայրս նայեց Գագոյին ու ժպտալով ասաց՝ «ընդ որում՝ առանց փափախի», եւ Լիլոն ծիծաղելով ասաց՝ «մարտի 8-ին նույնիսկ ծաղիկ չի վերցնում», եւ Վարդանը հորը հարցրեց՝ «ուրախ չե՞ս, որ Սեդան ախպորդ թոռներին հայերեն գրելկարդալ ա սովորացնում», եւ Լիլոն ասաց՝ «վայ թե Միշային ու Ժենյային էլ ա սովորացրել», եւ մայրս ասաց՝ «Միշան ու Ժենյան մեզնից լավ են հայերեն գրում ու կարդում», եւ Լիլոն մորս հարցրեց՝ «բայց դու չե՞ս սովորացրել», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հեչ կարեւոր չի», եւ Մեսրոպը մորս հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորն էն ա, որ Ժենյան ու Միշան ու մյուսներն էլ հայերեն սովորելու ցանկություն ունեն», եւ Մեսրոպը մորս էդ խոսքին էր սպասում, որպեսզի գոռար ու ասեր՝ «որ հայերեն սովորելու ցանկություն ունենային, չէին գնա հասնի էդ քամբախը», եւ Լիլոն ժպտալով Մեսրոպին ասաց՝ «փախեփախի վախտ Միշան ու Ժենյան հեչ ծնված էլ չէին, այ պապ», եւ մայրս ասաց՝ «պապան հորեղբայրին ա մեղադրում», եւ Վարդանը հորը հարցրեց՝ «հիմի ուրախ չե՞ս, որ Միշան ու Ժենյան իրանց հոր սխալներն ուղղում են», եւ Մեսրոպը հարցրեց՝ «ո՞նց են ուղղում», եւ Վարդանն ասաց՝ «հայերեն են սովորում», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեդայի օգնությամբ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «հայերեն են սովորում, որ ո՞ւմ հետ խոսան», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրար հետ», եւ մայրս ասաց՝ «իրենք մեզնից լավ են հայերեն խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վանա բարբառն էլ մեզնից լավ գիտեն», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «իրանք իրար հետ մենակ Վանա բարբառով են խոսում», եւ մայրս ասաց՝ «հիմա արդեն հայերեն գրում ու կարդում են», եւ Մեսրոպը թարս նայեց մորս ու նեղսրտած ասաց՝ «քո շնորհիվ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե ցանկություն չունենային, ինչքան էլ սովորեցնեի՝ չէին սովորի», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իրանց հերը ցանկություն ունենար, էսօրվա օրով իրանք սաղն էլ մեր կողքին կըլնեին», եւ Վարդանը հորը հարցրեց՝ «դժգոհ ե՞ս, որ ախպորդ էրեխեքն ու թոռները հայերեն գրելկարդալ են սովորում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դժգոհ ե՞ս, որ ախպորդ սխալն ուղղում են», եւ Մեսրոպը՝ որ մշտապես հենց էդ հարցին էր սպասում, հառաչելով ասաց՝ «Սահակի էդ սխալը հնարավոր չի ուղղել», եւ Վարդանը հարցրեց՝ «ո՞ր սխալը», եւ Գագոն Վարդանին հարցրեց՝ «չես հասկանո՞ւմ», եւ Վարդանը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ով որ ծաղիկ չի ծախում, պապայի համար սխալ մարդ ա», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պապան ինքն էլ ոչ մի անգամ ծաղիկ չի ծախել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Գոքորն էլ ոչ մի անգամ ծաղիկ չի ծախել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գոքորն էրկու անգամ ծախել ա», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա՝ մեզնից հարուր տարի առաջ մի քանի անգամ ծախած ըլնի», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «մեր օրոք էլ ա էրկու անգամ ծախել», եւ Վարդանը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցած գարուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սիրենի սեզոնին», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիշեցի» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «էդ ծաղիկ ծախել ե՞ս հաշվում», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «էդ էրկու անգամն էլ մինչեւ մութն ընկնելը հետներս մնաց», եւ Վարդանը ժպտալով հարցրեց՝ «որտե՞ղ», եւ Գագոն ասաց՝ «կոլխոզ շուկայի դեմը» եւ ժպտալով հարցրեց՝ «չես հիշո՞ւմ», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ո՞նց կարամ չհիշեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց ինքը մեզնից ու ծաղիկներից հարուր մետր հեռու էր կանգնել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ ծաղիկ ծախելն իրան պալոժ չի», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Օնոյի ու Հակոբիկի հետ հարուր մետր հեռու՝ քաբաբնոցի պատի տակ սպասում էին՝ մինչեւ ծախենք պրծնենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ ծաղիկ ծախել ե՞ս հաշվում», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ո՞նց կարամ չհաշվեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վերջում՝ որ ծախել պրծել էինք ու փողն էինք հաշվում, փողերի կեսը խլեց ու ջեբը դրեց», եւ Լիլոն հարցրեց՝ «ո՞վ ջեբը դրեց», եւ Վարդանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պապայի սիրած տղեն», եւ Լիլոն հարցրեց՝ «ո՞նց ջեբը դրեց», եւ Գագոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «շատ կուլտուրական ձեւով», եւ Լիլոն հարցրեց՝ «սաղ փողի կեսը՞», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վայ թե՝ մի բան էլ ավել», եւ Գագոն ժպտալով Լիլոյին ասաց՝ «որ վայրկենական խլեց ու ջեբը դրեց, ո՞նց կարայինք հաշվեինք», եւ Մեսրոպը գոռաց՝ «որ չեք հաշվել, ինչի՞ եք ավելպակաս բամբասում», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հաշվելը չենք հաշվել, բայց շատ լավ հիշում եմ, որ իրա խլած էդ դաստեն ավելի հաստ էր, քան՝ մեր մոտ մնացած փողը», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փողը հաստությամբ չեն չափում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք հաստությամբ ենք չափում, որովհետեւ մեր էդ փողերի մեծ մասը մանեթանոցներ էին», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «թազա փողով», եւ Լիլոն Վարդանին հարցրեց՝ «ասում ես՝ փողի կեսը ջեբը դրե՞ց», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «ասում եմ՝ կեսից ավելը», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ըտենց բան չեմ հիշում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ դու էդ օրը հետներս չէիր», եւ Լիլոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւր էի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Լիլոյին ասաց՝ «էդ մենք պիտի քեզ հարցնենք», եւ Մեսրոպն անսպասելի գոռաց՝ «հերիք ա ձեր հարազատ ախպոր մասին վայրահաչեք», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փոքրուց ինչ տեսել ենք՝ էդ էլ սովորել ենք», եւ Մեսրոպը զարմացած հարցրեց՝ «փոքրուց ի՞նչ եք տեսել», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծնվածս օրվանից մեծ ախպորդ մասին մենակ քննադատություն ենք լսել», եւ Գագոն հորն ասաց՝ «որ ուզում ես մեր ախպոր մասին լավ բաներ խոսանք, դու էլ քո ախպոր մասին պիտի լավ բաներ խոսաս», եւ Վարդանը ժպտալով հորն ասաց՝ «պիտի օրինակ ծառայես», եւ մայրս ասաց՝ «պապան գտնում ա, որ հորեղբայրը ժամանակին մեծ սխալ ա գործել», եւ Վարդանը հարցրեց՝ «ի՞նչ մեծ սխալ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «պապան գտնում ա, որ իրենք չպիտի օտարության մեջ ապրեին», եւ Վարդանն ասաց՝ «հորեղբայրն էլ պապային ա սխալ համարում», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հորեղբայրն էլ գտնում ա, որ իրա փոքր ախպերը պիտի իրան փոքրի պես պահեր», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլոր իմաստներով», եւ Գագոն ասաց՝ «պապան փոքրն ա. որ իրա մեծն Օչեմչիր ա քոչել, ինքն էլ գլուխը կախ պիտի մեծ ախպոր հետեւից գնար», եւ մայրս ասաց՝ «ես էդ հարցում միանշանակ պապայի կողմն եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հայերը պիտի Հայաստանում ապրեն», եւ Լիլոն մորս հարցրեց՝ «որ իրանք Հայաստանում ապրեին, Միշան գլխավոր բժիշկ կդառնա՞ր», եւ Մեսրոպը մորս փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Միշան որ օտարության մեջ գլխավոր բժիշկ ա դառել, Հայաստանում ավելի մեծ պաշտոնների կհասներ», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու հորն ասաց՝ հաստատ չես կարա ասես», եւ մայրս ժպտալով ասաց՝ «Միշան ամեն տեղ էլ ամեն ինչի կհասներ», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեծ մարդիկ եք, բայց էրեխայական բաներ եք խոսում», եւ Լիլոն հարցրեց՝ «ի՞նչ էրեխայական բաներ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «հորեղբայրը որ փախեփախին Օչեմչիր չհասներ, Միշան հեչ չէր էլ ծնվի, ուր մնաց՝ գլխավոր բժիշկ դառնար» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հորեղբայրը որ պապայի պես Օչեմչիրի տեղակ Մետաքս պասադկա աներ, Միշայի մոր հետ ո՞նց պիտի պսակվեր, որ Միշան ու մյուսները ծնվեին» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «հորեղբայրն ու Միշայի մերը Օչեմչիրում չե՞ն իրար հետ ծանոթացել», եւ Վարդանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Գագոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ հորեղբայրը Օչեմչիր չհասներ, Միշայի մորը չէր հանդիպի ու հետը չէր պսակվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Միշան էլ չէր ծնվի», եւ Լիլոն ավելացրեց՝ «Էմման, Ժենյան ու Սիլվան էլ չէին ծնվի», եւ մայրս հիացմունքով նայեց Գագոյին ու ասաց՝ «Գագոն իսկական իմաստուն ա», եւ Մեսրոպը ժպտալով ասաց՝ «իմաստուն ա, բայց մի շատ կարեւոր բան հաշվի չի առնում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը հաշվի չեմ առնում», եւ Մեսրոպը ժպտալով ասաց՝ «ես որ Սահակի հետեւից ջհանդամվեի էդ քամբախը, դո՛ւք չէիք ծնվի», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞վ չէր ծնվի», եւ Մեսրոպը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էս բոլորդ», եւ Լիլոն Գագոյին ասաց՝ «պապան ճիշտ ա ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Լիլոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պապան որ Սահակին լսեր ու հետն Օչեմչիր գնար, մամայի հետ չէր ամուսնանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ու մենք էլ չէինք ծնվի», եւ Գագոն բավական երկար մտածեց ու ոչինչ չասաց, եւ Մեսրոպը ժպտալով Գագոյին ասաց՝ «հասկացա՞ր, իմաստուն ջան», եւ Գագոն բավական երկար մտածեց ու ոչինչ չասաց, եւ Վարդանը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «փաստորեն, իմ ու քո ճակատներին գրած ա, որ սաղ կյանքում պիտի ծաղիկ ծախենք», եւ Լիլոն ժպտալով ասաց՝ «Միշայի ճակատին էլ գրած ա, որ պիտի Սուխումում գլխավոր բժիշկ աշխատի», եւ մայրս ծիծաղելով ասաց՝ «Հակոբի ճակատին էլ գրված ա, որ պիտի կենդանագիր աշխատի ու փափախ անի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա Գոքորի ճակատի՞ն ինչ ա գրած», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գոքորի ճակատին էլ գրած ա, որ սաղ կյանքում պիտի չաշխատի ու իրա քեֆին ֆռֆռա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մեր աշխատած փողերով», եւ մայրս էլ ինչ-որ բան ասաց, եւ Ֆրեդն էլ ինչ-որ բան ասաց, եւ, հիշում եմ, էդ օրը նույնիսկ իմ քչախոս մորաքույր Աիդան էր խոսում ու ծիծաղում, եւ չնայած Մեսրոպը բոլորի վրա գոռում էր, էդ օրն ինքն էլ էր գոհ ու երջանիկ, որովհետեւ բոլորն էլ ի վերջո եկան էն եզրակացության, որ եթե տասնհինգ թվականին տասնհինգամյա Մեսրոպն իր քսանամյա Սահակ եղբոր
հորդորներին հետեւելով՝ գնար ու բնակություն հաստատեր Օչեմչիր կոչվող էդ դրախտավայրում, իրենց փոխարեն միանգամայն այլ եւ միանգամայն ռուսախոս ուրիշներն էին Մեսրոպից ծնվելու ու առաջանալու, եւ չնայած իմ ամենափոքր քեռի Գագոն էդ հանգամանքը դժվարությամբ ու չուզենալով ընդունեց, այդուհանդերձ, մյուսները հենց Գագոյի շնորհիվ էդ հանգամանքը պատկերացրին ու հասկացան, որովհետեւ առաջինը հենց Գագոն էր հասկացել, որ եթե Սահակը Վանից Օչեմչիր չհասներ, Միշան ոչ կծնվեր ու ոչ էլ Սուխումի գլխավոր հիվանդանոցի գլխավոր բժիշկը կդառնար, եւ նմանապես Միշայի չքնաղագույն քույրերը՝ Էմման, Ժենյան ու Սիլվան չպիտի ծնվեին ու լույսաշխարհ գային:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել