Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ԿԵՐԵՔ, ՄԻ՛ ԽՄԵՔ, ՄԻ՛ ԼՈՂԱՑԵՔ, ՄԻ՛ ՀԱԳՆՎԵՔ

Փետրվար 12,2011 00:00

\"\"Հունվարին հանրապետությունում դիտված գնաճը ստիպում է պարզապես Կիեւյան կամրջի մոտ հերթ կանգնել՝ քցվելու համար

Առողջապահության նախարարության մասնագետները հաշվարկել են, որ մարդը օրական պետք է ուտի 2412,1 կկալ էներգետիկ արժեքով սնունդ, որպեսզի կարողանա իր առողջությունն ու գոյությունը պահպանել: Դրա մեջ մտնում է հացը, կաթնամթերքը, ձուն, կարտոֆիլը եւ ընդհանրապես այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն: Սակայն խնդիրն այն է, որ մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունն այսօր չի կարողանում ստանալ օրական իրեն հասանելիք այդ նվազագույն կենսապահովման զամբյուղի գոնե կեսը: Եթե մի քանի ամիս առաջ Ազգային վիճծառայության աշխատակիցները, դիտարկելով իրենց արձանագրած սպառողական գների ինդեքսը (ընդ որում՝  զուտ պաշտոնական ֆոնի վրա), եկել էին այն եզրակացության, որ նվազագույն կենսապահովման զամբյուղի համար պետք է 40 234 դրամ, այսինքն՝ մեր նվազագույն աշխատավարձից անհամեմատ ավելի շատ գումար, ապա այս տարվա հունվարին պաշտոնապես արձանագրված գնաճից արդեն պարզ երեւում է, որ այդ զամբյուղի մեջ հազիվ կմտնեն ընդամենը 1-2 ապրանքատեսակներ՝ հացը, աղն ու ջուրը:
Այսպես, ըստ Վիճծառայության տվյալների, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, այս տարվա հունվարին թանկացել է գրեթե ամեն ինչ՝ ատամի մածուկից, զուգարանի թղթից ու օճառից սկսած՝ մինչեւ բրինձն ու ոսպը, հագուստն ու ծառայությունները: Չի թանկացել միայն գազարը, լուցկին, ծամոնը, «Հայ կոլայի» հյութերը եւ նման հատուկենտ ապրանքներ: Ընդ որում, նշենք, որ նախորդ տարվա հունվարն իր գնաճային ճնշումներով նույնպես շատ ծանր ամիս էր, եւ մարդիկ այսպես թե այնպես հազիվ ծայրը ծայրին էին հասցնում: Եվ եթե մայրաքաղաքի բնակիչները, որոնք քիչ թե շատ աշխատանք ունեն, մի կերպ իրենց գոյությունը պահպանում են, դեռ չեն կարողանում մարսել հանրապետությունում ստեղծված բարձր գնաճը, ապա պատկերացնել է պետք, թե քանի «նիսյայի տետր» են լրացրել մարզերում, որտեղ, ըստ Վիճծառայության հաշվարկների, գնաճն ավելի մեծ է: Եթե 1 կգ լոբին Երեւանում 1051 դրամ է, ապա Կապանում 1500 դրամ է, Հրազդանում, Չարենցավանում՝ 1348 դրամ: Հավի բդի 1 կգ-ը Երեւանում հունվարին միջինը եղել է 796 դրամ, մարզերում՝ 850, 870 դրամ: 1600 դրամանոց նրբերշիկը Կապանում վաճառվել է 1800 դրամով: Տղամարդու 1 զույգ հասարակ գուլպան, որը Երեւանում 380 դրամ է, Մարտունիում, Կապանում 500 դրամ է եղել միջինը: Կանանց զուգագուլպաները, անդրավարտիքը եւ ընդհանրապես հագուստը մարզերում ավելի թանկ է եղել: Սովորական երեսսրբիչը, որը մայրաքաղաքում վաճառվում է 1100 դրամի շրջանակներում, Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում ու Հրազդանում 1800-2200 դրամ է եղել: Եթե նույնիսկ հայ կանայք, որոնք կարող էին օժիտում սրբիչներ, սավաններ, գուլպաներ ու վարտիքներ ունենալ, խուսափեն դրանց համար գումար ծախսելուց եւ շատ հարցերում խնայողություններ անեն, մասնավորապես, զուգարանի թղթի փոխարեն անպետք տետրի թղթեր ճմռթեն, լվացքի փոշու եւ շամպունի փոխարեն սեւ օճառ գնեն, էլեկտրաէներգիա ծախսելու փոխարեն 60 դրամանոց մոմ գնեն, կան բաներ, որոնց ծախսերից խուսափել չեն կարող:
Ինչպես ցույց են տալիս Վիճծառայության մասնագետների ուսումնասիրությունները, այսօր արդեն բավականին թանկ հաճույք են տարրական առողջական խնդիրներ լուծելը, որոնք հետաձգման ենթակա չեն: Եթե յոդն ու բամբակը մարդիկ դժվարանում են գնել, ապա տանը «անալգինի» պես մեկ-երկու ցավազրկող դեղամիջոց ունենալն իսկապես «ճոխություն» է՝ հաշվի առնելով ներկայիս գնաճը: Կյանքն առաջ է գնում, եւ մենք 21-րդ դարում չենք կարող անցնել միմյանց հետ նամակագրական կապին, բայց բջջային կապի 1 րոպեի համար մարդը ստիպված է ծախսել՝ իր սնվելու եւ անհրաժեշտ կալորիականությունը ստանալու հաշվին: Ի վերջո, մարդ է, մի օր ատամը կարող է ցավել, մի օր կարող է ցանկություն առաջանալ անձնական հիգիենային հետեւել ու սափրվել, բայց, փաստորեն, այսօրվա գներին նայելով՝ նվազագույն եւ նույնիսկ միջին աշխատավարձ ստացող մարդը պետք է ատամնաբուժարանի, սափրվելու, լողանալու, հագնվելու մասին մոռանա: Մենք դեռ չենք խոսում երեխայի տակդիրի կամ գրիչ-տետրի, դպրոցական պարագաների մասին, խոսում ենք միայնակ, իր աշխատավարձով ապրող մարդու մասին, որն այս աշխարհում, իր գլուխը պահելուց բացի՝ ուրիշ դարդ չունի: Իսկ եթե այդ՝ միջին աշխատավարձով ապրող մարդը ուզենա ամուսնանալ, երեխա կամ երեխաներ ունենալ, սա նշանակում է, որ այդ մարդու ընտանիքը պետք է մատնվի սովի:
Այս աշխատավարձով եւ այս գներով՝ մեր կառավարությունը մտադիր է բարելավել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, լուծել երկրի ժողովրդագրական խնդիրները, վերացնել աղքատությունը: Այդքան ծանր խնդիրներ լուծելու փոխարեն, ամենայն հավանականությամբ, պետք է պարզապես առողջապահության մասնագետներին խնդրել, որ վերահաշվարկ կատարեն ու Հայաստանում նվազագույն կենսապահովման զամբյուղի համար անհրաժեշտ կալորիականության ընդունման թիվը դարձնեն 0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել