Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարությո՞ւնն է ստում, թե՞ մետրոպոլիտենը

Փետրվար 12,2011 00:00

Ուղեվարձը կթանկանա 50 դրամով

«Այս տարի կառավարությունը 860 միլիոն դրամով պակաս գումար է հատկացրել Մետրոպոլիտենին: Հավանաբար մտածել են, որ ուղեվարձի բարձրացմամբ կկարողանանք այդ 860 միլիոն դրամը լրացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը՝ միաժամանակ դժվարանալով մտաբերել, թե ինչքան գումար են ստացել կառավարությունից նախորդ տարի: Հատկացված գումարները հրապարակելու հարցում չդժվարացան ՀՀ ֆինանսների նախարարությունում: Պարզվում է, որ ի տարբերություն 2010-ի, կառավարությունը մետրոպոլիտենին 2011-ին դեռ մի բան էլ ավելի շատ է գումար տրամադրել: Նախորդ տարվա 1, 840 մլրդ դրամի փոխարեն այս տարի մետրոպոլիտենին հատկացվել է 1, 845 մլրդ:
«ՀՀ կառավարությունը դեռ երեք տարի առաջ էր որոշել մետրոյի ուղեվարձը բարձրացնել: Արդեն երկրորդ ամիսն է՝ տոմսի արժեքը չի թանկացել, արդյունքում մետրոպոլիտենն է տուժում, ֆինանսական ճեղք է առաջանում, դրա համար հնարավորինս շուտ կանցնենք 100 դրամի»,- վստահեցնում է տիկին Վարդանյանը: Նրա խոսքով, աշխարհում մետրոյի ամենաէժան ուղեվարձը Հայաստանում է ու ամենամատչելին կմնա նույնիսկ 100 դրամ դառնալու դեպքում. «Դեռ 100 դրամն էլ է մատչելի, որովհետեւ, մեր հաշվարկներով, յուրաքանչյուր ուղեւորի տեղափոխման արժեքը 250 դրամ է: Վերջին անգամ 8 տարի առաջ է ուղեվարձը թանկացել, բայց տեսեք, թե այդ 8 տարվա ընթացքում ամեն ինչ ինչքան է թանկացել: Սա նորմալ սահմաններում տեղավորվող թանկացում է»: Սպառողների պաշտպան Արմեն Պողոսյանի համար էլ մետրոպոլիտենի հաշվարկները անտրամաբանական ու աննորմալ են. «Այդ հաշվարկները թող պահեն իրենց տանը: Ուղեվարձի բարձրացումը ահավոր հալածանք է սպառողների նկատմամբ: Բացարձակ թվերով կարող է եւ տպավորություն ստեղծվի, որ մետրոյի ուղեվարձը Հայաստանում մատչելի է: Բայց համեմատեք օտարերկրացու ու ՀՀ քաղաքացու միջին աշխատավարձը: Մեզ մոտ միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, նշանակում է, որ շատերը 30-50 հազարով են ապրում, ու նույնիսկ 10 դրամի թանկացումն էլ լրացուցիչ բեռ է ավելացնում: Արհամարհական ու վիրավորական է այս վերաբերմունքը, գրչի մի հարվածով գներ են բարձրացնում»: Պարոն Պողոսյանը, անդրադառնալով Հայաստանի ու ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրված մետրոպոլիտենի վերակառուցման առաջին ֆինանսական պայմանագրին, նկատեց, որ այդ ներդրումները նպատակին չեն ծառայում. «Մեր մետրոն ոչ միայն բարեկարգվելու, այլեւ ընդլայնվելու կարիք ունի: Վերջին 30 տարում այն չի զարգացել, իսկ տեսեք, թե վերջին երեք տարում ինչ զարգացումներ են տեղի ունեցել այլ երկրներում. մետրոները ընդլայնվել են կիլոմետրերով: Ամենաահավորն այն է, որ մետրոպոլիտենի զարգացման նոր ծրագիրն էլ չի ներառում նոր գծերի կառուցում: Նախատեսվում է միայն շարժակառքի թարմացում, մոդեռնացում եւ այլն: Սա օգտակար է, բայց՝ ոչ կարեւորագույնը»: Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարն էլ հիշեցնում է, որ 2008-ից մետրոպոլիտենում վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ են իրականանում. «Դուք մտե՞լ եք վերջերս մետրոպոլիտեն, բավականին առաջխաղացում կա, կայարանների դռներն են փոխվել, գնացքներն են վերանորոգվել: Ուղեւորների համար վագոնները հարմարավետ են, նստարաններն էլ պատառոտված չեն… Չնայած սրան, դեռ շատ խնդիրներ կան, ուղեւորների շատ գանգատներ տեղին են: Մագնիտոֆոնները, բարձրախոսները պետք է փոխվեն, լույսերն են երբեմն անջատվում, բայց սրանց էլ հերթը կհասնի: Դեռ շատ հրատապ հարցեր կան, օրինակ՝ քաղաքացիների անվտանգ երթեւեկության ապահովումը: Իսկ մեր գնացքներով երթեւեկելն անվտանգ է: Ամեն առավոտ գնացքը գիծ դուրս գալուց առաջ տեխզննում է անցնում: Մինչեւ 100%-անոց «դաբրոն» չստանա, աշխատանքի դուրս չի գա»: Մետրոյից հաճախակի օգտվող քաղաքացիներն էլ մտահոգված են ոչ միայն ուղեվարձի թանկացման մասին լուրերից, այլեւ գնացքի անվտանգությունից: «Գները բարձրացնելուց առաջ՝ թող վագոնները կարգին վերանորոգեն: Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, թե մի վագոնը մյուսից ուր-որ է կպոկվի, ու կմնանք օդից կախված: Էլ չեմ խոսում գնացքներում սովորական դարձած հովհարային անջատումներից՝ դրանք բավականին հաճախակի են, բարձրախոսներն ու շարժասանդուղքներն էլ երբեմն չեն աշխատում: Այս բոլոր խնդիրները լուծելուց հետո, նոր միայն կարելի է մտածել գինը բարձրացնե՞լ, թե՞՝ ոչ»,- ասում էր Սանամ Գալստյանը: Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարն էլ նշեց. «Մեր վագոնները 1930-ականների արտադրանք են, ֆիզիկապես ու բարոյապես՝ խիստ մաշված: Բայց այս պահին չենք կարող մեզ թույլ տալ գնացք գնել, չունենք ֆինանսավորում: Ռուսական մեկ վագոնը $1 միլիոն արժե, իսկ եվրոպականը՝ ավելի քան $1,2 միլիոն»: Տիկին Վարդանյանը վստահեցրեց, որ աշխատակիցներ առաջիկայում չեն կրճատվի. «Ղեկավարությունը մտածում է՝ ինչպես աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնի, քանի որ տեսնում եք, թե կյանքը ինչպես է թանկացել»:
Թե կոնկրետ որ ամսին է նախատեսվում ուղեվարձի թանկացումը, ֆինանսների նախարարությունը տեղեկատվությունը ստանալու համար խորհուրդ տվեց դիմել Երեւանի քաղաքապետարան, քաղաքապետարանից էլ՝ նախարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել