Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ

Փետրվար 12,2011 00:00

\"\"Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել հենց հիմա՝ նախագահական ընտրություններից երկու տարի առաջ հստակեցնել՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը 2013-ին պաշտպանելո՞ւ են իր թեկնածությունը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը իշխող կոալիցիայի անդամներին համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել: Այդ լուրն օրերս հաստատել էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, կոալիցիայի անդամ կուսակցությունները պետք է քննարկեն եւ իրենց տեսակետը հայտնեն մասնավորապես հետագա համագործակցության վերաբերյալ՝ նաեւ առաջիկա երկու՝ 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Այլ կերպ ասած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած ՀՀԿ-ն ուզում են էս գլխից համոզված լինել, որ կոալիցիայից «թռնող» կուսակցություններ չեն լինելու: Այն, որ նման մտահոգությունը արդարացված է՝ հուշում է դեռ անցյալ տարվանից սկսված եւ որոշակիորեն նաեւ հրապարակային դրսեւորումներ ստացած ՀՀԿ-ԲՀԿ գզվռտոցը: Պատահական չէ, թերեւս, որ մինչեւ հիմա էլ ՀՀԿ-ի համար հստակ չէ կոալիցիայի անդամներից միայն ԲՀԿ-ի որդեգրելիք դիրքորոշումը խորհրդարանական եւ նախագահական սպասվող ընտրությունների համատեքստում: Ահավասիկ, որ իրավիճակը հենց այդպիսին է, երեկ խոստովանել է նաեւ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, որի ասելով,
քաղաքական որոշ ուժեր արդեն որոշակիացրել են իրենց դիրքորոշումները, մյուսները դեռ լռում են. «Հասել է ժամանակը, որ բոլորը հստակ հայտարարեն իրենց դիրքորոշումների վերաբերյալ այս կամ այն հարցում»:
Թե ինչո՞ւ է հիմա այդ դիրքորոշումը հստակեցնելու ու առավել եւս՝ մի նոր «օբիզալովկա»-հուշագիր ստորագրելու կամ խոստումներ կորզելու անհրաժեշտություն առաջացել՝ այնքան էլ հստակ չէ: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն ուժերը դժվար թե մի թիմով՝ դաշինքով մասնակցեն, իսկ դրանից հետեւում է, որ՝ քանի դեռ պարզ չէ ապագա նոր խորհրդարանում ներկայացված ուժերի հարաբերակցությունը, ժամանակավրեպ է խոսել նաեւ 2012-ի համար էս գլխից հուշագիր ստորագրելու մասին: Առավել տարօրինակն այն է, որ ՀՀԿ-ն փորձում է կոալիցիոն իր գործընկերների դիրքորոշումը ի մի բերել նաեւ նախագահական ընտրությունների համատեքստում: Ու քանի որ ՕԵԿ-ն արդեն հայտարարել է 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, պետք է ենթադրել, որ այս ամբողջ պատմությունը հատկապես ԲՀԿ-ին պատին դեմ տալու եւ նրա դիրքորոշումը ճշտելու նպատակ ունի: Ս. Սարգսյանը, թերեւս, ուզում է համոզված լինել, որ ԲՀԿ-ն, որի անունը ավելի հաճախ շոշափվում է որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից ուժ, անակնկալ չի մատուցի եւ կպաշտպանի հատկապես իր՝ Ս. Սարգսյանի թեկնածությունը:
Որ այս վերջին տարբերակը միանգամայն տրամաբանական է, երեկ «Առավոտի» հետ զրույցում համաձայնեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Դա ակնհայտ է: Սերժ Սարգսյանն այսօր իրեն շատ խոցելի է զգում, որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, եւ նա էլ ժողովրդավարական ընտրարշավով չէ, որ մասնակցելու է ընտրություններին: Ու քանի որ այսօր, բացի պետական լծակներից, ինքը ոչինչ չունի հասարակության վստահությունն ու քվեն ստանալու համար, ուստի՝ 2013-ի ընտրություններում սեփական հաղթանակն ապահովելու նրա միակ միջոցը այսօրվանից իր թիմակիցների բանակը սպառնալիքներով, կաշառելով, այլ միջոցներով ամրապնդելն է: Ու բնական է, որ նա դա պիտի անի այն ժամանակ, քանի դեռ այդ հնարավորությունները՝ կաշառելու, սպառնալու, շանտաժի ենթարկելու, կան իր ձեռքի տակ»:
Կարծում եք՝ դա հուսալի՞ մարտավարություն է: Ի պատասխան մեր այս հարցին, Լ. Զուրաբյանը նկատեց, թե Ս. Սարգսյանն ուրիշ մարտավարություն չունի էլ. «Նա չի կարող հույսը դնել իր հմայքի, խարիզմայի, ինտելեկտի եւ հռետորական կարողությունների ու հասարակության վստահության վրա, որովհետեւ դրանցից ոչ մեկը նա պարզապես չունի»:
Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ կոալիցիոն գործընկերներին իրար գլխի հավաքելու եւ «խորաթա» անելու անհրաժեշտությունն առաջացավ հատկապես ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հայտարարությունից հետո, երբ վերջինս, բացի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին իր թեւի տակ առնելուց ու պաշտպանելուց, հիշեցրեց նաեւ, որ ՀՀԿ-ի ցուցակները պարտադիր կերպով եւ մշտապես իր հետ են համաձայնեցվել: Արդյոք Ս. Սարգսյանի ակնկալիքը ԲՀԿ-ից այն չէ՞, որ նա «տղամարդավարի» հայտարարի, որ 2013-ին պաշտպանելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը եւ ոչ թե օրինակ՝ Ռ. Քոչարյանի:
«Բնականաբար, հենց դա է փորձում անել: Խնդիրը հենց այն է, որ դա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ «պախանության» համար պայքար է՝ բանդայի ներսում»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը: ՀԱԿ ներկայացուցչի դիտարկմամբ, ԲՀԿ-ՀՀԿ լուրջ պայքար՝ գաղափարական, չկա: «Պայքար կա ռեժիմի ներսում՝ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ: Նրանք պայքարում են մի բանի համար. թե կոալիցիոն ուժերն այդ երկուսից ո՞ր մեկին են պաշտպանում, եւ այդ մարդիկ ումի՞ց ավելի շատ պետք է վախենան»,- ասաց Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանը:
«Առավոտի» հարցադրումներին ու դիտարկումներին անդրադառնալով՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ խնդիրն ամենեւին էլ այն չէ, թե ինչու են կոալիցիոն ուժերը քննարկում ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման խնդիրը. «Հարցն այն է, թե ինչո՞ւ է դա հատկապես այսօր արվում: Ես էլ եմ կարծում, որ ներիշխանական շատ հստակ ճգնաժամ կա, եւ այն բոլոր առաջարկները՝ կողմնորոշվելու վերաբերյալ, որ արվում են՝ ընդամենը դրա ախտանշաններն են, որոնք հուշում են, որ կոալիցիայի ներսում երկրում ընդհանրապես լուրջ խնդիրներ գոյություն ունեն: Թե հատկապես ի՞նչ խնդիրներ՝ դժվար է հստակ ասել: Դրանք կարող են տարբեր լինել, բայց նախ՝ պետք է պարզել, թե ի՞նչ է կատարվում այսօր»: Մ. Սարգսյանը փորձեց ենթադրել, որ դրա պատճառը կուտակվող ներքին՝ խորացող սոցիալական, քաղաքական խնդիրներն են, արտաքին ճնշումները, նաեւ՝ եգիպտական հեղափոխության՝ Հայաստանում հնարավոր արձագանքի նկատմամբ երկյուղը. «Ես չգիտեմ, բայց, գուցե, հենց դրանք են ստիպել Սերժ Սարգսյանին դրա մասին մտածել: Եթե Սերժ Սարգսյանն այսօր խոսում է նախագահական ընտրություններում կոալիցիոն ուժերի դիրքորոշման հստակեցման մասին, ապա պետք է մտածել, թե նախագահի հետ ինչ է կատարվում»: Փորձագետը կարծիք հայտնեց, թե ինչ-որ մի այլ ճգնաժամային վիճակ է ստեղծվել Հայաստանում, որն անհանգստացրել է Ս. Սարգսյանին, եւ «որի պատճառով այսօր այս թոհուբոհը սկսվեց»: «Ինչ-որ բան է կատարվել, որ բոլորը խառնվել են իրար: Տեսակետներ եւ մեկնաբանություններ կարող են շատ լինել: Հնարավոր է, որ Հայաստանում սոցիալական բողոքի բարձրացող ալիքն է ստիպում նրանց միավորվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա նրանց ոչ թե միավորում է, այլ այդ վիճակը նրանցից յուրաքանչյուրը փորձում է օգտագործել իր շահերից ելնելով՝ իր դիրքերն ամրապնդելու եւ պահանջներ ներկայացնելու համար»,- եզրակացրեց Մանվել Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել