Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԱՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ ՄԵՔԵՆԱՆ

Փետրվար 12,2011 00:00

Գյումրիում վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ ավտոերթերն ու ցույցերը: Նույն համառությամբ էլ վարորդներին շարունակում են հետապնդել մարզի ոստիկանները: Ասում են, որ ոստիկաններին «դուխ տվողը» իրենց նախկին շեֆն է՝ այժմյան Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Երեկ բողոքավոր վարորդներին վաղ առավոտյան բռնի ուժով տարան Ախուրյանի ու Շիրակի մարզային ոստիկանության բաժանմունքներ՝ ահաբեկելով ու «դաստիարակչական» քարոզներ կարդալով: Այս մասին վարորդները հայտնեցին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը վարորդների անունից ասաց. «Ախուրյանի ոստիկանության եւ Ախուրյանի խճուղու խաչմերուկից ոստիկանները մի քանի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների համառորեն «հրավիրել» են Ախուրյանի ոստիկանություն զրույցի՝ «Պետը ուզում է զրուցել» վերնագրով: Ահազանգերից հետո, ես ու մի քանի վարորդներ հասել ենք տեղ, ես ականատես եմ եղել մի դրվագի, երբ վրացական պետհամարանիշով մեքենայի վարորդին չորս ոստիկան համառորեն իր նստած տեղից ուզում էին դուրս քաշել, վիճում էին հետը, թե՝ քելե, պետը ուզում է հետդ խոսել: Ոստիկանները փորձում են ներկայացնել, թե դա հրավեր է, բայց հրավերի համար մի ոստիկանը հերիք է: Երկու վարորդի տարել էին Ախուրյանի ոստիկանապետի հետ պարտադրված հանդիպման»: Վարորդների պատմելով, Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը կարճ, բացատրական աշխատանքներ է տարել՝ խուրհուրդ տալով հեռու մնալ «ավելորդ շուխուրներից»: Նման մի դեպք էլ գրանցվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, մի երիտասարդի նույն «թեմայով» հրավիրել են այնտեղ: Ի դեպ, «Ասպարեզում» հավաքված վարորդները երեկ միմյանց  բաժանում էին ինտերնետից հանված տեղեկություն՝ այն մասին, թե ինչպես կարող է ՀՀ քաղաքացին ինտերնետով ստանալ Վրաստանի քաղաքացիություն. այն ընդամենը $108 արժե: Վարորդները միահամուռ հայտարարեցին, որ եթե կառավարությունը չգնա զիջումների, իրենք պատրաստ են օգտվել Սահակաշվիլու ընձեռած հնարավորությունից: «Կգնանք ու գրոշ անգամ չենք մուծի մաքսազերծման համար: Հերիք եղավ, ի՞նչ է նշանակում, թե թանկարժեք մեքենաներ ունեն, թող մուծվեն: Էս կառավարության ստեղծած աշխատատեղերո՞վ ենք փող աշխատել, գնացել սիբիրներում ու յակուտիաներում բետոն շնչել, որ կարողանանք Վրաստանից մի էժան մեքենա բերել ու որպես տաքսի քշել: Կոպեկ չունենք տալու գրպանահատ կառավարությանը: Թող իրենք մտածեն»,- հայտարարեցին վարորդները՝ բողոքի ակցիա կազմակերպելով դեպի Ախուրյանի ու Շիրակի մարզային ոստիկանության բաժանմունքներ: Ի դեպ, Ախուրյանի ոստիկանապետը կտրականապես հերքում էր, թե ինքը բողոքավորներին զոռով ոստիկանություն՝ «զրույցի» է հրավիրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել