Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր մտածողության տարբերությունները

Փետրվար 12,2011 00:00

Տանը գողություն է լինում, ու հայրը փորձում է պարզել, թե իր երեք որդիներից որ մեկն է գողությունը կատարել: Այդ նպատակով հայրը մի պատմություն է պատմում. «Երկու եղբայր են լինում, սիրում են նույն աղջկան, ու նրանց հայրը որոշում է աղջկան այն տղայի հետ ամուսնացնել, որին չի սիրում այդ աղջիկը, ու երբ առաջին գիշերը աղջիկը գալիս է չսիրած տղայի մոտ, նրան խոստովանում է, որ սիրում է մյուս եղբորը, ու տղան ասում է, որ այդ դեպքում պետք է լինի նրա կինը եւ ուղարկում է մյուս եղբոր մոտ: Իսկ երբ աղջիկը հասնում է իր սիրած տղայի մոտ, վերջինս ասում է, քանի որ իր եղբայրն այդքան մեծահոգի է գտնվել ու նման որոշում է կայացրել, ապա պետք է նրա կինը լինի, որովհետեւ նա հոգեպես ավելի բարձր մարդ է, քան ինքը»:
Այս պատմությունն անելուց հետո՝ հայրը որդիների կարծիքն է հարցնում պատմության մասին: Առաջին որդին պատասխանում է, որ աղջկա չսիրած տղան այնքան մեծահոգի էր, որ չօգտվեց աղջկա անօգնական վիճակից, երկրորդ որդին պատասխանում է, որ աղջկա սիրած տղան ավելի մեծահոգի դուրս եկավ, քանզի հասկացավ իր եղբոր մեծահոգությունը, իսկ երրորդ եղբայրը պատասխանում է, որ միայն մի բան չի հասկացել. ինչպես եղավ, որ եղբայրներից ոչ մեկի մտքով չանցավ աղջկա հետ կենակցել:
Ինչ եմ ուզում ասել այս պատմությունով, որ ամեն մարդ իր փչացածության աստիճանով է աշխարհին նայում, իսկ Հորը միշտ էլ պարզ է, թե ով ինչի է ընդունակ:
Արդեն երեք տարի է՝ Հայաստանի բնակչության մի մասը շարժման մեջ է ու պայքարում է հանուն «Ազատ Հայաստանի», հանուն Արցախի ուժեղացման, ընդդեմ կոռուպցիայի ու հանցագործությունների, իսկ մյուս մասն էլ պայքարում է այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են վերոնշյալ երեւույթների համար, սակայն ամենազավեշտալին այն է, որ առաջին խմբի մարդկանց թվում է, որ ինչ-որ ձեւ կարող է համոզել երկրորդ խմբին ու իր կողմը գրավել, իսկ երկրորդ խմբին էլ թվում է, որ առաջի խմբի մարդիկ պայքարում են հանուն շահի, բայց այնպես են թաքցնում այդ շահը, որ երեք տարի է՝ իրավապահ մարմինները չեն կարողանում բացահայտել:
Երկրորդ խմբի ներկայացուցիչները օրումեջ հրապարակումներ են անում, որ իբր առաջին խումբը ստացել է գրանտներ, կամ ինչ-որ մի արեւմտյան դեսպանություն ֆինանսավորել է այս կամ այն միջոցառումը, կամ ինչպես կարող են մարդիկ առանց որեւէ շահի երեք տարի փողոցում պայքարել:
Առաջին խումբն էլ օրումեջ հրապարակում է երկրորդ խմբի կատարած անօրինականությունների մասին տեղեկություններ, ու նրան թվում է, որ այդ հրապարակումներով կշարժի երկրորդ խմբի խիղճը կամ կթուլացնի այդ խմբի դիրքերը, սակայն կրկին զավեշտալին այն է, որ ոչ առաջին խումբն է կարողանում հասկանալ, որ երկրորդ խումբը երբեք «դարձի եկողը» չէ, ոչ էլ երկրորդ խումբն է հասկանում, որ հնարավոր է անշահախնդիր պայքարել, ու պետք չէ առաջին խմբի մեջ դավաճաններ որոնել:
Իրականում մեր ժողովուրդը ոչ թե բաժանված է խավերի կամ այս կամ այն խմբավորումների, այլ տարաբնույթ «մտածողությունների», որ նույն երկրում ապրելով, նույն կրոնը ունենալով, նույն լեզվով խոսելով մարդիկ իրար չեն հասկանում: Ու երբ հայտարարվում է, որ պետք է քանդել չհասկացվածության պատը, ես հենց այս պատի մասին եմ մտածում, կամ երբ ասում են, որ մենք շախմատ ենք խաղում, իսկ դիմացի կողմը բոքս՝ ես հասկանում եմ, որ միեւնույն պետության մեջ համերկրացիները, եթե իրար հետ խաղում են, ապա միեւնույն խաղը պետք է խաղան, կապ չունի ինչ է խաղի անվանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել