Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակրոնության վերացման դեմ

Փետրվար 11,2011 00:00

Վատիկանը պաշտոնապես արտահայտվել է կաթոլիկ հոգեւոր դասի կուսակրոնության վերացման դեմ: Կոնգրեգացիայի՝ հոգեւորականների հարցերով պրեֆեկտ կարդինալ Մաուրո Պյաչենցան արտահայտել է Սուրբ աթոռի դիրքորոշումը եւ հայտնել, որ կուսակրոնությունը պայմանավորված է հենց հոգեւոր կյանքի բուն էությամբ: Կարդինալը հիշատակել է Պիոս XII պապի՝ 1954թ. մարտի 25-ի կոնդակը, որը հստակեցնում է հոգեւոր դասի պարտադիր կուսակրոնության մասին դրույթը եւ կուսակրոնությունը համարում «Քրիստոսին հետեւելու լավագույն միջոցը»: Խոսելով ամուրիության՝ հոգեւոր ծառայության էության հետ կապի մասին, կարդինալը մեջբերում է արել կոնդակից. «Քրիստոսի կերպարը հանդիսացող հոգեւորականը պետք է պահպանի կատարյալ անարատություն, ինչպես իր աստվածային ուսուցիչը, ով պահպանեց կուսությունը մինչեւ մահ:

Կարդինալը շեշտել է այդ տեքստի հրատապությունն այսօր եւ կոչ է արել հոգեւոր ծառայությանը նվիրվելու մտադիր մարդկանց՝ սթափ վերաբերվել վերջնական որոշման ընդունմանը:

Կուսակրոնությունը կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների համար պարտադիր է դարձել միայն XI դարում, Գրիգորիոս VII պապի օրոք: Համաձայն ներկայումս գործող կանոնական իրավունքի օրենսգրքի՝ հոգեւորականի ամուսնությունը հանգեցնում է հոգեւոր աստիճանի կորստյան եւ եկեղեցուց վտարման: Քրիստոնեության առաջին դարերում ամուսնացյալ հոգեւորականների արգելք չի եղել: Կաթոլիկ եկեղեցու սպասավորների կուսակրոնության մասին օրենքի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի տասնամյակ: Վատիկանի երկրորդ ժողովը հաստատել է ամուսնացյալ սարկավագության մասին դրույթը: Ներկայումս միայն մշտական սարկավագներն իրավունք ունեն ընտանիք ստեղծել: Վերջերս վեճերը սաստկացել են գերմանացի հոգեւորականների՝ կուսակրոնության մասին օրենքի դեմ ելույթների եւ մի խումբ կաթոլիկ ակտիվիստների կողմից հրապարակված «Aktionskreis Regensburg» (AKR) փաստաթղթի պատճառով: Համաձայն այդ փաստաթղթի՝ 40 տարի առաջ մի շարք գերմանացի եպիսկոպոսներ, նրանց թվում Յոզեֆ Ռատցինգերը՝ ապագա Հռոմի պապը, կոչ են արել վերացնել կուսակրոնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել