Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոչխար են գողացե՜լ

Փետրվար 12,2011 00:00

Քաղաքացիներ Ռաֆիկ Ղազարյանն ու Աննա Նասիբյանը պնդում են, որ երեւանցի ոստիկանը խանգարել է իջեւանցի ոստիկանին՝ բռնել իրենց խաբողին:

ՀՀ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Ռաֆիկ Ղազարյանի եւ Աննա Նասիբյանի բողոքը եւ սովորական էր, եւ արտառոց: Սովորական այնքանով, որ Հայաստանում քիչ չեն խաբող եւ խաբված քաղաքացիները, իսկ արտառոց՝ քանզի բողոքավորները պնդում են, որ ապօրինությունը թաքցնելու համար մի ոստիկան այլ ոստիկանի զենքով սպառնացել է:
Ռաֆիկ Ղազարյանն ու Աննա Նասիբյանը «Առավոտին» գրված նամակում ասում են, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ Հարություն Հարությունյանը 2010 թվականի հուլիսի 21-ին, «չարաշահելով անչափահաս երեխաներիս վստահությունը, մեզանից տարել է 96 գլուխ ոչխար»: Ամուսինները դիմել են իրավապահներին, հարցով զբաղվել է ոստիկանությունը: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակից՝ մայոր Արթուր Էլլարյանը միակ իրավապահն է, ումից տուժած ամուսինները գոհ են եւ  շնորհակալ: Մայոր Էլլարյանը գտել է Հարություն Հարությունյանին, փորձել ձերբակալել, սակայն նրա եղբայր Արտակ Հարությունյանը, ով, ըստ տուժածների, ոստիկանության Երեւանի բաժիններից մեկում է աշխատում, զենքի սպառնալիքով մայոր Էլլարյանին չի թողել ձերբակալել Հարություն Հարությունյանին: Աննա Նասիբյանն ու նրա ամուսինը պնդում են, որ այս ամենից հետո գործը փորձել են կոծկել, իրենց հասանելիք 2,965 միլիոն դրամից (մեկ ոչխարի դիմաց՝ 30-31 հազար դրամ) ստացել են 1,1 միլիոնը: Բողոքավորները պնդում են, որ Հարություն Հարությունյանից ոչխարները գնած Հասան Շաբաբյանը իրականում 1,3 միլիոն է վճարել, սակայն ոչ ոստիկանության քննիչ Կ. Պետրոսյանը, ոչ էլ Տավուշի մարզի դախատազ Աննա Մանթաշյանը չեն ասում, թե ինչու է 1,3 միլիոնից Նասիբյանին հասել 1,1 միլիոնը եւ ուր է 200 հազար դրամը:
Այս պատմությունից հետո ամուսինները դիմել են մեզ, «հուսով, որ արդարությունը կհաղթի»: Նամակում ամուսինները ոչ այնքան նորմալ այլ իրողությունների մասին էլ են խոսում. օրինակ, որ քննիչ Կ. Պետրոսյանը կոպիտ տոնով եւ վիրավորական արտահայտություններով է խոսում իրենց հետ, մասնավորաբար ասել է. «կարող ես ազատել ինձ քո տհաճ ներկայությունից», կամ, որ իրենք 15 000 դրամով տաքսի են վարձել, որ քննիչ Պետրոսյանը գնա Երեւան, «բայց էլի քննիչը շատ վրդովված է, որ ճանապարհին գոնե քյաբաբ չի հյուրասիրվել» եւ այլն:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ դատախազությունիս: Ուզում էինք իմանալ՝ Աննա Նասիբյանի եւ նրա ամուսնու բողոքից հետո դատախազությունը ի՞նչ է արել: Մասնավորաբար, պարզե՞լ է՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են Նասիբյանի պնդումները, թե՝ Հարություն Հարությունյանի եղբայրը ոստիկան է եւ մեկ այլ ոստիկանի՝ Արթուր Էլլարյանի դեմ զենք է գործադրել: Եթե այս պնդումը ճիշտ է, ի՞նչ պատիժ է ստացել ոստիկանը: Ի՞նչ պաշտոն է զբաղեցնում Հարություն Հարությունյանի ոստիկան եղբայրը: Դատախազությունը պարզե՞լ է՝ իսկապե՞ս ոստիկանության քննիչ-մարզի դատախազ «ճանապարհին» կորել է 200 հազար դրամը: Ոչխարների համար պետք է վճարվեր 2,965 միլիոն, սակայն հետ է վերադարձվել 1,1 կամ 1,3 միլիոն: Ի՞նչ է լինելու մնացած գումարի հետ: Ինչո՞ւ պետք է տուժած քաղաքացին հոգա քննչի ճանապարհածախսը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ի պատասխան մեր հարցման տեղեկացրեց. «ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Աննա Նասիբյանի Ձեզ հասցեագրված նամակի եւ դրա հիման վրա Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ հայտնում եմ, որ սույն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի (Խարդախություն: Կախված ծանրությունից պատիժը՝ 2-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա-խմբ.) հատկանիշներով եւ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ Արարատի մարզի ոստիկանության քննչական բաժինը եւ նախաքննության գաղտնիության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել: Նախաքննության ընթացքի վերաբերյալ հետագայում լրացուցիչ կհայտնենք»:
Հուսանք, նախաքննությունը կպարզի՝ ոստիկանը ոստիկանին զենքով սպառնացե՞լ է, թե՞ ոչ: Մի բան է, երբ քաղաքացին է քաղաքացուն վնասում, բոլորովին այլ եւ խիստ արտառոց բան, երբ ոստիկանը ոստիկանին զենքով սպառնում է: Հայտնի է, որ ոստիկանը պետությունից ստացած զենք է կրում քաղաքացուն պաշտպանելու, ոչ թե հանուն իր հարազատի՝ գործընկերոջը սպառնալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել