Երեկ Քաջարանի մանկապարտեզում էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան՝ ծանոթանալու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով «Հայաստան. քաղաքային ջեռուցման եւ տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին: Այս մանկապարտեզում ծրագիրը ներդրվել է Քաջարանի համայնքապետարանի հետ համատեղ: Ընդհանուր արժեքը՝ 25,7 միլիոն դրամ, որից 17,5 միլիոնը տրամադրել է Քաջարանի քաղաքապետարանը:
116 երեխա ունեցող մանկապարտեզում էներգախնայողության եւ արեւային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգի ներդրման համար շենքի տանիքին 16 քմ մակերեսով արեւային ջրատաքացուցիչ կոլեկտորներ են տեղադրվել: Արեւի էներգիայով ստացված տաք ջուրը պահեստավորվում է 700 լ տարողությամբ մեծ տարայում: Նոր համակարգով հնարավոր կլինի տարեկան մոտ 16 200 կՎտ/ժ ջերմային էներգիա ապահովել: Նախակրթարանի փայտե 2 հին դռների եւ 31 պատուհանների փոխարեն տեղադրվել են 15-20՝ շահագործման ժամկետով բարձր ջերմամեկուսիչ հատկություն ունեցող էներգախնայող դռներ ու պատուհաններ, շենքի ներքին արհեստական լուսավորության համակարգը փոխարինվել է նոր էներգախնայող համակարգով, իրականացվել է հակառադոնային պաշտպանություն, որի շնորհիվ բնական գազի մոտ 20 տոկոսը կխնայվի, դա էլ իր հերթին կնվազեցնի ածխածնային գազերի արտանետումները մթնոլորտ:
«Քաջարանի մանկապարտեզից բացի, էներգախնայողության ծրագիր իրականացրել ենք նաեւ Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ դպրոցում: Ծրագրեր ենք իրականացնում նաեւ մարզի այլ տարածաշրջաններում: Մեղրիում աջակցում ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, Գորիսի եւ Կապանի անտառտնտեսություններում անտառվերականգնման աշխատանքներին ենք աջակցում»,- լրագրողներին ասաց Դաֆինա Գերչեւան: