Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երթը ցրեցին ոստիկանները

Փետրվար 12,2011 00:00

\"\"Վրացական պետհամարանիշ ունեցող վանաձորցի 200 վարորդներ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Լոռու մարզկենտրոն Վանաձորում, այսպիսով ամբողջացնելով Վրաստանի հետ սահմանակից երեք մարզերի՝ Շիրակի, Տավուշի, Լոռիի հոգսաշատ պատկերը:
Տավուշցի վարորդների նման, լոռեցի վարորդները մեքենաներով հավաքվել էին մարզկենտրոնում՝ Վանաձորի Հայքի հրապարակում: Շիրակցի իրավապահների նման լոռեցի իրավապահները՝ Լոռու մարզի ոստիկանության պետ Անուբախ Համաբարյանի գլխավորությամբ, սպառնում էին. «Գնացեք, թե չէ՝ լավ չի լինի»: Հեռացողներ եղան, մնացին միայն 100-ը: Լոռու մարզի ոստիկանապետի սպառնալիքներն էլ ամբողջացնելու եկավ Վանաձորի ոստիկանապետ Սարգիս Ավետիսյանը ու պահանջեց, որ բացեն՝ չխանգարեն երթեւեկությանը:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի 5-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Կարապետյանը իբր կարգ ու կանոնի պահպանման համար սկսեց բացատրել, որ օրենքին չենթարկվողները կտուգանվեն. «Հեռացեք, թե չէ՝ մեքենաները կտանենք տուգանային հրապարակ»,- իրենց սպառնալիքը առարկայացնում էին ՃՈ աշխատակիցները: Վարորդները ստիպված, թե վախից՝ շարասյունով շարժվեցին դեպի Դիմաց թաղամաս, իսկ հետդարձի ճանապարհին Ճանապարհային ոստիկանությունը նրանց տուգանում էր, իբր երթեւեկության խոշոր խախտումների համար, բայց ակտերի մեջ գրանցում էին 3000 դրամը չանցնող գումարներ: Երեւի միայն նրա համար, որ նախօրոք խոստացած սպառնալիքներն օդում չմնան: Երբ շարասյունը կրկին Հայքի հրապարակում էր՝ 50 ավտոմեքենա հազիվ լիներ:
Այսքան աղմուկից հետո քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցներից ոչ մեկը չեկավ լսելու վարորդների բողոքը: Վարորդների միակ հույսը մնացել էին լրագրողները, որոնց աշխատանքը խոչընդոտել փորձեցին ոստիկանները: Ու երբ չստացվեց, հայտարարեցին, որ լրագրողներն են ավտոմեքենատերերի բողոքի ակցիան կազմակերպել, եթե լրագրողները չլինեին՝ վարորդները չէին համարձակվի հավաքվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել