Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ՞, ԹԵ՞ ԱՆՀԵԹԵԹ

Փետրվար 12,2011 00:00

\"\"Նախկին սփյուռքահայի տեսանկյունից

Մեծ իմաստասեր Գյոթեն սքանչելի մի խոսք ունի՝ «Մեր չհասկացած բաները մերը լինել չեն կարող»: Վերջին օրերին հրապարակ նետված երկպալատ խորհրդարանի ձեւաչափում սփյուռքահայերին Հայաստանի քաղաքական կյանք ներգրավելու միտք-ծրագրի առթիվ, միտքս այլ բան, քան «անհեթեթությունների գլուխգործոցը երեւի հենց սա է», ոչինչ չի գալիս:
Բավականին քաջածանոթ լինելով սփյուռք կոչվող իրականությանը եւ հանդիսանալով դրա նախկին անդամներից մեկը, քանի օր է՝ չեմ կարողանում ընկալել ՀՀ սփյուռքի նախարարուհու բերանից օտար ափերում հնչած այդ միտք-առաջարկի հիմքում ընկած պատճառ(ների) բանականությունը, եւ առանց դա հասկանալու չեմ կարողանում լրջորեն քննարկել:
Որպեսզի ասածներս հասկանալի լինեն, կփորձեմ իմ անձնական կյանքից, ապրածներիս արդյունքում ձեռք բերած փորձառությունից մի շատ կարեւոր օրինակ բերելով, նյութի շուրջ մտածել ցանկացողներին օգտակար լինել: 21 տարուց ավելի ապրում եմ Հայաստանում, որից ուղիղ 4,5 տարին անց եմ կացրել Արցախ աշխարհում: Նախքան Հայաստան ժամանելս ապրել եմ երեք տարբեր պետություններում եւ փորձել եմ իմ հայկական ինքնությամբ կյանք ստեղծել, որն ինձ, խոստովանում եմ, չի հաջողվել:
1990թ. գարնանը, դեռ իմ հայրենիք համարածս Հայաստանի խորհրդային եղած ժամանակներում, գրպանումս Փարիզից Երեւան միայն մի ուղղությամբ տոմս ունենալով, մշտական բնակություն հաստատելու նպատակով եմ եկել: Իմ՝ Հայաստան ներգաղթելու որոշումն ընդունելու ամենակարեւոր պատճառը եղել է ազգային ինքնությունս կորցնելու ռեալ վտանգի պայմանների մեջ ապրածս սփյուռքյան իրականությունը, կարճ ասած՝ վախեցել եմ դադարել հայ լինելուց եւ որոշել եմ մեկնել Հայաստան, որտեղ կային հայ լինելով իմ կյանքը շարունակելու բոլոր պայմանները:
Պապերս իրենց բնօրրանից գաղթել են, հայրս իր ծննդավայրից երկու անգամ է ստիպված արտագաղթել, ես եւս իմ հերթին ապրել եմ արտագաղթ կոչված իրավիճակի ծանր ու դաժան բոլոր երեւույթները ու որոշել, որ ոչ թե արտագաղթել, այլ ներգաղթել է պետք: Եվ հենց այդ «պետքը» ինձ է պետք: Հայաստանում ապրող իմ հայրենակիցներից շատ շատերը, դժբախտաբար, հայրենիք ներգաղթածներիս հասցեին մշտապես գովասանքներով լի արտահայտություններ շռայլելով, այդպես էլ չեն պատկերացնում, որ մեզ դեպի իրեն ձգող այս մեծ ուժը՝ հայրենի աշխարհը, նախկին սփյուռքահայերիս իրական փրկիչն է հանդիսանում:
Ցավով եմ նշում այս փաստի առթիվ լռել փորձող բոլոր այդ սփյուռքահայերի, երեւի թե առայժմ անհաղթահարելի հոգեկան բարդույթները՝ իրականությունը խոստովանելու հետ կապված, ինչն ինձ համար միշտ էլ անհասկանալի է եղել, սակայն պետք է ասել պարզագույն ճշմարտությունն այս մասին, եւ դա այն է, ինչից ոչ ոք չի խուսափել երբեք: Հայաստանը մեզ բոլորիս միայն տվել է, տվել ու տվել, առանց նույնիսկ մեզնից ինչ-որ բան վերցնելու ակնկալիքով: Խոսքս վերաբերում է, անշուշտ, իրենց երկրում մշտական բնակություն հաստատած նախկին սփյուռքահայերին: Սա հատուկ շեշտում եմ այն պատճառով, որ ասածներս Հայաստանից դուրս ապրող սփյուռքահայերի նույնիսկ 0,1%-ի համար, մեծագույն ցանկություն ունենալու դեպքում իսկ, հասկանալի չի լինի, որովհետեւ նրանց 99,9%-ը ինքն իրեն հավատացրել է, թե Հայաստան երկիրը շնորհիվ սփյուռքահայության է գոյատեւում:
Ես, Հայաստանում ապրելով, փոխել եմ իմ արժեհամակարգը, հայացքներն ու նախասիրությունները, առաջնահերթությունները, կյանքի իմաստն ու բովանդակությունը… Իրերն իրենց իսկական անուններով կոչելու լավ հատկանիշը հենց այստե՛ղ ապրելով եմ ձեռք բերել… Եթե իմ՝ Հայաստանում ապրելու շնորհիվ ձեռք բերածներս թվարկելու լինեմ, երեւի թե մի օրաթերթի մեկ շաբաթյա բոլոր համարները զբաղեցրած կլինեմ: Ընթերցողներիս մոտ հավանաբար ծագած հարցին՝ «իսկ չկա՞ բան, որ կորցրել ես», կարող եմ պատասխանել միայն մեկ բառով՝ «այո… ժողովրդավարությունը», ահա իմ կորցրած միակ արժեքը՝ կխոստովանեմ ամենայն անկեղծությամբ: Եվ եթե հասնենք ժողովրդավարական Հայաստան ունենալու երանելի  նպատակին, հավատում եմ, որ աշխարհում հայության համար ապրելու, բնակվելու, աշխատելու, ստեղծելու, հարատեւելու միակ արժանի տեղը հենց այստեղ, մեր երկիր-պետությունն է լինելու: Միայն այդ հրաշքն իրականություն դառնալու համար պետք է յուրաքանչյուր հայ քրտինք թափի, աշխատի ու չարչարվի, այլ անելիք չկա:
2005թ. վերջերին կեղծված հանրաքվեի արդյունքում իբր թե «ընդունված» սահմանադրությամբ նախատեսված երկքաղաքացիություն կամ սփյուռքահայության ՀՀ քաղաքացիություն ստանալը հեշտացնելուն միտված փոփոխությունը, ավելի ճիշտ՝ դրա փաստացի կիրառման տխուր ընթացքը, ինձ հիմք է տալիս ասելու, որ «հայրենիքը հեռվից սիրող» ՀՀ քաղաքացիների գոյությունը ոչ միայն անիմաստ, այլեւ ամբողջովին անհեթեթություն է: Եվ քանի որ նման մարդիկ սփյուռքում ապրող համայնքների անդամներն են, նրանք Հայաստանում ապրող մարդկանց կյանքի եւ ոչ մի կետի, բութի կամ ստորակետի հետ որեւէ ընդհանրություն չունեն: Այս առումով երեւի թե համարձակվեմ ասելու, որ սփյուռքահայությունը մեր հայրենիքի մի շատ փոքր հատվածում գոյություն ունեցող հայոց պետականության մեջ ապրող մարդկանց հետ հավասար իրենց ճակատագիրը չի կիսում, ուստի եւ հայրենա-կից լինել չի կարող, իսկ՝ ազգակից… խնդրեմ:
Սփյուռքում ապրող հայությունը իր սեփական գոյությունը կազմակերպելու, համակարգելու, կառավարելու, որոշումներ կայացնելու եւ ոչ մեկ միավոր (դա լինի տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական, թե այլ կերպ) ստեղծելու ունակությունը չի կարողացել ցույց տալ, եւ սա փաստ է: Ինքնիրեն տիրապետելու, ինքնակառավարելու որեւէ դրսեւորում չունեցող, դրանից զուրկ մի մարմին հիշեցնող սփյուռքահայության մասին խոսելուց առաջ՝ նախ պետք է ախտորոշման համար հարկավոր բոլոր միջոցներն օգտագործելով պարզել նրա անմեղսունակության հավասար գոյավիճակի հիմնական պատճառները, հետո նոր որոշել նրա հետ ինչպես վարվել:
Հիվանդի ունեցած հիվանդությունների ամբողջական ախտորոշումը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք կլինիկական մի երեւույթի հետ, որն իրոք անհապաղ բժշկական օգնության-միջամտության կարիք ունի, եւ քանի որ նա ինքնուրույն այս իրավիճակից դուրս գալու, առողջանալու հնարավորությունից զուրկ է, հարկավոր է նրան օգնել ու բուժել վերջապես: Իսկ իմ փորձից ելնելով՝ համոզված կարող եմ ասել. յուրաքանչյուր սփյուռքահայի ունեցած բոլոր տեսակի հիվանդությունների, բնականաբար նաեւ հոգեկան ու հոգեբանական ոլորտում առկա լրջագույն խնդիրների բուժման միակ միջոցը ընդմիշտ Հայաստանում հաստատվելն ու հայաստանցիների հետ միասնաբար ապրելն է: Այլ ելք պարզապես չկա, քանի որ սփյուռքը գերեզմանատուն է հիշեցնում, իսկ Հայաստանը ծննդատուն է… այս երկուսի միջեւ, ցավոք, միայն հոգեպես անհանգստություններ ունեցողների համար հատուկ մի ինչ-որ բան կա, որտեղ գտնվողներին էլ երեւի ուզում են ինչ-որ կարգավիճակ սահմանել, տալ, թե բաժանել՝ չգիտեմ իրոք:
Հայաստանում վարորդական իրավունք տալու համար պահանջվող հիմնական փաստաթուղթը ժողովրդական լեզվով «պսիխո» է կոչվում, առանց դրա ոչ մեկին թույլ չեն տալիս ղեկին նստել ու ղեկը վարել: Ես դեռ գեթ մի մարդու չեմ հանդիպել, որ այդ «պսիխոն» անցած լինի, փողը տալիս եք, ու այդ շատ կարեւոր փաստաթուղթը ձեզ տրամադրում են, կարծեք թե դուք «նորմալ» մարդ եք: Ձեզ երբեք չտեսած, չքննած, չթեստավորած, ձեր հոգեկան հավասարակշռվածության մասին ոչինչ չիմացող եւ իբրեւ թե «Հիպոկրատի երդում» կերած պետական պաշտոնյայի կողմից ընդամենը կաշառակերության «շնորհիվ» ձեռք բերված այս «պսիխոն» ահա ինձ հիշեցնում է սփյուռքահայերով ինչ-որ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը հղացողների տկարամտությունը եւ ուզեմ թե չուզեմ, մտածում եմ, թե երեւի ոմանց մոտ «ահա ըսենց փող է հարկավոր, սփյուռքահայ ջան» ասելու անհրաժեշտությունից ելնելով «պսիխո» բաժանելու ցանկություն է ծնվել:
Այլապես եղածը ինչ-որ կերպ բացատրել, ժամանակին սփյուռքահայության «խրամատներում կռված» մարդուս՝ հավատացեք, չի հաջողվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել