Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՈ՝ ԿՊԱՇՏՊԱՆԻ, ԱՅՈ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Փետրվար 12,2011 00:00

\"\"ԲՀԿ-ն խորհուրդ տվեց սպասել իր այսօր կայանալիք համագումարին

Անկեղծ ասած, բացարձակապես հակված չէի դարձյալ գրել ԲՀԿ-ՀՀԿ խնդիրների շուրջ, սակայն երեկ խորհրդարանական հերթական ճեպազրույցում դա կրկին թիվ մեկ թեմա դարձավ եւ գլխավորեց քաղաքական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը:
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը առանց ավելորդ դժվարությունների հայտարարեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիոն ուժերին միասնական հայտարարության տեքստ է առաջարկել։ Տիկին Բիշարյանի ներկայացմամբ, դա ոչ թե հավերժ միասին լինելու առաջարկ է,այլ՝ «առաջիկա աշխատանքների հետ կապված միասնական, որը չի նշանակում՝ միասին լինել հավերժ, այլ բոլոր կոալիցիոն ուժերն առանձին-առանձին առաջ գնալով, բայց՝ միասնական քաղաքականության շրջանակներում»։
Ըստ տիկին Բիշարյանի, հաջորդ կետը վերաբերում է 2013 թվի նախագահական ընտրություններին. «Այո՝ պաշտպանելու է, այո՝ գործող նախագահին։ Ես կարծում եմ՝ շատ պարզ հայտարարություն է սա, եւ նրանք, ովքեր որդեգրել են սկզբունքներ՝ գնալու այս ճանապարհով, պարզապես պարտավոր են այդ մասին ասել։ Իսկ նրանք, ովքեր չունեն կոնկրետ որոշումներ կամ չեն ուզում հստակեցնել իրենց այդ ճանապարհը, ունեն այլ խնդիրներ, դա իրե՛նց խնդիրն է,- հայտարարեց Հեղինե Բիշարյանը։ Պատգամավորի ներկայացմամբ, հայտարարության առաջին կետը ամրագրում է, որ կոալիցիոն ուժերը չփորձեն մեկը մյուսի հաշվին «դիվիդենդներ» հավաքել: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն իր հերթին հոգու պարտք համարեց հայտարարել այն մասին, որ տրված ժամանակը սպառվում է, եւ տեքստին կանդրադառնան կոալիցիոն ուժերը, եւ տեղի կունենա կոալիցիայի նիստ։ Ի դեպ, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փորձեց համոզել, թե ինքը տեղյակ չէ երեկ հրավիրված (արդեն դա կատարված փաստ է- Մ. Ե.) կոալիցիոն նիստի մասին. «Այսօրվա եղելություններից որեւէ տեղեկություն չունեմ, առավել եւս, եթե որեւէ բան լինի, քննարկումների ինչ-որ արդյունքներ լինեն, կարծում եմ, որ, բնականաբար, կհրապարակենք»,- համեստորեն խոստովանեց պարոն Սահակյանը: Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե ՕԵԿ-ը ամեն ինչ ասաց, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ուրեմն ինֆորմացված են, տեղեկություն ունեն, ես հետախույզ չեմ, որ մտածեմ, թե որտեղ ինչ է տեղի ունենում, եթե խնդիրներ են առաջացել, բնականաբար, ժամանակը կգա, կպատասխանենք կամ ես, կամ մեզանից որեւէ մեկը»:
Շարունակելով ԲՀԿ-ՀՀԿ թեման՝ լրագրողները իզուր էին փորձում պատասխաններ կորզել: Հարցին՝ եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, արդյոք կառաջանա՞ ներքաղաքական ճգնաժամ, պարոն Սահակյանը պատասխանեց խորհրդով. «Այդքան մեծ ուշադրություն մի դարձրեք այդ կուսակցությունների վրա: Կուսակցությունները ժամանակավոր բան են, ազգն է հարատեւ»:
Դաշնակցությունը իր հերթին կտրուկ պատասխան տվեց հետեւյալ հարցին՝ հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը մինչեւ հաջորդ ընտրություններ կոալիցիա կազմի կամ թեկուզ համատեղ հայտարարությամբ հանդես գա այսօրվա կոալիցիոն ուժերի հետ: Արծվիկ Մինասյանը ասաց. «Այդ հարցին արդեն պատասխան եղել է՝ ոչ, բացառվում է, դրա վերաբերյալ կա նաեւ ՀՅԴ ժողովի որոշումը, որ չի լինելու որեւէ կոալիցիոն համաձայնություն, որեւէ կոալիցիոն համաձայնագիր ներկա իշխանությունների հետ»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ իսկ եթե 2012-ին եւս մեծամասնություն կազմեն այսօրվա իշխող քաղաքական ուժերը եւ իրենց մեջ հրավիրեն Դաշնակցությանը, դարձյա՞լ կմերժեն, Արտյուշա Շահբազյանը ասաց, թե հույս ունեն, որ «կստեղծվի հնարավորություն, երբ ուրիշները կուզեն որպես կոալիցիոն գործընկերներ միանալ մեզ, ուզում ենք աշխատել այդ ուղղությամբ»։
Ավելի ուշ ես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին փոխանցեցի դաշնակցականների այս պատասխանը: Եվ պարոն Սահակյանը սահակյանաբար ասաց. «Իրենք ընդամենը հույս են հայտնել, ես հաղորդում եմ լույս եւ ջերմություն»:

Հ. Գ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը երեկ չմասնակցեց ճեպազրույցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել