Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օտար անվանում եւ հայկական մշակույթ

Փետրվար 12,2011 00:00

Երեւանյան «ART EXPO»-ն՝ երրորդ անգամ

\"\"Հայկական մշակույթի տարբեր «դրսեւորումներ» երեկ համախմբվել էին մեկ հարկի տակ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 11-ին Նկարիչների միությունում մեկնարկեց «ART EXPO – 2011» արվեստների ցուցահանդեսը: Վերջինիս այցելել է նաեւ ՀՀ նախագահը: Կազմակերպիչներն ասում են, որ այն նպատակ ունի մշակույթի ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու արվեստասեր հանրությանը ներկայացնել հայրենական մշակութային ձեռքբերումները, նոր նախագծերն  ու մտահղացումները:
Ներկայացված էր շուրջ 50 պետական, հասարակական եւ մասնավոր մշակութային կազմակերպություն՝ իրենց տաղավարներով՝ թանգարաններ, ցուցասրահներ, թատերական, համերգային կազմակերպություններ, փառատոներ եւ այլն:
Ինչպես պարզեցինք մեր շրջայցի ժամանակ, «ART EXPO»-ին մասնակցող տաղավարներից որեւէ մեկին ցուցահանդեսի բացման առաջին օրը դեռեւս ոչ մի գործարար չէր մոտեցել որեւէ առաջարկով:
Պարի պետական անսամբլի տաղավարը ներկայացել էր վերջին երկու տարիներին ստեղծված  հայկական պարային ազգային հագուստներով: Ըստ անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանի, «ART EXPO»-ն միջոց է եւս մեկ անգամ աշխարհին ասելու, որ մենք  բարձրակարգ մշակույթ ունենք:
Ռուսական արվեստի թանգարանի տաղավարի նկատմամբ այցելուների մեծ հետաքրքրություն էր նկատվում: Ինչպես շեշտեց տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, թանգարանի նմուշները թանկարժեք են եւ այնտեղից դուրս չեն բերվում. «Այսօր ուղղակի ներկայացնում ենք մեր աշխատանքը բուկլետներով ու բրոշյուրներով: Սպասում ենք համագործակցությունների առաջարկների, եւ, կարելի է ասել՝ վստահ ենք, որ այս երկու օրերի ընթացքում դրանք կլինեն, \"\"քանի որ մեր թանգարանի նմուշները համաշխարհային նշանակության գործեր են: Դրանցից որոշները Արա Աբրահամյանն է նվիրել, կարծում եմ՝ հայաստանաբնակ գործարարների մեջ էլ կլինեն բարերարներ, որոնք եւս  սատար կկանգնեն թանգարաններին»:
«Ռոբերտ Սահակյանց» ստուդիայի նկարիչ, մուլտիպլիկատոր Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ցուցահանդեսին մասնակցում են զուտ հովանավոր գտնելու ակնկալիքով: 
«Արտ-Բրիջ» գրախանութ- սրճարանի աշխատակից Անուշ Սիմոնյանի խոսքով՝ ցուցահանդեսում դժվար է գտնել հովանավորներ, քանի որ միայն սովորական այցելուներն են հետաքրքրված:
Ժողստեղծագործության եւ արվեստագործության կենտրոնը, ինչպես մեզ ասաց տաղավարի ներկայացուցիչը, «ART EXPO»-ին մասնակցում է իրենց միջոցառումների մասին հասարակությանը տեղյակ պահելու նպատակով: Իսկ փոխշահավետ պայմանագրերի ակնկալիք գրեթե չունեն:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն հովանավորների եւ գործարարների՝ իր տաղավարում չէր սպասում: «Այսպես թե այնպես, մենք համագործակցում ենք լավագույն ռեստորանների հետ»,- հայտնեց ներկայացուցիչ Վահե Անթանեսյանը: Այս տաղավարում ներկայացված էին հին հայկական ուտեստները՝ իրենց պատրաստման եղանակներով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը նույնպես գործարարների հետաքրքրությունը շարժելու հույս ունի: Տաղավարի ներկայացուցիչ Անահիտ Թադեւոսյանն ասաց. «Ակնկալիք ունենք կինոգործունեությամբ հետաքրքրվող եւ շահագրգիռ անձանց հանդիպել այստեղ, որոնց հետ կկարողանանք համատեղ արտադրություն եւ գործունեություն ծավալել: Առայժմ միայն հետաքրքրասեր հանդիսատեսի ենք հանդիպում»:

Հ. Գ. Մի բան միայն «մութ» մնաց. ՀՀ մշակույթի նախարարությունը ինչո՞ւ է օտար անվամբ եւ լատինատառ անվանում մտածել հայկական մշակույթի «արտադրանքը» ներկայացնող ցուցահանդեսի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել