Շախմատի «Aeroflot Open» միջազգային գերմրցաշարի երրորդ տուրում ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի երեք ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն հանրապետության անցած տարվա չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Վերջերս մեր ազգային հավաքականին անդամագրված Սերգեյ Մովսիսյանը բավարարվեց ոչ-ոքիով, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեց: Երեկ կայացած չորրորդ տուրից առաջ Մովսիսյանը եւ Գրիգորյանը 2,0-ական միավորով զբաղեցնում էին, համապատասխանաբար, 11-րդ եւ 24-րդ հորիզոնականները, իսկ Պետրոսյանը 1,5 միավորով 44-րդն էր:
«B» խմբում համեմատաբար իրեն լավ է դրսեւորում 5-րդ հորիզոնականում ընթացող Տիգրան Քոթանջյանը՝ 2,5 միավորով: Իսկ ինչ վերաբերում է «C» խմբին, կարելի է ասել, որ այստեղ մեր շախմատիստների գործերն ամենից լավ են ընթանում: Դավիթ Շահինյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Խոջայանը, Սարգիս Մանուկյանը եւ Արթուր Ղարագյոզյանը երեք հնարավորից վաստակել են 2,5-ական միավոր: Ընդ որում, Սարգիսն ու Տիգրանն առաջին տասնյակում են, իսկ մյուս երեքը՝ քսան առաջատարների շարքում: