Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԱՇՈՒՂՆ ՈՒ ԵՐԳԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Փետրվար 12,2011 00:00

\"\"Աշուղ Բարսեղի մեկնաբանություններն ու ցանկությունները

Դեռեւս 14-րդ դարում արեւելյան աշուղական արվեստը մուտք գործեց հայկական մշակույթ, եւ մեր տաղասացները սկսեցին իրենց ստեղծագործություններում կիրառել արեւելյան հանգն ու վանկը, իսկ 17-րդ դարում Պաղտասար Դպիրի, ապա մեկ դար անց Նաղաշ Հովնաթանի ջանքերով Հայաստանում հիմնավորվեց այս արվեստը: Սայաթ-Նովայից մինչեւ աշուղ Շահեն՝ հայ դասական աշուղների ընդգրկուն շրջանն էր, որից հետո, թվում էր, թե  աշուղական արվեստն իր դարն ապրել է ու զարգացում չի ունենա: Սակայն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ջանքերով Երեւանում հիմնադրվեց Ջիվանու անվան աշուղական դպրոցը, որի շուրջը համախմբվեցին բազմաթիվ ստեղծագործողներ Հայաստանից եւ նույնիսկ նրա սահմաններից դուրս: Ստեղծվեց դասարան, որտեղ ուսուցանվում էր աշուղական արվեստ եւ տաղաչափություն: 2003թ. հիմնվեց Հայ աշուղների միությունը եւ սկսվեցին մերօրյա աշուղների շարունակական ձեռնադրությունները: Այսօր նրանց թիվը 40 է:
«Առավոտը» հյուրընկալեց աշուղ Բարսեղին, ով սովորել է Էջմիածնի ճեմարանում, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ձեռնադրվել քահանա: Խորհրդային տարիներին էլ իբրեւ երգիչ հանդես է եկել Էջմիածնում եւ Աշտարակում՝ ճանաչված թառահար ու կոմպոզիտոր Հրանտ Թորոսյանի ինքնագործ խմբերի հետ: 2002թ. մեկնել է ծննդավայր՝ Իրան, հանդես եկել համերգներով, հասցրել դառնալ Իրանի հայ գրողների միության անդամ, նույնիսկ փորձել տեղի հայկական եկեղեցիներից մեկում հոգեւոր ծառայության անցնել, սակայն չի ստացվել կուսակցական խժդժությունների պատճառով: 2004-ին աշուղ Բարսեղը վերադառնում է, իր երգերով ու բանաստեղծություններով ներկայանում Թովմաս Պողոսյանին, սկսում է հաճախել աշուղական արվեստի դասարան: Այսօր պարոն Պողոսյանի խմբագրությամբ պատրաստվում է աշուղի առաջին գիրքը, որում  ընդգրկված են նրա բանաստեղծությունները, երգերն ու աֆորիզմները: Իր կոլեգաների արվեստը բարձր է գնահատում աշուղ Բարսեղը, սակայն գտնում է, որ, այնուամենայնիվ, քիչ են հնչում նրանց երգերը: Զրույցի ընթացքում նա փաստեց, որ Ադրբեջանում տեղծագործող շուրջ 500 աշուղները մշտապես ԶԼՄ-ների եւ կառավարության ուշադրության կենտրոնում են. «Իրանում մի օր պատահաբար ադրբեջանական  հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես հատուկ պատրաստված բեմում հարյուրավոր աշուղներ միաժամանակ հանդես էին գալիս»: Հիշեցրինք, որ անցյալ տարի Թովմաս Պողոսյանի նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվեց միանգամից 25 աշուղ… Ընդհատելով, մեր զրուցակիցն ասաց, որ դա, իհարկե, հիանալի էր, սակայն ինչո՞ւ մինչ օրս համերգը չի ցուցադրվում հեռուստատեսությամբ…
Էջմիածինաբնակ աշուղը ներկայացրեց իր  «Էջմիածին» երգի  պատմությունը. «Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին կաթողիկոսին եմ փոխանցել երգս, նա էլ միջնորդել է «Էջմիածին» հոգեւոր ամսագրի գլխավոր խմբագրին՝ տպագրելու: Բայց երբ հետաքրքրվեցի երգիս ճակատագրով, պարոն Մադոյանն ասաց, թե կորցրել է, միառժամանակ հետո էլ ասաց, որ տվել է հայր Անդրեասին, վերջինս էլ իբր փոխանցել է սարկավագներին…  Անգամ սպառնացին, որ չդիմեմ Վեհափառին, հակառակ դեպքում կհայտնեն, թե «Էջմիածին» երգն իրենից ոչինչ չի ներկայացնում: Օրերս դարձյալ  դիմել եմ Վեհափառին: Պարզապես պետք է քաղաքիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել