Կամ՝ ինչպես են այն նշում հայտնիները
Մոտենում է երիտասարդների ամենասիրելի տոնը, Սիրահարների օրը, որը, որքան էլ տարօրինակ է, մենք՝ հայերս, նշում ենք երկու անգամ. Սուրբ Վալենտին՝ փետրվարի 14-ին եւ Սուրբ Սարգիս՝ փետրվարի 19-ին:
Այս օրերին ամբողջ աշխարհի սիրահար զույգերը շտապում են խանութներ, որ սիրեցյալի համար բացիկ կամ նվեր գնեն եւ եւս մեկ անգամ խոստովանեն, որ սիրում են իրենց ընտրյալին:
Տարիների ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդիկ հագուստ են նվիրում իրենց սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է՝ նրանք ամուսնանում են:
Օրինակ, Անգլիայում տարածված էր մի սովորույթ. երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ եւ հերթով հանում դրանք: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ՝ մինչեւ մյուս Վալենտինի տոնը:
Իսկ, օրինակ, Ճապոնիայում Վալենտինի տոնը համարվում է տղամարդկանց օր: Այդ օրը կանայք խոստովանություններ են անում իրենց սիրեցյալներին, նվերներ տալիս նրանց: Ի դեպ՝ նրանց մոտ ամենատարածված նվերներն են՝ սափրիչը, օծանելիքը, դրամապանակը եւ շոկոլադը:
Գերմանացիներն էլ կարծում են, որ Վալենտինը հոգեկան հիվանդների հովանավորն է, եւ այդ օրը զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:
Ամերիկացիները, չնայած մեծ շուքով նշում են տոնը, բայց չեն մոռանում բիզնեսի մասին. նրանք առաջինն էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել եւ վաճառել:
Թե ինչպես են հայերը նշում սիրահարների տոնը, պարզեցինք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսից:
Օրինակ, երգչուհի Նառան ընդհանրապես տոներ նշել սիրում է. «Մասնավորապես ինձ համար առանձնացնում եմ սիրահարների տոնը: Ինձ համար ամեն ինչ պայմանավորված է սիրով: Կարեւորն այն է, որ մարդ, բացի սիրելու ունակություն ունենալուց, կարողանա նաեւ պահպանել այդ սերը: Իսկ դրա համար նախ պետք է սիրո հիմքը ամուր լինի»: Թե ինչ է սերը՝ երգչուհի Նառան դժվարացավ պատասխանել, բայց «հասկանալու համար այդ զգացմունքը, մարդ պետք է ունակ լինի սիրելու: Սերը փոխադարձ վստահություն է, ապա ընկերություն: Շատ եմ կարեւորում զույգերի ընկերներ լինելը, կարեւոր չէ՝ ամուսիններ են, թե հարսնացու եւ փեսացու: Բացի այդ, սեր համարում եմ նաեւ այն, երբ զույգերը չեն փորձում միմյանց փոխել իրար հարմար»: Հետաքրքրվեցինք՝ ինչերի է ընդունակ սիրահարված Նառան: Նա խոստովանեց, որ սիրահարված ժամանակ խոսում եւ գործում է միայն իր սիրտը, որից ամեն ինչ սպասելի է: Տոնի առիթով էլ դեռեւս նվեր կամ անակնկալ չի պատրաստել ամուսնու համար, սակայն, ինչպես ինքը նշեց, առջեւում իրենց ամուսնության տարեդարձն է՝ փետրվարի 13-ին, որի կապակցությամբ էլ ամեն տարի, անկախ իրենց կամքից, տոնի է վերածվում Սիրահարների օրը:
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է սիրահարների տոնը: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Լավ կլինի, որ սիրահարների տոնին միայն սիրահարությամբ չսահմանափակենք, եւ փորձենք ամեն ինչից ուրախանալ, տոն ստեղծել, անել այնպես, ինչպես, օրինակ, ռուսներն են անում: Վերջին տարիներին նկատում եմ երիտասարդների ոգեւորությունը՝ նվերներ են պատրաստում, սիրո խոստովանություններ անում: Ուրախ եմ նաեւ այն առիթով, որ օտարածին կաթոլիկական տոնին զուգահեռ, կարողացանք գտնել մերը, հայկականը»: Նազենին անկեղծացավ, որ վերջին անգամ սիրահարվել է 14 տարեկանում. «Եթե ես սիրում եմ, ապա շատ տարերային, ուժեղ: Հանուն սիրո ընդունակ եմ ամեն ինչի, ինչի ընդունակ է մարդը՝ ֆիզիկապես, հոգեպես, կամային առումով: Ընդունակ եմ ամեն ինչի, բացի իմ ինքնասիրության ոտնահարումից: Թե սիրում եմ, սիրում եմ 100 տոկոսով եւ միանգամից»: Թե ինչ հետաքրքիր անակնկալներ կամ նվերներ է ստացել սիրահարների տոնի կապակցությամբ, Ն. Հովհաննիսյանը չբացահայտեց, բայց նշեց, որ ավելի շատ ուրախանում է ոչ թե թանկարժեք, այլ սովորական նվերներից:
Փետրվարի 14-ը՝ Սուրբ Վալենտինի տոնը հիշարժան ու պատմական է երգչուհի Լեյլա Սարիբեկյանի համար. այդ օրը նա ամուսնացել է: Իսկ այս տարի փետրվարի 14-ը կնշանավորվի նաեւ նրա տղայի համար. «Այդ օրը իսկապես պատմական կդառնա ինձ համար. պատրաստվում ենք տղայիս «խոսքկապն» իրականացնել: Կարծում եմ՝ իմ կյանքում ոչ մի բան պատահական չէ: Ինձ համար սերն ամեն ինչ է, այն, ինչով ես ապրում եմ: Պարտադիր չէ դա լինի միայն զույգերի սերը: Կարեւորում եմ այն, որ մարդ ամեն բնագավառում գործունեություն ծավալելիս սիրով դա անի: Եթե մի բանում սեր կա, ամեն ինչ ինձ համար արդարացված է: Ինձ համար սերը ընտանիքն է, մայր լինելը, հայրենիքս, որտեղ ապրում եմ, ոլորտս… Իսկ սիրահարների տոնի կապակցությամբ ուղղակի երջանիկ եմ, որ Սուրբ Սարգսի տոնը եկավ եւ հաստատվեց մեր երիտասարդության սրտերում, Վալենտինը հաղթող դուրս եկավ»: Իսկ թե ինչի՞ է ընդունակ սիրահարված Լեյլան, նա ասաց. «Հանուն սիրո պատրաստ եմ ապրել… Եվ այն, որ մինչ օրս պահպանել եմ ընտանիքս, բազմաթիվ դժվարությունների շնորհիվ, դա եւս հանուն սիրո է եղել, այսինքն՝ սիրահարված Լեյլա Սարիբեկյանի ուժերի շնորհիվ: Կարծում եմ, պետք է ապրել սիրով ու մարդկանց սեր տալ»:
Տոների մեծ սիրահար է նաեւ երգչուհի Սիրուշոն: Նա նշում է, որ ամեն գեղեցիկ առիթ բաց չի թողնում սիրելիներին նվերներ պարգեւել. «Փորձում եմ ամեն տոն էլ նշել, այդ թվում եւ Սիրահարների օրը: Մեծ սիրով ընտրում եմ նվեր, հատկապես, երբ նվեր ստացողը ինձ շատ հարազատ մարդ է: Բայց գտնում եմ, որ չպետք է առանձնացնել սիրահարների տոնը, քանի որ ամեն օր ինձ համար սկսվում եւ ավարտվում է սիրով: Կարծում եմ՝ սիրելու կամ սեր խոստովանելու համար օր ընտրել պարտադիր չէ: Եթե կարող ես սիրել ու սերդ ճիշտ արտահայտել, ուրեմն յուրաքանչյուր օր էլ քեզ համար կդառնա սիրո տոն»:
Երգչուհի Էմմին էլ հիշեց, որ Վալենտինի տոնը առանձնահատուկ պատրաստակամությամբ սկսել է նշել դեռ դպրոցական տարիներից: «Հիշում եմ, որ ամեն տարի այդ օրը դասընկերոջս հետ նամակներ էինք գրում սիրո խոստովանություններով եւ դրանք տարածում բոլոր դասարաններով: Տարիներ անց նման բովանդակությամբ նամակներ սկսեցի նաեւ ես ստանալ. կարծում եմ՝ մի քանի հոգի մեր դասարանցիներից գլխի էին ընկել, որ նամակների հեղինակները մենք էինք: Չնայած դրանք հորինված նամակներ էին, բայց շատ էին ուրախացնում: Կարծում եմ՝ երջանիկ է նա, ով սիրում եւ սիրվում է: Հանուն սիրո պատրաստ եմ շատ բաների, որը, ըստ իս, բնորոշ է ամեն առողջ մարդու: Միայն թե դժվար եմ ասում ամենակարեւոր խոսքերը՝ ես սիրում եմ քեզ, որովհետեւ նախընտրում եմ վերաբերմունքով ցույց տալ զգացմունքս: Այս տարի պարտադիր կնշեմ այս գեղեցիկ տոնը, համարելով այն նաեւ իմը, բայց դրան պետք է դեռ նախապատրաստվեմ, նվերի տեսքով, ինչի համար, ցավոք, դեռեւս ժամանակ չեմ գտել»: