Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ

Փետրվար 12,2011 00:00

Փետրվարի 12-ին եւ 13-ին Երեւանում կկայանա Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի հայաստանյան մրցափուլը: Դատախաղ-մրցույթի այս տարվա թեման վերաբերում է անօդաչու ինքնաթիռների (թռչող սարքերի) օգտագործման օրինականությանը եւ միջազգային հակակոռուպցիոն իրավունքին: Թիմերը, ներկայացնելով երկու երկրներ, փորձելու են միջազգային դատարանի առջեւ հիմնավորել, թե արդյո՞ք Ռիգալիայի կողմից «Գիշատիչ» մակնիշի անօդաչու ռադիոհեռակառավարվող օդանավերից Ռիգալիայում եւ Արդենիայում հասցված հարվածները համարվում են միջազգային իրավունքի խախտում, արդյո՞ք Բաքչարի Դաշտային հիվանդանոցի վրա հարձակումը վերագրելի է Ռիգալիային, Ռիգալիան պարտավո՞ր է հետաքննել այս հարձակումը եւ փոխհատուցել Արդենիային, ինչպես նաեւ՝ Արդենիայի ժողովրդի դեմ հարձակումը անհամաչափելի եւ անօրինական ագրեսիայի գործողությո՞ւն էր, թե՝ ոչ: Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթն անց է կացվում 1959թ.-ից՝ աշխարհի շուրջ 90 երկրներում՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի (ILSA) կողմից: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի շուրջ 600 իրավաբանական դպրոցների եւ բուհերի թիմեր: 10 տարի մասնակցություն ցուցաբերելով Ջեսափի մրցույթի միջազգային մրցափուլում, հայաստանյան թիմերը ունեցել են մի շարք հաջողություններ, որոնց շարքում անհրաժեշտ է առանձնացնել 2009 թվականի Ջեսափի մրցույթի միջազգային մրցափուլում գրանցված հաղթանակը, որտեղ Երեւանի պետական համալսարանը ներկայացնող մեր թիմը Հայաստանում Ջեսափի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ մրցանակային տեղի է արժանացել լավագույն հայցադիմումների մրցույթում, մասնավորապես, տասը մրցանակներից հինգերորդին արժանացել է հայաստանյան թիմի գրավոր աշխատանքը։ Մրցույթի գրավոր եւ բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես մրցույթի դատավորներ, հրավիրվել են ճանաչված իրավաբաններ, որոնց թվում են՝ միջազգային իրավունքի մասնագետներ, դատավորներ, փաստաբաններ: Մրցույթին կհաջորդի հանդիսավոր մրցանակաբաշխությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել