Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՃՇՏՈՎ» ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ

Փետրվար 12,2011 00:00

\"\"Արմավիրի քաղաքապետի հնարավոր թեկնածուներին խորհուրդ է տալիս Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը:

«Արմավիրը նախընտրական թոհուբոհում չէ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետը բարձրաձայնեց Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը՝ վերապահում հայտնելով «Երեք տարի անց» («Առավոտ», 10.02.20.11) հրապարակման առիթով, որտեղ անդրադարձել էինք Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացներին: Եվ քանի որ մարտի 20-ին այս քաղաքում տեղական ինքնակառավարման հերթական ընտրություններն են, անդրադարձել էինք նաեւ առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող հնարավոր թեկնածուներին, այդ առիթով շրջանառվող լուրերին եւ քաղաքի ու նրա բնակիչների՝ արդեն տասնամյակների պատմություն ունեցող խնդիրներին: Զարմանալիորեն «Առավոտի» հրապարակմանն առաջինն արձագանքեց փոխմարզպետ, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը, ով նախորդ ընտրություններում ՀՀԿ-ական գործող քաղաքապետի մրցակիցն էր: Զարմանալիորեն, քանի որ հոդվածում արծարծված խնդիրներն ի պաշտոնե առնչվում էին հենց գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Վերջինս իր պաշտոնավարման երկրորդ շրջանի ավարտին ոչ միայն ինչ-որ կերպ չի հաջողել փոքր-ինչ թեթեւացնել իր համաքաղաքացիների հոգսերը, այլեւ եղածներին այդ ընթացքում ավելացել են նորերը:
Փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը հակադարձելով «Առավոտի» հրապարակմանը՝ երեկ համոզում էր, որ Արմավիրում՝ ի տարբերություն նախորդ տարիներին եղած ընտրությունների, լարվածություն ընդհանրապես չկա: Ավելին, այդ իրավիճակը նույնիսկ արմավիրցիներին է զարմանալի թվում, ու քանի որ հերթական ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց դեռ անգամ թեկնածուների առումով հստակություն չկա, արմավիրցիներն էլ են ապակողմնորոշված ու սպասողական վիճակում: «Առավոտի» նախորդ հրապարակման մեջ տեղ գտած իր կենսագրությանը եւ գործունեությանը վերաբերող փաստերին անդրադառնալով՝ պարոն Աղաբաբյանը հաստատեց, որ ընտրությունների մասնակցության հարուստ փորձ ունի. «Մի քանի անգամ առաջադրվել եմ եւ ԱԺ պատգամավորության, եւ քաղաքապետի թեկնածու եւ հիմա չեմ վախենա ասել, որ բոլոր ընտրություններում էլ հաղթել եմ»: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ խոսվում էր այն մասին, որ Արայիկ Աղաբաբյանին «հավերժ թեկնածու» պիտակն են կպցրել: Նա անգամ հիշեցրեց մի դրվագ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից, որտեղ նրա մրցակիցը ՕԵԿ-ցի Մեխակ Մխիթարյանն էր: Քվեաթերթիկներն արդեն հաշվված էին, արձանագրությունները՝ կազմված, պարկերում տեղավորված ու զմռսված՝ Սարդարապատ գյուղի երեք տեղամասերից դիմակավորված եւ զինված անձինք պարկերը գողացան: Դրանք առավոտյան նոր հայտնաբերվեցին: «Այն, որ ես հաղթել էի, փաստ էր, եւ դա բոլորը գիտեին: Իսկ այդ դեպքը կատարվեց միջազգային դիտորդների ներկայությամբ, եւ դա խայտառակություն էր, բիծ՝ մեր հանրապետության եւ ընտրական համակարգի վրա»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքում խախտումների առատության պատճառով ընտրությունները անվավեր ճանաչվեցին, նոր ընտրություններ նշանակվեցին: Ավտովթարի պատճառով Արայիկ Աղաբաբյանն այդ ընտրություններին չմասնակցեց:
Հոդվածում նաեւ նկատել էինք, որ տարբեր ժամանակաշրջաններում Արայիկ Աղաբաբյանն ապավինել է տարբեր կուսակցությունների: Այս առիթով մեր զրուցակիցը նկատեց. «Ոչ, հակառակն է: Տարբեր ընտրությունների ժամանակ շատ քաղաքական ուժեր իմ կողմն են եղել եւ ինձ են պաշտպանել: Դա արդյունք է տարիներ շարունակ՝ 1988-ից առայսօր իմ կատարած աշխատանքների: Մարդիկ, ընտրողները՝ ինձ ճանաչելով, սատար են կանգնել ինձ, եւ ես իրենցից միշտ շնորհակալ եմ եղել: Ես երբեք դա չեմ հերքել. 1988-ից եղել եմ «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ ու մինչեւ «Բարգավաճ Հայաստանին» անդամագրվելն այլ կուսակցություն չեմ ներկայացրել: Անկախ իմ կուսակցական կարգավիճակից՝ տարբեր ընտրություններում շատ քաղաքական ուժեր ու հասարակական կազմակերպություններ ինձ աջակցել են»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հաջողել բոլորի հետ լեզու գտնել. «Լեզու գտնել չի, փոխադարձ հարաբերություններ կան, մարդիկ ճանաչում են, աշխատանքն ու մարդկանց հետ շփումներն են գնահատել: Տարիների աշխատանքի արդյունք է, ուրիշ բան մի փնտրեք: Նույնն էլ ժողովրդի հետ հարաբերություններում. ես ժողովրդից ծնված գործիչ եմ, միշտ ժողովրդի համար եմ եղել, ժողովուրդն էլ իմ կողքին է եղել տարիներ շարունակ: Չեմ կասկածում, որ առաջիկայում էլ այդպես կլինի»:
Արայիկ Աղաբաբյանը նաեւ ասաց, որ քաղաքապետի առաջիկա ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելը դեռ չի որոշել. «Չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, առայժմ չեմ որոշել: Մինչեւ այսօր ոչ մեկի հետ այդ թեման չեմ քննարկել: Իմ գործունեության ընթացքում ես չեմ առաջնորդվել ոչ անձնական, ոչ խմբակային շահերով: Իմ ընտրողները հարմար կգտնեն՝ կառաջադրվեմ, չէ՝ չեմ առաջադրվի»: Ասաց, որ կուսակցության նախագահի հետ էլ չի խոսել այդ թեմայի շուրջ. «Իմ այնտեղ լինել-չլինելը ես չեմ կարեւորում, թող ընտրությունները մաքուր կազմակերպվեն, եւ հաղթողն էլ արդար հաղթի»: Ասաց, որ միանշանակ չընդունենք շրջանառվող լուրերը, մասնավորաբար, ԱԺ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի՝ Սերոբ Գասպարյանի հնարավոր առաջադրման մասով: Հնարավոր թեկնածուների մասին հրաժարվեց խոսել: Միայն ասաց, որ բոլորն էլ իրար ճանաչում են, թող յուրաքանչյուրն իր «ճշտով առաջնորդվի»: Հետաքրքրվեցինք՝ փոխմարզպետի պաշտոնում երբեւէ փորձե՞լ է որեւէ կերպ նպաստել մարզկենտրոն Արմավիրի զարգացմանը: Ասաց, որ գոյություն ունի նման պետական ծրագիր, որին մասնակցություն բոլորն էլ ունենում են, բացի այդ, նաեւ նման մասնավոր ծրագրեր կան: Դատելով մարզկենտրոնի անգամ արտաքին թշվառ վիճակից՝ գոյություն ունեցող ծրագրերը, մեղմ ասած, արդյունք չեն տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել