Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպանության փորձ ոստիկանության շենքում

Փետրվար 12,2011 00:00

Երեկ երեկոյան Աբովյան քաղաքի ոստիկանության  Կոտայքի քննչական բաժանմունքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ էին հավաքվել՝  ոստիկանության շենքում տեղի ունեցած սպանության չհաջողված փորձի հետ կապված:
Երեկ, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի 4-րդ հարկում ավագ քննիչ Մանուկ Կիրակոսյանի թիվ 406 աշխատասենյակում Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 28 շենքի 30  բնակարանի բնակիչ Վլադիկ Խաչատրյանը փորձել է դիտավորյալ ապօրինաբար կյանքից զրկել քաղաքացի Սերգեյ Թադեւոսյանին:
Քննիչի աշխատասենյակ Վլադիկ Խաչատրյանն իր հետ թաքուն դանակ է անցկացրել, եւ երբ քննիչի աշխատասենյակ են բերել Սերգեյ Թադեւոսյանին, նա փորձել է հարվածներ հասցնել նրան: Բարեբախտաբար, նրա հարձակումը կարողացել են կանխել աշխատասենյակում գտնվող ավագ քննիչ Մանուկ Կիրակոսյանն ու նույն բաժանմունքի քննիչ Լեւոն Գրիգորյանը: Քննիչներին օգնության են հասել Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, եւ հաջողվել է կրքերը հանդարտեցնել: Սակայն մի քանի րոպե անց Վլ. Խաչատրյանը նորից հարձակվել է Ս. Թադեւոսյանի վրա, բռունցքներով հարվածել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի հանձնարարությամբ անմիջապես հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):
Նախաքննությունը կատարում է Կոտայքի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչը: Այս  պահին Վլադիկ Խաչատրյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է Կոտայքի մարզի ձերբակալվածների պահման վայր: Իսկ Ս. Թադեւոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել