Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ Է ԶՈՔԱՆՉԻ «ՔԱՐԸ ԾԱՆՐ»

Փետրվար 11,2011 00:00

Զոքանչ-փեսա հակամարտությունները՝ մեր օրերում

Ասում են՝ հայ տղամարդիկ դեմ են բազմակնությանը միայն մի պատճառով, որ չեն կարողանալու այդքան զոքանչների բեռի տակից դուրս գալ: Թե ինչու են զոքանչի ձվածեղ կերած փեսաներն այդպես վերաբերվում իրենց զոքանչ մայրիկին՝ պարզ չէ, բայց փեսա-զոքանչ հարաբերությունների մասին ամենից լավ խոսում են անեկդոտները. Զոքանչը գնում է իր աղջկա տուն, փեսան հարցնում է՝ մա՛մ, մինչեւ ե՞րբ ես մնալու, զոքանչը պատասխանում է՝ մինչեւ ձեզ զզվացնե՜մ, երեխե՛ք ջան, փեսան միանգամից կողմնորոշվում է՝ փաստորեն, մի հատ կոֆե էլ չես խմելո՞ւ: Թե ինչու են զոքանչները այդքան շուտ զզվեցնում փեսաներին եւ, առհասարակ, ինչու են փեսաներն այդքան «վառված» իրենց մասին ամենաշատը մտածող զոքանչներից, դժվար է ասել, բայց մի բան միանշանակ է, զոքանչներին չեն սիրում ոչ միայն հայ, այլեւ այլ երկրների փեսաները: Այդ է պատճառը, որ վերջերս Լոնդոնի Barnet շրջանի Գլխավոր խորհուրդը պաշտոնյաներին զգուշացրել է զոքանչի մասին կատակներ չանել: Խորհրդի ներկայացուցիչները զոքանչի մասին հումորներ անել մասնավորապես արգելել են հենց պաշտոնյաներին: Բրիտանական այդ փաստաթղթում ընդունված որոշումը հիմնավորվում է նրանով, որ անեկդոտները կարող են հաճախ հնչել որպես վիրավորանք: Հաշվի առնելով, որ զոքանչների մասին մեր հայկական անեկդոտները նույնպես շատ վիրավորական են, մեր քաղաքական գործիչներից հետաքրքրվեցինք, թե իրենք ինչպե՞ս են վերաբերվում սեփական զոքանչին եւ եթե այդ փաստաթուղթը Հայաստանում էլ ընդունեն, տուգանվող պաշտոնյաները շա՞տ կլինեն:

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չցանկացավ «զոքանչի պես անլուրջ թեմաներից» խոսել ու զոքանչի անունը լսելուն պես հեռախոսն անջատեց՝ ասելով, որ այդ մասին չի ուզում խոսել:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին բախտ չի վիճակվել իր զոքանչի հետ ծանոթանալ, քանի որ երբ ամուսնացել է, զոքանչն արդեն մահացած է եղել. «Իմ կինը 5-րդ դասարանում է եղել, երբ մայրը մահացել է, բայց ես նկարներն եմ տեսել՝ շատ սիրուն, հաճելի կին է եղել: Վստահ եմ, որ ես այնքա՜ն լավ փեսա կլինեի»: Մեր հարցին՝ ձեր տղան իր զոքանչին ինչպե՞ս է վերաբերվում, պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Շատ հարգանքով: Մեր տանն այսպես է. եթե կինն իր աղջկան բերել է նրա համար՝ լավն է, թե վատն է, փեսան պետք է նրան հարգի»: Թե ինչու են ընդհանրապես հայ փեսաները զոքանչներին վատ ընդունում՝ ըստ պարոն Դալլաքյանի, պատճառն այն է, որ թյուրըմբռնում կա, թե զոքանչները միջամտում են փեսա-աղջիկ հարաբերություններին, ընտանեկան գործերին. «Իհարկե, նման երեւույթ կա, բայց չէ՞ որ ոչ մի մայր իր աղջկան վատ բան չի ցանկանում, նա պարզապես անհանգստանում է իր աղջկա ու նրա ընտանիքի համար, միգուցե չափից շատ է մտածում իր աղջկա բախտի ու ճակատագրի մասին, բայց դա բնական է: Կարո՞ղ է մայրն ուզենա, որ իր աղջիկն այդ ընտանիքում պրոբլեմներ ունենա. իհարկե՝ ոչ: Բնականաբար, կան մայրեր, որոնք փորձում են աղջկա ընտանիքին կարգուկանոն կամ իրենց կանոնները թելադրել, որը ես համարում եմ սխալ երեւույթ: Ինչպես չի կարելի որեւէ պետություն այլ պետության ներքին գործերին միջամտի, այնպես էլ զոքանչները չպետք է խառնվեն ուրիշ ընտանիքի գործերի մեջ, նա կարող է միայն աջակցել կամ խորհուրդներ տալ չափի մեջ եւ փեսա-զոքանչ հարաբերություններն էլ մաքսիմում այդ դաշտում պետք է լինեն»:

Իհարկե, ոչ բոլոր փեսաներն են, որ պարոն Դալլաքյանի պես են մտածում, եւ ոչ բոլոր զոքանչներն են, որ իսկապես չեն խառնվում աղջկա ընտանիքի գործերին: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին, ոստիկանության տվյալներով, բազմաթիվ ահազանգեր ու դեպքեր են եղել, երբ փեսան ծեծել է զոքանչին, փորձել է նրան սպանել կամ կրակել է զոքանչի աչքին: Վերջերս Վարդենիսում մի հայտնի դեպք եղավ, երբ զոքանչն այնքան էր փեսայի նյարդերը կրծել, որ վերջինս բարկացած մտել էր զոքանչի տուն ու փորձել բենզինը լցնել նրա վրա ու վառել: Հարեւանների ներկայությամբ պոլիէթիլենային շշում լցված բենզինը լցրել է զոքանչի գլխին եւ հագուստին, շաղ տվել բնակարանում, բայց ձեռքը գրպանը տանելով՝ չէր հասցրել լուցկի կամ կրակայրիչ հանել, որ կպցներ: Արդյունքում՝ 45-ամյա Օֆելյա անունով զոքանչը դիմել էր ոստիկանություն ու «բռնել էր տվել» փեսային:

Մի քանի տարի առաջ էլ Խանջյան փողոցում՝ «2 x 2» սրճարանի մոտ, մի քիչ գինովցած փեսան դարձյալ զոքանչի հետ վիճաբանելուց հետո տարել-բերել ու զոքանչին գցել էր աքացիների տակ: Նրան լավ ծեծելուց հետո ոստիկանության աշխատակիցներին նոր միայն հաջողվել է փեսային բռնել ու բերման ենթարկել: Վերջում, ցուցմունք գրելուց հետո զոքանչը փառք է տվել Աստծուն, որ փեսայի ձեռքից էժան է պրծել, քանի որ վերջինիս գրպանում 10 սմ շեղբով գաղտնի փականով դանակ է եղել եւ կարող էր արդեն մորթազերծված լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել