Ավագ դպրոցի համար նախատեսված դասագրքերը հանրության դժգոհությունն են առաջացրել
ԿԳ նախարարությունը edu.am կայքում արդեն մի քանի օր է՝ հանրային քննարկման է դրել 2011-2012 ուսումնական տարվա ընդհանուր եւ հումանիտար հոսքի դասագրքերի նախագծերը: Հիշեցնենք, որ սեպտեմբերից ավագ դպրոցի հումանիտար հոսքը մնացել է առանց ռուսաց լեզվի եւ բնագիտական առարկաների դասագրքերի, քանի որ դրանք մրցույթի արդյունքում չընտրվեցին. մանկավարժների եւ գիտնականների հանձնաժողովները սկզբունքորեն հակադիր կարծիքներ էին արտահայտել: ԿԳՆ-ի՝ ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերը հանրային քննարկման դնելը մասնագետներին դուր է եկել, սակայն նրանց մեծամասնությունը թերահավատություն է հայտնում, արդյոք առաջարկություններն ու դիտողությունը հետո հաշվի առնվելո՞ւ են, թե՝ ոչ: «Առավոտը», ծանոթանալով գրառումներին, նկատեց, որ կարծիքները հիմնականում բացասական են: Հանրահաշվի եւ երկրաչափության դասագրքերի մասին Levon անունով այցելուն գրում է. «Կարծում եմ՝ պետք է մի քիչ բեռնաթափել «Միացությունների տեսություն», «Նյուտոնի երկանդամ», «Հավանականությունների տեսություն» բաժինները: «Նյուտոնի երկանդամ» թեման կարելի է ընդհանրապես հանել, այն պետք չէ հումանիտար հոսքի աշակերտին»: Գ. Աղեկյանն էլ նշում է. «Հումանիտար հոսքի երկրաչափության գիրքը չգիտեմ ում մեղքով այնպես է ներկայացված, որ հնարավոր չէ կարդալ… Հնարավո՞ր է դրանք էական փոփոխության ենթարկվեն, եթե լուրջ դիտողություններ լինեն: Կարծում եմ՝ ոչ: Գոնե ծրագրային առումով հաստատ չեն փոխվի: Շատ դեպքերում այդ գրքերը այնքան շատ փոփոխությունների կարիք ունեն, որ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու պիտի հեղինակները, թարգմանիչները, խմբագիրներն ու սրբագրիչները դրանց համար վարձատրվեն, իսկ նրանց խոտանը ուրիշներն անվճար կարգի բերեն»:
Petros 59 անունով այցելուն նկատում է. «Ցանկացած ապրանք արտադրող գոնե երեք հարցի պատասխան պետք է իմանա. ո՞ւմ համար է արտադրում, ինչպե՞ս է արտադրում, ինչպե՞ս է իրացնելու: Շահույթ ստանալու համար, եթե իրացման խնդիրը լուծված է, առաջին երկու հարցի մասին մտածելը անիմաստ է: Իսկ դասագրքերի պարագայում 3-րդ խնդիրը լուծված է միարժեքորեն»: 26 dproc կոչվող այցելուի գրառումը հետեւյալն է. «Ավագ դպրոցի հանրահաշվի դասագիրքը պետք է համալրվի առարկայական չափորոշիչային 3 մակարդակներն ապահովող վարժություններով, քիչ են հատկապես Ա եւ Գ մակարդակի վարժությունները: Դասագրքի խնդիրներն ու վարժությունները շատ են հեռացված ավարտական քննական թեստերի պահանջներից»: Petrosyan-ն էլ գրում է. «Համազգային խայտառակություն. եթե դժվարանում եք մեկին ավելի տպավորիչ ներկայացնել խառնափնթոր, խայտառակ, այլանդակ եւ նմանատիպ մի շարք բառերի իմաստը, ապա նրանց ցույց տվեք հայոց պատմություն առարկայի դասագրքերը: Այդ առարկայի հատկապես ավագ դպրոցի համար նախատեսված դասագրքերը, բացառությամբ մի քանի թեմաների, կարելի է անվանել ազգային ամոթ: Նյութը ներկայացված է չափազանց խիտ: Փաստահեղձությունը խանգարում է: Հազվադեպ կարելի է հանդիպել կապակցված շարադրանքի: Նկատվում են ավելորդ կրկնություններ, կան բազում ներքին հակասություններ: Համոզված եմ, որ անգամ հեղինակներն ու խմբագիրները չեն կարող այդ գրքերով սովորել հայոց պատմություն:
Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդիկ պատվեր են ստացել՝ ստեղծել այնպիսի դասագիրք, որը վերջնականապես կհիասթափեցնի ու կխրտնեցնի հայ աշակերտին: Արդյո՞ք այդ դոկտորներն ու թղթակից անդամները կարողանալու են պատասխան տալ այն բանի համար, որ «մեծ ավանդ» են ունեցել սերնդի ապազգայնացման եւ ուսումից հեռացնելու համար»: 26 dproc այցելուն էլ դժգոհ է ֆիզիկայի դասագրքերից. «Շարադրանքը խրթին է, աշակերտների համար 9-րդ դասարանի «Էլեկտրամագնիսականություն» թեման ընկալելի եւ պարզ չէ, աշակերտները՝ իրենք են բարձրացնում այս հարցը եւ դժգոհում»: Hasmik H-ն էլ գրում է աշխարհագրության դասագրքերի մասին. «Դասագրքերին ծանոթանալով՝ մի շարք հարցեր առաջացան: Գլխավորը՝ ի՞նչ ժամաքանակի համար են գրել, երբ դպրոցներում աշխարհագրությունը աղքատ ազգականի կարգավիճակով գրեթե ժամանակ չունի: Ես աշխատում եմ ավագ դպրոցում, 11-րդ դասարանում աշխարհագրության համար մեկական ժամ է նախատեսված: Ժամանակի սղության պատճառով դժվար է առարկան լիարժեք անցնել: Խորացված ուսուցում՝ աշխարհագրությունով չեն ընտրում, քանի որ ընդունելության քննություններից դուրս է մղվել»: Khazaros 96 անունով հանդես եկող աշակերտն էլ նկատում է. «Ես սովորում եմ 10-րդ դասարանի պատմաիրավագիտական հոսքում: Դասագրքերը ահավոր են: Մեջը դատարկություն է, ուսուցիչներն են մեզ թելադրում, որ սովորենք: Պատմության գրքերը բեռնաթափե՛ք, իսկ լեզուներում նորմալ տեքստեր, վարժություններ ու դասեր ավելացրե՛ք»: Lilit-ն էլ հուսահատ գրում է. «Ճիշտ է՝ մրցույթը կազմակերպվել է, դասագրքերով էլ դասավանդում են, բայց ոչ մեր դպրոցում, որովհետեւ հումանիտար հոսքում սովորող երեխաները չունեն այդ հոսքի համար նախատեսված դասագրքեր, քանի որ դրանք պարզապես չկան… Պետությունն անցյալ տարի քիչ է տպել, այս տարվան չի հերիքում, իսկ այս տարի նոր տպագրություն չի լինելու… Սա էլ մենք ու մեր կրթությունը…»: