Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորին ծեծել են անսթափ զինվորնե՞ր

Փետրվար 12,2011 00:00

Փետրվարի 10-ին Վանաձորում հուղարկավորեցին 1992 թվականին ծնված Գեւորգ Կոտինյանին: 19-ամյա երիտասարդի դին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասից տեղափոխել են փետրվարի 8-ի երեկոյան: Գեւորգը ժամկետային զինծառայության մեջ էր 2010-ի մայիսից: Ծառայության 9 ամիսների ընթացքում Գեւորգը բողոքներ չի ունեցել: Նա մահացել է կիրակի երեկոյան: Լուրեր կան, որ զինվորը խմբակային դաժան ծեծի արդյունքում ստացած բազմաթիվ վնասվածքներից է մահացել: Ծեծկռտուքի մասնակիցները 4-ն են՝ նույն զորամասի զինծառայողներ, որոնք ձերբակալված են: Ձերբակալված է նաեւ մեկ սպա:
Սկզբում Գեւորգի հարազատներին հայտնել են, թե տղան մահացել է ինֆարկտից, սակայն դիահերձման ժամանակ նրա մարմնի տարբեր հատվածներում առկա բազմաթիվ վնասվածքներն ու հարվածներից մնացած հետքերն այլ բան են ասում: Սրտի կանգ, կրծքավանդակի ու թոքի վնասվածք, բազմաթիվ արնազեղումներ: Մահվան վկայականում նշված են զինվորի մահվան պատճառները: Հարազատներն ասում են՝ Գեւորգը կռվարարությամբ աչքի չէր ընկնում, հարգանք էր վայելում շրջապատում: Ճանաչողներն էլ ասում են, որ նա համեստ ու զիջող էր, նրա մասնակցությամբ որեւէ կռվի դեպք հարեւանները չեն հիշում: Միջադեպի պատճառը, ըստ հարազատների, ալկոհոլն է, ասում են, թե նրան ծեծի ենթարկածները խմած են եղել, իսկ Գեւորգը չէր խմում: Թե ինչպես պատահեց, որ զինվորին մահու աստիճան ծեծելուն ոչ ոք չի միջամտել, կպարզի քննությունը: Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով հետաքննությունն արդեն սկսվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել