Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵՐՈՆՔ ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ԵՐԳՆ ԵՆ ԵՐԳՈՒՄ»

Փետրվար 12,2011 00:00

\"\"Ըստ Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջի քանոնի դասատու Մարինե Ասատրյանի, մարզերի մշակութային կյանքը կարոտ է թե պետության, թե հարկատուներիս փողերով ապրող «Հ1»-ի ուշադրությանը:

Եթե ԽՍՀՄ տարիներին Հայաստանն աշխատում էր Մոսկվայի համար, ապա ետխորհրդային շրջանում՝ Երեւանի. այսօրինակ կարծիքների հաճախ ենք ունկնդիր լինում մարզերում եւ մասնավորապես՝ գյուղական բնակավայրերում: Գյուղաբնակներին արդեն հոգնեցրել է ծեծված խնդիրների մասին հազարերորդ անգամ բարձրաձայնելը: Համոզվել են՝ ոչ իրենց լսող կա, ոչ էլ բանի տեղ դնող: «Էս երկրում ինչ արվում ա՝ երեւանաբնակների համար ա արվում, որովհետեւ երեւանցիները որակի նշանի տակ են ծնվել՝ մայրաքաղաքցի են: Է, որ մենք էլ գյուղում ենք ծնվել, ուրեմն՝ գնանք-մեռնե՞նք: Ոչ նեղին են մեզ հիշում, ոչ՝ լենին: Հեռուստացույցն էլ միացնում ես, որ մի բան իմանաս, կամ անհամ ու անիմաստ սերիալներն են կամ հայոց երկնակամարի թագ ու պսակը դարձած վայ երգիչ-երգչուհիների մասին անհեթեթ հաղորդումներ: Ոնց որ մեր կյանքն ա անգույն ու անհետաքրքիր, ընենց էլ մեր հեռուստատեսությունը: Հատկապես՝ Հանրայինը: Բա նա իրավունք ունի՞ նմանվելու մասնավոր հեռուստաընկերություններին: Փոխանակ մյուսներն իրենից սովորեն, ինքն ա աչք տալիս սրան-նրան»,- իր բողոքն «Առավոտին» ներկայացրեց Արմավիրի մարզի Սամաղար գյուղի բնակիչ Վ. Սիմոնյանը, խնդրելով նյութը տպագրելիս նշել անվան միայն սկզբնատառը:
«Իսկ իմ անունը կարող եք հրապարակել ամբողջությամբ: Ես յուրաքանչյուր ասածիս համար պատասխանատու եմ եւ որեւէ մեկից վախենալու բան չունեմ»,- ասաց Արմավիր քաղաքի բնակիչ, արվեստի պետական քոլեջի քանոնի դասատու Մարինե Ասատրյանը: Քանոնահարուհին դժգոհ է մարզերում իրականացվող պետական մշակութային ոչ ճիշտ քաղաքականությունից: «Մշակույթի նախարարությունը բացարձակապես չի հետաքրքրվում մարզերի մշակութային կյանքով: Լավ է, որ գոնե երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների ուսուցումն անվճար դարձրին: Երեւի հասկացան, որ արդեն շատ ենք հեռացել արմատներից: Բայց ի՞նչ ստացվեց. եթե տարիներ առաջ, ասենք՝ փողային գործիքի դասարանը մեկ աշակերտ ուներ, եւ նախարարությանն էլ հենց այդ թիվն էր ներկայացվել, այդպես էլ այդ թիվը փոխանցվեց տարեցտարի: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք հիմա. անվճար սովորել ցանկացողների իրական թիվն աճեց, իսկ պետպատվերը մնաց անփոփոխ. մեկ-երկու աշակերտի հաշվով»,- նկատում է Մարինե Ասատրյանը: Քանոնահարուհին չի բացառում, որ այս պարագայում երաժշտական դպրոցներում գլուխ կբարձրացնի կոռուպցիան. «Եթե անվճար տեղը խիստ սահմանափակ է, իսկ սովորել ցանկացողների թիվը՝ շատ, հասկանալի չէ՞, թե անվճար կրթության նախապատվությունն ում կտրվի»:
Կենցաղային խնդիրների մասին աղաղակող իր հայրենակիցներին ուսուցչուհին կոչ է անում մի քիչ էլ հոգեւոր արժեքների մասին մտածել. «Պետական քաղաքականությունը հասցրեց նրան, որ մարդիկ դարձան հանապազօրյա հացի խնդրով ապրողներ: Ասում են՝ սոված ստամոքսով մշակութային արժեք պահպանել կլինի՞: Սա հենց այն է, ինչից պետք է վախենալ. մարդուն դարձնելով հացիվ մտածող, զրկում են հոգեւորից: Այսպես շարունակելու դեպքում, տասնյակ տարիներ հետո հայ մշակութային արժեքները պեղելով էլ չեն գտնի: Իսկ գիտե՞ք ինչու. որովհետեւ դրանք պահպանողները հայ գեղջուկն ու մշակն են, նրանց էլ բանի տեղ չեն դնում, չեն լսում, գրի չեն առնում նախնիներից ժառանգածը: Բայց չէ՞ որ դա էլ մի սերունդ է, որ մի օր կգնա՝ իմացածը հետը տանելով»:
90-ականներին, երբ երկիրը մթի ու ցրտի մեջ էր, երբ հանուն ազատ ապրելու իրավունքի՝ Հայաստանը դիմակայում էր, տիկին Մարինեն Արմավիրի գյուղերից մեկում երաժշտական դպրոցի տնօրեն էր եւ իր ղեկավարած երաժշտական դպրոցի դռները ոչ մի օր չփակեց: Ուսման վարձը վճարելու համար ծնողները գումար էլ չեն ունեցել, բայց երեխաներին ուղարկել են երաժշտանոց. «Ոչ աշխատանք ունեին, ոչ աշխատանք ունենալու հեռանկար, ոչ փող: Բայց ուզում էին, որ երեխաները նվագել սովորեն: Ստիպված բնամթերքով էին վճարում: Ես էլ բնամթերքով աշխատավարձ էի տալիս: Յոլա գնալով աշխատում ու երաժշտական կրթություն էինք տալիս երեխաներին՝ հավատալով երկրի ապագային: Բայց տարիներ անց էլ գրեթե ոչինչ չփոխվեց. ուղղակի հիմա բնամթերքով էլ չեն վճարում»:
0,5 դրույքաչափով վարձատրվող քանոնահարուհին 28 000 դրամ աշխատավարձ է ստանում եւ չի հասկանում տրամաբանությունը, որով տարանջատվել են դպրոցների ուսուցիչները երաժշտականի դասատուներից: Հարցնում է, թե ինչո՞ւ են հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը տարին մեկ անգամ բարձրացնում, իրենցը՝ ոչ: «Հասկացանք, երաժշտական դպրոցները համայնքային ենթակայության են: Է, որ համայնքի ղեկավարությունն էլ հարկ չի համարում մեր աշխատավարձը բարձրացնի, ուրեմն՝ ի՞նչ անենք: Ո՞ւմ բողոքենք»:
Երաժշտին վիրավորում է նաեւ Հանրային հեռուստաընկերության պահվածքը մարզերի մշակույթն ու մշակութային կյանքը մահից փրկող արվեստագետների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հարկատուների հաշվին աշխատող ընկերությունը ոչ մի առիթով չի հիշում մշակույթի մարզային գործիչներին. «Հատկապես Ամանորի տոներին ո՛ր ալիքը միացնում ես, շուշանպետրոսյաններից ու ալլալեւոնյաններից բացի, այլ դեմքեր չես տեսնում: Դեմ չեմ, որ նրանց ներկայությունն ամենուր ապահովվի, բայց գոնե մի քանի տեղ էլ մարզերի մշակութային մարդկանց տրամադրվի: Գոնե այդ դաշտում մեզ լքված ու օտար չենք զգա: Հավատացեք, շատ ձանձրալի եւ հոգնեցնող է ամեն օր նույն մարդկանց եթերում տեսնելը: Նույնիսկ, եթե նրանք համաշխարհային տրամաչափի աստղեր են: Եվ հետո, մարդը, հատկապես արվեստագետը, եթերում երեւալու համար նոր խոսք, ասելիք պետք է ունենա: Մինչդեռ մերոնք միշտ նույն երգն են երգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել